Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՊՏՀ-ում «բաց» և «սուբյեկտիվ գործոնից զերծ» մրցույթ է իրականացվում

Հուլիս 01,2019 14:00

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը վերջին շրջանում գտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, ինչի պատճառը ԲՈՒՀ-ի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի կողմից համալսարանում իրականացվող գործընթացներն են, մասնավորապես թափուր դասաժամերի մրցույթը և «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգը:

Վերը նշված Կանոնակարգի մի շարք օրենքների հետ անհամապատասխանության հարցը բազմիցս արդեն քննարկվել է տարբեր լրատվամիջոցներում, սակայն մրցույթն արդեն իրողություն է, այն ընթացքի մեջ է, մինչդեռ պակաս ուշագրավ չէ հենց մրցույթի կազմակերպման և անցկացման գործընթացը: Ռեկտորի պաշտոնակատարի բազմիցս հնչեցրած բաց և նախկինում սուբյեկտիվ գործոնից զերծ մրցույթը, իրականում ընթանում է ճիշտ հակառակ կերպ:

Այսպես, նախ ռեկտորի պաշտոնակատարի և համալսարանի կողմից ներկայացվել է միայն մրցույթի մասնակիցների ընդհանուր թիվը, բայց ոչ յուրաքանչյուր առարկայի գծով դիմողների քանակը, ինչը պետք է լիներ բաց և թափանցիկ մրցույթի առաջին պայմանը: Ընդ որում, ի սկզբանե անհայտ էր նաև թափուր դասաժամերի և յուրաքանչյուր առարկայի ժամաքանակը: Երկրորդ, որն ավելի կարևոր է՝ կանոնակարգում ներկայացված չափանիշների վերաբերյալ մրցույթի մասնակիցներին ընդհանրապես չի տրամադրվել տեղեկատվություն, մասնավորապես, մի շարք չափանիշների հետ կապված նախապես չի ներկայացվել համապատասխան հարցերի շրջանակը, չեն արվել պարզաբանումներ, թեև մշտապես պահանջվել է տարբեր պատասխանատուներից:

Այնինչ, եթե հիմնվենք ռեկտորի պաշտոնակատարի կողմից ներկայացված բարեփոխման անհրաժեշտությունը և համալսարանում կատարվելիք փոփոխությունները միջազգային լավագույն բուհերին նմանվելու տրամաբանությամբ առաջնորդվելու տրամաբանության վրա, տեղին կլինի փաստել, որ աշխարհում ընդհանրապես չկա նման պրակտիկա: Ցանկացած կազմակերպությունում, բացի այն որ իրականացվող յուրաքանչյուր փոփոխության մասին նախապես տեղեկացվում են կազմակերպության աշխատակիցները, նրանց տրվում է բավականաչափ ժամանակ, այդ փոփոխություններին պատրաստվելու, ինչպես նաև համապատասխան հարցերի շրջանակը կամ թեստերը, իրենց հնարավոր ճիշտ պատասխաններով, և նրանք նաև մասնակցում են այդ գործընթացի կազմակերպմանը: ՀՀ բազմաթիվ կազմակերպությունների աշխատակիցների ատեստավորումը նույնպես իրականացվում է վերը նշված եղանակով:

Մեր պարագայում, մրցույթն անց է կացվում խիստ սուբյեկտիվության պայմաններում: Մասնակիցներին հնարավորություն չի տրվում ներկա լինել մյուս հավակնորդների հարցմանը, ինչը ոմանց դեպքում տևում է 3 րոպե, իսկ մյուսների՝ 30 րոպե: Հանձնաժողովը կասկածի տակ է դնում և չի ընդունում որոշ, նույնիսկ պետական նմուշի փաստաթղթերի իսկությունը, կարևելով անհայտ ծագում ունեցող կազմակերպությունների կողմից տրվածները: Հարցերի շրջանակը բացարձակապես կապ չունի դասավանդման համար դասախոսների կողմից ներկայացված առարկայական ծրագրերի հետ և չի կարող որոշել նրանց պատրաստվածության աստիճանը, մասնագիտական ներուժն ու դասավանդման մեթոդաբանության արդյունավետությունը, ինչն էլ առաջացնում է դասախոսական կազմի դժգոհությունը: Հանձնաժողովների ոչ կոմպետենտ անդամների կողմից գիտելիքների ստուգման պրիմիտիվ և անարժանահավատ մոտեցումը, կանխակալ վերաբերմունքը դասախոսական կազմի մոտ առաջ է բերում հիասթափություն ու անվստահություն «բաց» և «արդար» գործիքների նկատմամբ:

Փաստենք նաև, որ բանավոր հարցման արդյունքները տեղում չեն ներկայացվում թեկնածուին, և միայն օրեր անց դրանք պարզ կլինեն: Սակայն որոշ հովանավորյալ, և մեղմ ասած գիտությունից հեռու մարդիկ արդեն խոսում են՝ իրենց բարձր կոմպետենտությամբ պայմանավորված մրցույթում հաղթելու մեծ հավանականության մասին:

Միևնույն ժամանակ, խիստ վիճարկելի է բողոքարկման կարգը, որը, կարծես թե, մինչ օրս չի իրականացվել, քանի որ, բողոքարկման պատասխանատուն ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է: Այս գործընթացում յուրաքանչյուրը բախվում է միայն սուբյեկտիվության և հովանավորչության հետ, ինչն էլ կոռուպցիայի ակնառու դրսևորում է:

Վերը շարադրվածը, կարելի է ասել համալսարանում այս պահին ընթացող գործընթացի ամենամեղմ նկարագիրն է:

Փորձառու աշխատակիցների զանգվածային ազատումները, դասախոսական անձնակազմի համալրումը ոչ բանիմաց մարդկանցով, ովքեր չունեն դասընթացի վերաբերյալ տարրական գիտելիքներ, կամ նույնիսկ բանիմաց և փորձառու այն մարդկանց կրթական գործընթացում ներգրավումը, ովքեր այլ աշխատանքում զբաղվածության պատճառով չեն կարողանալու ապահովել իրենց ներկայությունը՝ նպաստելու՞ է արդյոք կրթության որակի կամ գիտության զարգացմանը: Իհարկե ոչ: Այս ամենը արվում է միայն մի նպատակով. հեռու պահել բոլոր նրանց, ովքեր բարձրաձայնում են առկա խնդիրները, և խանգարում են որոշներին սեփական ամբիցիաների դրսևորմանը: Ռեկտորի ժ.պ.-ի այս քաջագործ բարեփոխումներից տուժում է պրոֆեսորա-դասախոսական մի ողջ արհեստավարժ անձնակազմ (70-80%-ը ):

Ցավով փաստենք, որ այս գործընթացին չեն դիմել բազմաթիվ մարդիկ, մրցույթի պայմանները նախապես գնահատելով խիստ սուբյեկտիվ, առանց հիմնավորումների ու իրենց կարգավիճակի, մասնագիտական փորձի և ձեռքբերումների տեր անձանց համար՝ նվաստացուցիչ: Եվ բոլոր այն քայլերը, որ ռեկտորի պաշտոնակատարի կողմից արվեցին բուհի վարկանիշի բարձրացման ու միջազգայնացման համար, աշխատեցին ի վնաս: Բուհը միշտ ունեցել է և բարձր վարկանիշ, և բոլոր ժամանակներում տվել բարձրակարգ շրջանավարտներ, ովքեր զբաղեցրել և զբաղեցնում են կարևորագույն պաշտոններ տարբեր ոլորտներում: Որպես շարունակվող գործելակերպ, կարծում ենք, առաջիկայում սպասվում են աշխատակիցների զանգվածային կամ փուլային ազատումներ, ավելորդ աղմուկից խուսափելու համար:

Մեր խորին համոզմամբ, դժգոհության ալիքը չի լռելու, այն դեռ նոր է սկսվում:

Մի խումբ դասախոսների անունից՝

Գոհար Հարությունյան,

Լենա Խալաթյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031