Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ անդրադարձ եղավ նաև ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի՝ Շիրակի պետական համալսարանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը չշտկվելու դեպքում բուհի կամ լուծարման կամ միավորումների մասին հայտարարությանը։
Հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը պատմեց, որ հանդիպումներ է ունեցել բուհի գիտությունների դոկտորների ու գիտական խորհրդի անդամների հետ, որին ներկա են եղել հոգաբարձուների խորհրդի 10-12 անդամներ, ուսանողներ ու դասախոսներ։ Մտահոգություններ են հնչել նաև նախարարի հայտարարության շուրջ:
«Խթան հանդիսացավ նախարարի հայտարարությունը բուհը լուծարելու, զրո ակադեմիզմի մասին և այլ։ Դրան հաջորդել էր գիտխորհրդի հայտարարությունը, գիտությունների դոկտոր պարոն Սերգո Հայրապետյանի բաց նամակը և հարցազրույցներ, որոնք հնչել էին։ Նպատակը եղել է հանդիպել-քննարկել համալսարանի աշխատակիցների մտահոգությունները։ Դոկտորների հետ հանդիպումները տևել են 3,5 ժամ, երկրորդը՝ 2 ժամ 50 րոպե։ Մարդիկ իրենց վրդովմունքն են արտահայտել, մտահոգությունը, թե ինչպես լուծարել․․․
Ես բացատրել եմ, որ լուծարել բառը կոշտ է ասված, որովհետև իրավական կարգավորումների տեսանկյունից հնարավոր չէր բուհը հենց այնպես դնել ու ոչնչացնել, որովհետև 2000 քանի ուսանողների առաջ պարտավորություններ կան, լավագույն դեպքում կամ եթե կուզեք՝ վատագույն դեպքում խոսակցություն կարող է լինել բուհի վերակազմավորման մասին։ Այսինքն՝ պարտավորությունները ուսանողների նկատմամբ այսպես, թե այնպես պետք է կատարվեն, անհնար է ուսանողը դասի գա և մյուսն օրն ասեն՝ գիտեք, բուհն արդեն չկա, նայի ինչ ես անում, գնա գյուղակադեմիա կամ գեղարվեստի ուսումնարան։ Այս մասին է խոսակցություն եղել։
Կարդացեք նաև
Երկու դեպքում էլ առաջարկ է հնչել անպայման հանդիպել նախարարի հետ, գնանք Երևան հանդիպենք, ես առաջարկել եմ նախարարին հրավիրենք հանդիպման, վերջը համաձայնել ենք այն մտքի հետ, որ ճիշտ կլինի այդ հանդիպումը կայանա։ Սկզբում պարոն Սերոբյանը (խոսքը բուհի ռեկտորի ժ/պ մասին է, Ա․Ն) խոսել է նախարարի հետ, նախարարն ասել է՝ ես պատրաստ եմ, հետո ես խոսեցի նախարարի հետ, ասաց՝ մոտակա երկու շաբաթը գալ չեմ կարող, բայց սիրով կընդունեմ։ Պարոն Սերոբյանն այստեղ քննարկեց ձևաչափը ու քննարկումից հետո որոշեցին հանդիպումը տեղի ունենա սեպտեմբերին մոտ։ Այդ մասին տեղեկացրել են նախարարին»,- ասաց Լևոն Բարսեղյանը։
Քննարկվել է ռեկտորի ընտրության կարգի անհաջող, թույլ կամ ոչ կենսունակ լինելու հետ կապված հարցը, տարբեր մտքեր են հնչել, թե ինչպես վերակառուցել կանոնադրությունը և ընտրական համակարգը, որպեսզի ռեկտոր ընտրվի։ Հնչել է նաև գիտխորհրդի վերակազմավորման հարցը։
«Խոսել ենք մի շատ կարևոր հարցի՝ էթիկայի և վարքի կարգավորման մասին։ Խոսք եղավ այն մասին, որ կա վարքականոն, այն թույլ է, հարկավոր է վերամշակել, հարկավոր է ունենալ այն հսկող մշտական մարմին կամ պարբերաբար հրավիրվող մարմին և վարքականոնի խախտումները պիտի կայացնի այդ մարմինը, ինչպես մնացած ինքնակարգավորման համակարգերում։ Վարքականոնները նույնիսկ կարելի է կապել աշխատանքային պայմանագրերին, որ մարդն աշխատանքի անցնելիս՝ ընդունում է վարքականոնը, պարտավորվում է պահպանել, իսկ խախտումների դեպքում կատարել այն սանկցիաները, որոնք կլինեն կարգավորող մարմնի որոշումների մեջ․ նկատողություն, աշխատանքային անվճար ժամեր․․․
Գործընկերոջը հրապարակավ շան տղա ասելու համար, նման խախտումը կբերի աշխատանքից ազատման, որովհետև պայմանագրի մեջ ինքը գրել է, որ ստանձնում եմ վարքականոնը չխախտելու պարտավորություն։ Այս իմաստով ես առաջարկեցի իմ և ուրիշ փորձագետների օգնությունը բուհի ինքնակարգավորման համակարգը կատարելագործելու համար, հետո պարզեցինք, որ դա նաև Բոլոնիայի համակարգի և հավատարմագրման պահանջ է»,- ասաց Լևոն Բարսեղյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ