Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցույց տանք դատավորի սխալը, ոչ թե համակարգն անվանարկենք». ԲԴԽ անդամի թեկնածու

Հուլիս 01,2019 13:51

«Դատական համակարգում կոռուպցիա ասելով չպետք է հասկանալ միայն կաշառակերություն, այն շատ ավելի լայն իմաստ ունի՝ ազդեցության մեխանիզմներով, լիազորությունների չարաշահմամբ, ազգակցական եւ այլ կապերի օգտագործմամբ: Առաջնահերթ այս խնդրի լուծմամբ պետք է զբաղվել»,-ԱԺ այսօրվա արտահերթ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության կողմից ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու առաջադրված իրավաբան Աննա Մարգարյանը:

Նրա խոսքով՝ եթե կոռուպցիայի բացառումը վերապահվի միայն Բարձրագույն դատական խորհրդին, գործընթացը հնարավոր չի լինի. «Իրավապահ մարմինները պետք է ներգրավվեն: Եթե կա տեղեկություն, որը վերաբերում է դատավորի հանցավոր վարքագծի դրսեւորմանը, իրավապահների ներգրավվածություն պետք է լինի: Մյուս կողմից, պետք է դիտարկել դատավորների վճիռների առնչությամբ ՄԻԵԴ որոշումները: Պետք է արձանագրել՝ արդյոք դրանցում կա՞ն մարդու իրավունքների կոպիտ եւ միտումնավոր խախտումներ: Սրանք «վեթինգի» առաջին քայլերից պետք է լինեն»:

Աննա Մարգարյանը նաեւ շեշտեց, որ դատավորների հանդեպ վստահությունը պետք է լինի համակարգային՝ շարքային քաղաքացուց մինչեւ պաշտոնյա. «Անկախ նրանից՝ մենք համաձայն ենք այս կամ այն դատավորի վարքագծի հետ, թե ոչ, պետք է ցույց տանք սխալը, ոչ թե համակարգն անվանարկենք: Սա իմ անձնական մոտեցումն է: Վստահության համար պետք է հասնել կոռուպցիայի բացառմանը, գործերի արդյունավետությանը, օբյեկտիվ քննադատությանը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031