ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ դատախազության 101-ամյակի առթիվ հրավիրված հանդիսավոր նիստում
Մեծարգո վարչապետ
Հարգարժան հյուրեր
Հարգելի գործընկերներ
Կարդացեք նաև
Սիրելի՜ վետերաններ
Ուրախ եմ Ձեզ ողջունելու մեր համակարգի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող Դատախազության 101-ամյակի և Դատախազության աշխատակցի օրվա առթիվ մեր հարկի տակ գտնվելու և տոնը մեզ հետ կիսելու համար: Նոր հարյուրամյակում համակարգի տարեդարձ նշելու առաջին առիթն է սա, ինչը խորհրդանշում է հարյուրամյակի փորձառությամբ հարստացած, բայց և արդիական, նոր ժամանակների պահանջներին համարժեք համակարգ ունենալու իրողությունը: Այս առթիվ ուզում եմ սրտանց շնորհավորել բոլորիս՝ դատախազի, դատախազության աշխատակցի
պարտավորեցնող և հպարտության վսեմ զգացումներ առաջացնող կոչումն ունենալու համար:
Առաջին հերթին շնորհավորանքիս խոսքերն ուղղում եմ մեր սիրելի վետերաններին, որոնք համակարգի կենսունակության, մեր երկրում իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակին համահունչ շարունակում են ապրել իրենց հարազատ համակարգի առօրյայով, ուրախանալ ձեռքբերումներով, հոգեպես ու բարոյապես նեցուկ կանգնել, իրենց փորձն առաջարկելով նպաստել դժվարությունների հաղթահարմանը: Դա թանկ է մեզ համար: Շնորհակալություն Ձեզ՝ մեր պետության, համակարգի կայացման, ամրապնդման գործում ներդրած ավանդի համար:
Հարգելի՛ ներկաներ,
Նման մասնագիտական տոներին ընդունված է խոսել ձեռքբերումների մասին, գնահատել կատարած աշխատանքը, խոսել անելիքներից: Այդ համատեքստում կցանկանայի առավելապես շեշտադրումները կատարել այն արժեքների և առաջնահերթությունների վրա, որոնց հենքին կառուցում ենք այսօրվա և վաղվա
դատախազությունը:
Որպես չափազանց կարևոր ձեռքբերում՝ ուզում եմ առանձնացնել միասնական դատախազական համակարգի կայունությունը, իր սահմանադրական կարգավիճակին հարիր դիրքերում ամուր կանգնած լինելու իրողությունը: Այդ կայունության հիմքում ժառանգված ինստիտուցիոնալ հիշողությունն է, ահռելի պատմական փորձը, պարտականությունների կատարման նկատմամբ պատվախնդիր և պատասխանատու վերաբերմունքի ցուցաբերումը, ընդհանուր գործի և արդյունքի հանդեպ հոգատարությունն ու սրտացավությունը:
Նման որակները չեն կարող արտահայտվել առանց պետական մտածողություն կրելու, առանց արկածախնդրությունից, ինտրիգներից, աշխատանքային գործունեության ընթացքում քաղաքական հայացքներին կամ մանիպուլյատիվ էֆեկտով տարատեսակ տեղեկատվական հոսքերով ներշնչվող տրամադրություններին տուրք տալուց կատարելապես զերծ մնալու, բացառապես օրենքով սահմանված գործառույթների շրջանակում լինելու անհրաժեշտության խորքային գիտակցման: Որակներ, որոնք լավագույնս դրսևորվելով հատկապես նախորդ տարվա պատմական շրջադարձային իրադարձություններից հետո ծավալված՝ ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման հիմնավորման, քրեական հետապնդումների, մեղադրանքի, պետական շահերի պաշտպանության դատախազական գործառույթներն իրացնելիս, էապես նպաստեցին մեր երկրում իրավական կայունության և անվտանգության պահպանմանն ու ամրապնդմանը, քրեաիրավական ոլորտում գործընթացների բնականոն շարունակականությանը:
Ուզում եմ բոլորիդ հատուկ շնորհակալություն հայտնել այդ քննությունը բռնելու, պետական ծառայողին հարիր քաղաքականապես չեզոք, բացառապես մասնագիտական դաշտում մնալու վարքագիծ և հավատամք դրսևորելու համար: Դրանով դուք, իբրև անհատ և իբրև հավաքականություն, ամրապնդում եք մեր պետականության կայացվածության, շարունակականության և դատախազական
համակարգի՝ դրա անքակտելի մասը լինելու համոզմունքը:
Այսօր էլ մեր դատախազները, անհաղորդ մնալով ուղղորդված տեղեկատվական հոսքերով բարոյահոգեբանական ճնշումներ գործադրելու փորձերին, չտրվելով մեղադրյալների ու ամբաստանյալների սպառնալիքներին, մանիպուլյացիաներին, բարեխղճորեն իրենց ծառայությունն են կատարում՝ ծանրաբեռնվածությունից հաճախ կորցնելով ժամանակի զգացողությունը, իրենց զրկելով ընտանեկան ջերմ ու տաք միջավայրում լինելու հնարավորությունից: Շնորհակալություն հանուն ձեր մասնագիտական պարտքի՝ այդ զոհողությունների և կամքի դրսևորման համար:
Հարգելի գործընկերներ,
Նախորդ տարվա ընթացքում տեղի ունեցած շրջադարձային իրադարձությունների ամենակարևոր արդյունքներից մեկը, ինչի մասին արտահայտվել եմ բազմիցս, հանցագործությունների և, հատկապես, կոռուպցիայի, անարդարությունների նկատմամբ հանրային անհանդուրժողականության մակարդակի կտրուկ բարձրացումն է և հանցավոր երևույթների վերաբերյալ իրավապահ մարմիններին, ի մասնավորի դատախազությանը իրազեկելու հարցում քաղաքացիների աննախադեպ նախաձեռնողականությունը: Կարող ենք վստահաբար փաստել, որ հանցավորության
դեմ պայքարում ունենք անգնահատելի այնպիսի գործընկեր, ինչպիսին ակտիվ, երկրի ապագայով ու լիարժեք օրինականության հաստատմամբ շահագրգիռ ՀՀ քաղաքացին է, որն իր նախաձեռնողականությանը համարժեք արդյունքների ակնկալիքով քրեական հետապնդման մարմինների նկատմամբ անհամեմատ ավելի պահանջկոտ է և հետևողական:
Գաղտնիք չէ, որ այս աննախադեպ ակտիվությունը հանգեցրել է իրավապահ բոլոր մարմինների գերծանրաբեռնվածության: Բայց դա մեզ համար ոչ թե տրտնջալու, այլ առավել մոտիվացվելու խթան է: Մենք իրավունք չունենք վատնելու դժվարությամբ ձեռքբերած և շատ երկրների իրավապահների համար դեռևս անհասանելի երազանք թվացող այս կապիտալը:
Հանրային վստահության ձեռքբերումը իրավապահ բոլոր մարմինների անխոնջ, համակարգված աշխատանքի արդյունքն է՝ հիմնված փոխադարձ հարգանքի, համագործակցության ոգու, հանցավորության դեմ պայքարում, ներքին անվտանգության համար մղվող անողոք պատերազմում միևնույն բարիկադում միմյանց թիկունքը պահելու ընդհանուր ընկալումների վրա: Հաստատված աշխատանքային առողջ հարաբերությունների, արդյունավետ գործակցության համար շնորհակալ եմ իրավապահ մյուս օղակների մեր բոլոր գործընկերներին: Մեր գործունեության
համակարգվածությունը Հանրապետությունում իրավական հավասարակշռության պահպանման, Հայաստանի ստանձնած միջազգային իրավական պարտավորություններից
չշեղվելու հիմնական երաշխիքներից մեկն է:
Հենց այդ երաշխիքների անշեղ ապահովման, ինչպես նաև անձանց սահմանադրական և հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում սայթաքումներ թույլ չտալու գիտակցմամբ էր պայմանավորված, որ խուսափեցինք հատկապես կոռուպցիոն հանցագործությունների դեմ ծավալուն պայքարում անհեռատես շտապողականություն դրսևորելուց:
Եվ այսօր ես առանձնակի հպարտությամբ եմ ամրագրում, որ կոռուպցիայի դեմ պայքարում մենք նախորդ տարի ունեցել ենք աննախադեպ արդյունքներ՝ ինչպես քրեական գործերի հարուցման, քրեական հետապնդման ենթարկված և դատի տրված պաշտոնատար անձանց, այնպես էլ պատճառված վնասի վերականգնման ուղղություններով: Թվային ցուցանիշներով ձեզ չեմ ծանրաբեռնի: Միայն նշեմ, որ նշածս բոլոր ուղղություններով մենք ունենք նախորդ տարիների համեմատ անգամներով ավելի արդյունքներ:
Դրանք պայմանավորված են երեք հիմնական գործոններով: Առաջինը, ինչպես նշեցի, հանրային լայնամասշտաբ շարունակվող աջակցությունն է, երկրորդը՝ իրավապահ մարմինների կողմից դրսևորվող վճռականությունն ու հետևողականությունը: Եվ երրորդը, որը անկյունաքարային նշանակություն ունի, քաղաքական մակարդակում կոռուպցիայի դեմ պայքարը բացարձակ առաջնահերթություն հռչակելն է: Վերջինս առարկայորեն դրսևորվում է գործադիր իշխանության մարմինների կողմից իրենց ներքին վերահսկողության արդյունքում տարատեսակ չարաշահումների, հանցավոր դրսևորումների վերաբերյալ դատախազությանը, մյուս իրավապահ մարմիններին տեղեկացնելու միջոցով: Այս առումով հարկ եմ համարում մեկ կարևոր շեշտադրում կատարել:
Առավելաբար նախկինում կատարված կոռուպցիոն հանցագործությունների հայտնաբերման հանգամանքը չի կարող որևէ կերպ մեկնաբանվել որպես որևէ տեսակի խտրականության դրսևորում: Այն ունի մեկ թիրախ՝ հանցագործություն կատարած յուրաքանչյուր սուբյեկտ՝ անկախ այն բանից՝ նրանք նախկի՞ն, թե՞ ներկա պաշտոնատար անձինք են:
Այս տարվա ընթացքում ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններ կատարած գործող, այդ թվում բարձրաստիճան, պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումները, կարծում եմ, կասկածի տեղիք չեն տալիս, որ այս պայքարը իրավականից բացի որևէ այլ ենթատեքստ չունի: Հավաստիացնում եմ՝ Դատախազությունն ունի բավարար ներուժ՝ առանց որևէ կաշկանդվածության իրացնելու սահմանադրական իր անկախ կարգավիճակից բխող գործառույթները՝ այս պայքարը նույնպիսի հետևողականությամբ շարունակելու համար:
Մենք հպարտանում ենք այն արդյունքներով, որոնք արձանագրել ենք պետական շահերի պաշտպանության՝ դատախազության բացառիկ իրավասության իրականացման ոլորտում: Միայն 2018թ. ընթացքում դատախազության ստորաբաժանումների կողմից հարուցված պետական շահերի պաշտպանության հայցերով, ներկայացրած հաղորդումներով, հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով բացահայտված պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 36 մլրդ դրամ:
Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու իրավասության շրջանակներում մեր ուսումնասիրությունների արդյունքում է հնարավոր է դարձել բացահայտել առանձին ոլորտներում պետության կողմից իրականացված ծրագրերի շրջանակում տևականորեն կիրառված կոռուպցիոն սխեմաներ: Այս արդյունքները միանշանակ մեզ հիմք են տալիս պնդելու, որ առկա է դատախազության կարևորագույն այդ գործառույթի իրացման դաշտն ընդլայնելու և դրա համար իրավական բազա ստեղծելու անհրաժեշտություն:
Չնայած վերոնշյալ ձեռբերումներին՝ մենք ևս մեծ հաշվով բավարարված չենք արդյունքներով: Որովհետև վստահ ենք՝ կարող ենք ավելին անել և որովհետև առկա է ավելին անելու հասարակական ադեկվատ պահանջ:
Մեզ համար արդեն իսկ տեսանելի ու շոշափեի է, որ կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից ուղղակի հրամայական է պետությունից գողացված ակտիվների վերադարձման իրավական մեխանիզմներն ընդլայնելու խնդիրը: Մենք տեսնում ենք դրա լուծումը օրենսդրական փոփոխությունների միջոցով՝ հիմնված սեփականության անձեռնմխելիության մասնավոր և սոցիալական արդարության վերականգնման հանրային շահի հավասարակշռման վրա:
Մենք քաջ գիտակցում ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը հնարավոր չէ բարձրացնել՝ առանց կանխարգելման, ուսուցման, վերլուծության բաղադրիչների զարգացմանը միտված ինստիտուցիոնալ մոդելային նոր կառուցակարգերի: Եվ ոգեշնչված լինելով դրանց ներդրմանն ուղղված ընթացող բարեփոխումների մեկնարկով՝ ներգրավվել ենք համապատասխան ռազմավարական լուծումների մշակման և բյուրեղացման գործընթացներում:
Մենք մշտապես հետևողական ենք քրեադատավարական գործընթացներում անձի իրավունքների լիարժեք պաշտպանության ապահովման գործում և իբրև մինչդատական վարույթում օրինականության ապահովման, քրեական քաղաքականության մշակման պատասխանատու՝ դատախազությունը ձգտում է միջազգային լավագույն փորձի, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, առհասարակ իրավունքի զարգացման ժամանակակից տենդենցներին համահունչ գտնել առաջադեմ լուծումները, առաջնահերթ ուղղություններով փոխել պրակտիկան, ձերբազատվել նախկին տենդենցիոզ ավանդույթներից:
Այս տեսակետից մեր ակնդետ ուշադրության կենտրոնում են նախնական կալանքի, ձերբակալության ոլորտները, արդար դատաքննության իրավունքի համատեքստում հակընդդեմ հարցման, դատավարության ողջամիտ ժամկետների և քննության որակի ապահովման, այդ համատեքստում նաև փորձաքննությունների նշանակման, կատարման պրակտիկան և այլն: Գուցե դանդաղ,
բայց համատեղ ուժերով հիմնավորապես բարեփոխելու ենք այս ոլորտները՝ շահագրգիռ ու մասնագիտական բոլոր շրջանակների ներգրավմամբ:
Հարգելի՛ գործընկերներ
Մենք կառուցում ենք արդիական, իրավական մտքի զարգացման այս հանգրվանին և մեր հասարակական պահանջներին լիարժեք բավարարելուն միտված, ակտիվ դատախազություն՝ հիմնված ֆունկցիոնալ անկախության ու չեզոքության, հանրային հաշվետվողականության կոնցեպտների վրա: Վերափոխվելու և վերափոխելու հաստատակամությունը, նշածս ոլորտներում մեր արձանագրած հաջողությունները, որոնք դատախազության վարկի, հեղինակության և վստահելիության հիմնական կռվաններից են, թույլ են տալիս պարզ աչքերով և ինքնավստահությամբ նայելու ապագային, գտնվելու հանրային լայն վերահսկողության խոշորացույցի տակ, սխալներից հետևություններ անելու և կրելու լիարժեք իրավական, բարոյական պատասխանատվություն ինչպես մեր պարտականությունների կատարման, այնպես էլ մեր նյութական ու գույքային վիճակի, մեր և մեր ընտանիքների անդամների կենցաղավարման, վարքագծի, հարաբերությունների համար: Մենք չենք երկնչում հասարակության առջև լինել բաց և անկեղծ և անմասն չմնալ դատաիրավական համակարգում տեղի ունեցող ֆունդամենտալ փոփոխություններից:
Վստահ եմ՝ դատախազության, դատախազների կերպարի առումով հանրային որոշակի կարծրատիպերի պահպանման պատճառները, եղած օբյեկտիվ խնդիրներից բացի, պայմանավորվել են նաև մեր՝ դատախազներիս և, ընդհանուր առմամբ, դատախազական համակարգի իրական մոտիվացիաները, ձգտումներն ու նպատակները բավարար չափով հանրայնացնելուն, հասարակության հետ անմիջական երկխոսությամբ անկեղծորեն ի ցույց դնելուն միտված ջանքերի պակասով: Մենք քանդելու ենք այդ կարծրատիպերը, ավելի ականջալուր ենք դառնալու 21-րդ դարում տեղեկատվությամբ զինված և իրավագիտակցության աննախադեպ թռիչք ապրող մեր հանրության մեծացող պահանջներին: Մեր գործունեության փիլիսոփայությունը կառուցում ենք մարդակենտրոնության և մարդասիրության ժողովրդավարական և քրիստոնեական մեծագույն գաղափարների վրա:
Դատախազի կոչումը պրոֆեսիոնալ, պատասխանատու, բարեխիղճ, բայց և հաստատակամ, հիմնավորված որոշումներ կայացնելու և գործադրելու ունակություններով օժտված պետական ծառայող լինելն է: Անհատ, ով գիտակցում է այս աշխատանքի պատասխանատվության ու ծանրաբեռնվածության աստիճանը, իր կոչմանն ու աշխատանքին վերաբերվում է իբրև առաքելության: Անհատ, ով պետության ու պետականության կրողը լինելու գիտակցումն արտահայտում է ոչ թե կենցաղին հայրենասիրության ճառերով, այլ իր կողմից հեղինակվող դատավարական յուրաքանչյուր փաստաթղթի յուրաքանչյուր տողի ու բառի, այդ փաստաթղթերի տակ դրվող ստորագրությունների մեջ պետության և քաղաքացու շահը տեսնելով ու համադրելով: Անհատ, ով սեփական երկրի քաղաքացուն, մարդուն վերաբերվում է ընդգծված ակնածանքով ու պատկառանքով՝ պարզ, բայց և արժանապատիվ դիրքերից:
Այսօր մեր ներքին ֆիլտրերի գործադրմամբ ձգտում ենք հենց այս չափորոշիչներին համապատասխանող կադրերով համալրվել՝ ունենալով հենց այսպիսի դատախազների հանրույթի տեսլականը՝ ի շահ մեր պետության, մեր ժողովրդի և մեր համակարգի լուսավոր ապագայի:
Ուստի, սիրելի գործընկերներ, ցանկանում եմ, որ պատիվ համարելով մեր հայրենիքին ու ժողովրդին ծառայելը, մասնագիտական ու պաշտոնեական պարտականությունների բարեխիղճ կատարումը, մեր գործի արդյունքներից գոհունակության, բավարարվածության զգացումներ ունենանք նույնքան, որքան մեր հասարակությունը՝ արժանի լինելով մեր 101-ամյա պատմությանն ու Հայաստանի
Հանրապետության դատախազության աշխատողի կոչմանը:
Խաղաղություն, ստեղծագործ ու բարեբեր աշխատանք և նոր իրագործումներ
բոլորիս՝ հանուն համընդհանուր բարօրության:
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին