ԱԺ փոխնախագահ, ՔՊ վարչության անդամ Ալեն Սիմոնյանն իր կուսակից Սասուն Միքայելյանի ասածի մեջ որեւէ ինտրիգ չի տեսնում:
Հիշեցնենք, այսօր լրագրողների հետ զրույցում Սասուն Միքայելյանը խոսել էր իշխող կուսակցությունում առկա ներքին խմորումների մասին եւ զգուշացրել` եթե դասեր չքաղվեն, թավշյա հեղափոխությունը կվերածվի թավշյա հեռացման: Ալեն Սիմոնյանը դասեր քաղելու մասով համաձայն է, բայց մնացածի մասով նկատում է. «Որոշողը քաղաքացին է, մնացածը ֆանտաստիկայի ոլորտից է, թե ինչպե՞ս`ժամանակը ցույց կտա: Պարոն Միքայելյանի ասածների մեջ ինտրիգ չկա: Թերություններ եղել են, դա անժխտելի է: Եղել է այն, ինչ եղել է, մենք հետեւություններ ենք արել: Որեւիցե խմորում չկա: ՔՊ-ում ներքին խնդիր չկա, պարոն Միքայելյանը ՔՊ-ի հիմնադիրներից մեկն է»:
Սասուն Միքայելյանը հայտարարել էր, որ ինքը կուսակցության վարչությունում չի ընտրվել ներկուսակցական խմորումների արդյունքում: Ալեն Սիմոնյանը պարզաբանում է`Սասուն Միքայելյանը կուսակցության վարչությունում չի ընտրվել մրցակցության արդյունքում, քանի որ ՔՊ-ն առողջ օրգանիզմ է:
Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի պարտության համար Ալեն Սիմոնյանն իր մեղքն էլ է խոստովանում, այն առումով, որ ժամանակ չի գտել անհատապես չի մասնակցել նախընտրական աշխատանքներին: Իսկ Սասուն Միքայելյանի այն կարծիքը, որ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գրիգորյանը լավ կադր է, Ալեն Սիմոնյանը համարում է Սասուն Միքայելյանի մասնավոր կարծիքը:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ