Դատախազության աշխատողի օրը եւ դատախազության կազմավորման 101-րդ տարեդարձն է այսօր: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հայտարարությանը, թե մարտի 1-ին դատախազությունում գործել է գաղտնի շտաբ: Նա առաջարկեց միասին շրջել դատախազության շենքով ու տեսնել՝ ի՞նչ գաղտնիության տեղ կա. «Շենքը չի փոխվել: Գաղտնի՝ հավանաբար նկատի ունեք, որ չեն իմացել, ոչ թե ծածուկ, հայտնի շենքային պայմաններ…ինձ այդպիսի տեղեկություններ հայտնի չեն: Որ պահին այդպիսի տեղեկություններ հայտնի դառնան, նրանք, ովքեր ձեր ասած պայմանական շտաբի կազմում դրսեւորել են հանցավոր վարքագիծ, կհամալրեն ձեզ հայտնի մարդկանց շարքը»:
Քանի որ պարոն Դավթյանն առաջարկեց շրջել դատախազությունում, մենք հարցրեցինք՝ կարո՞ղ ենք ձեր աշխատասենյակ գալ, մեր աչքով տեսնենք՝ ի՞նչ շքեղ պայմաններ են, շատ են խոսում: Ի պատասխան՝ Դավթյանն արձագանքեց. «Պա՛հ» ու հեռացավ:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, թե ինչպես է Արթուր Դավթյանը բավականին մեծ աշխատասենյակ իրենով արել, այնպիսի հարմարություններ է ստեղծել, որ վերելակով ուղիղ մտնի իր աշխատասենյակ, բյուջեի հաշվին առաստաղ է բարձրացրել եւ այլն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ