Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրավորում ստացած մասնագետը կրում է ժամանակավոր պրոթեզը, մինչև որ պատրաստվի շարժվող ոտնաթաթով իր համար նախատեսված պրոթեզը. Ռուբեն Առաքելյան

Հուլիս 01,2019 13:32

«Առաջին խմբի աշխատանքները գնահատում եմ բավարար, ոչ լավ, քանի որ առաջին անգամ մի քիչ ավելի դանդաղ էր ընթանում գործընթացը: Առաջին անգամ էր. կային լոգիստիկ խնդիրներ: Խնդրում եմ հաշվի առնել, որ պատերազմական իրավիճակ է տիրում Սիրիայում, ու շատ դժվար է Երևանից լոգիստիկ հարցեր կազմակերպել»,- «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելությանը, իրականացված աշխատանքներին, այսպիսի կարծիք հայտնեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն Ռուբեն Առաքելյանը: Նա տեղեկացրեց, որ երկրորդ խումբը Սիրիա է մեկնել հունիսի 16-ին և գտնվում է ավելի բարենպաստ պայմաններում:

Ռուբեն Առաքելյանի տեղեկացմամբ՝ Սիրիա մեկնած հումանիտար առաքելության խմբում ներգրավված են հայ սակրավորներ, բժիշկներ և ռազմական ոստիկանության պահպանող խումբը, որի նպատակն էր իրականացնել առաքելության խմբի մասնագետների անվտանգությունը հնարավոր դիվերսիոն պատահարներից կամ այլ միջամտությունների խաղաղ ընթացքից: Խումբը Սիրիայում ծանոթացել է ականադաշտերին և տեղի բնակչության ու սիրիական իշխանության հետ համատեղ իրականացրել որոշ տեխնիկական հետազոտություն, որի ընթացքում պարզվել են հնարավոր ականադաշտերը. «Հետաքննության արդյունքում առանձնացվեց հինգ հաստատված վտանգավոր տարածք՝ 1 միլիոն 315 հազար քառակուսի մետր: Առաջին հերթին պետք է ականազերծվեն այն տարածքները, որոնք մոտ են գտնվում բնակավայրերին: Այնուհետև դաշտային աշխատանքներն են սկսվել: 34 հազար 690 հազար քառակուսի մետր տարածք է ականազերծվել՝ 29 միավոր ական և պատերազմի պայթուցիկ մնացորդ, որոնք ոչնչացվել են սիրիական իշխանության կողմից: Մենք պայթեցման աշխատանքներ չենք իրականացնում, դա իրականացնում են Սիրիայի իշխանությունները: Իրականացվել է նաև բժշկական աջակցություն. բժիշկներն աշխատել են տարբեր հոսպիտալներում, Սիրիահայ խաչի դարմանատանը: Բուժսպասարկումն իրականացվում է ոչ միայն հայ համայնքի բնակիչների, այլև սիրիացիների համար: Կատարվել է 400 վիրաբուժական միջամտություն, 1300-ից ավելի լաբորատոր դիագնոստիկ բուժօգնություն: Մեծ էր նաև բժշկական օգնություն ստացած երեխաների թիվը»:

Հարցին ինչպե՞ս է վիրավորում ստացած մասնագետի առողջական վիճակը, Ռուբեն Առաքելյանը պատասխանեց. «Եթե չհաշվենք անդամահատությունը, առողջական այլ խնդիրներ չունի, կրում է ժամանակավոր պրոթեզը, մինչև որ պատրաստվի շարժվող ոտնաթաթով իր համար նախատեսված պրոթեզը, որը կսկսի կրել մեկ-երկու ամսից»:

Դիտարկմանը՝ կարծիքներ են հնչում, որ հայկական կողմը Սիրիայում հումանիտար առաքելություն է իրականացնում ավելի շատ ռուսական կողմի համար, ոչ թե սիրիացի ժողովրդին օգնելու համար, Ռուբեն Առաքելյանը պատասխանեց. «Ռուսական կողմը տրամադրում է ինքնաթիռ, որ մեր խումբը հասնի Սիրիա: Միակ տարբերակը, որ մենք կարողանանք հասնել Հալեպ, ռուսական կողմի աջակցությունն է: Մեր խմբի անվտանգ շարժումն էլ է ապահովում ռուսական կողմը, ինչպես նաև ընդհանուր պահպանություն: Եթե ստեղծվի լուրջ պատերազմական իրավիճակ, ռուսական կողմը մեր մարդկանց առողջությունը և կյանքը պետք է ապահովի, քանի որ մենք այնտեղ զորախումբ չունենք»:

Ռուբեն Առաքելյանը տեղեկացրեց, որ հումանիտար նախաձեռնության իրականացումը եղել է սիրիական կառավարության կողմից. եղել է համապատասխան դիմում ՀՀ իշխանություններին: Հարցին՝ Հալեպում ենթակառուցվածքների վերականգնման առումով ի՞նչ տեղաշարժեր են նկատվում, Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի գլխավոր տեսուչ Արա Մարտիրոսյանը հայտնեց. «Բնական է. կյանքն իր հունով շարժվում է առաջ: Իրականացվում են վերականգնման աշխատանքներ, ավերված բնակարանները վերականգնվում են: Ականազերծման աշխատանքներ են իրականացվում դպրոցից հինգ հարյուր մետր հեռավորության վրա: Տարածքը մաքրելուց, ականազերծելուց հետո կիրականացվեն որոշակի աշխատանքներ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031