Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրի «վիշապ» ջրաչափը

Հուլիս 01,2019 13:30

Եղեգիսի բնակիչներն ասում են՝ ջուրը գնում՝ կորում է, իսկ ջրաչափով էլ այգիների ոռոգումը ոսկեջրի հետ են համեմատում

Ամռան գալուն պես գյուղացիների դարդերին ավելանում է էլի մեկը՝ այգիների ոռոգումը: Վայոց ձորի Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրի գյուղացիների այգիները չորանում են՝ ջուր չունեն:

Բնակիչները պատմում են, որ 25 տարի շարունակ ոռոգման ջուր ընդհանրապես չեն ունեցել, մինչ այդ բնությունը շռայլ էր՝ ջուրը սարերից էր գալիս, իրենք էլ բնության տվածով ոռոգում էին: Հետո թե ինչ եղավ, ինչ չեղավ՝ ջուրը կորեց, պարզ չէ՝ ինչու. բնակիչներն ասում են՝ երեւի բնական աղետներից հետո ջուրն է՛լ սարից չէր գալիս, գնում էր ժայռերի արանքներում կորում:

«Երկար տարիներ մնացինք առանց ջրի, պտղատու այգիները կտրեցինք, այնքան փայտ եղավ, որ 20 տարի վառելափայտ չէինք գնում: Մեր բերքի ծառերն ենք վառել»,-«Առավոտ»-ի հետ զրույցում պատմում են գյուղացիները:

Հիմա գետն աչքների առաջով հոսում՝ գնում է, իսկ այգիները՝ չորանում: Գյուղացիք ասում են՝ իրենց գյուղի միջով է հոսում Եղեգիս գետը. «Գետից խողովակներով, Խանջյանի ջրագիծ է կոչվում, ջուրը վերցրեցին, տարան Եղեգնաձորի Խաչիկ, Արենի, Ռինդ, Աղավնաձոր, Արփի, Չիվա: Բոլոր գյուղերը հենց հիմա ոռոգում են: Ակունքը մեր գյուղում է, մեր գյուղի գլխամասից են վերցրել»:

Եղեգիսի բնակիչները 5 տարի առաջ դիմել էին կառավարությանը, խնդրել իրենց էլ ջուր տան, թաղամասում ընդամենը 10 ընտանիք է, որ նման խնդիր ունի: Կառավարությունը ջուրը տվեց. պայմանավորվել էին՝ 1000 մետր հողամասին վճարում էին 7800 դրամ:

«Իմ հողամասը 3 հազար մետր ջրում էի, տարեկան 23 հազարը պարտաճանաչ մուծում էի, ու ջուրը տալիս էին: Էդպես էինք պայմանավորվել կառավարություն դիմելուց հետո: Այս տարի բերել են ջրաչափ դրել: Այդ հաշվիչը դրված է ճանապարհի տակը, ջուրը խողովակով բարձրանում է գյուղի գլուխը, այնտեղից թափվում, ինքնահոս գալիս է, կեսը ճանապարհին կորում է, կեսը՝ կարող է հարեւանները գողանան՝ իրենց հողամասերը ջրեն, մինչեւ հասնում է տեղ, անգամ 30 տոկոս բան չի մնում»,-պատմում է Եղեգիս բնակավայրի բնակիչ Անահիտ Մանուկյանը: Նա ասում է՝ նախօրեին փորձնական ջուր են տվել, արդեն հաշվիչի առկայությամբ են ջրել՝ 1200 մետր հողատարածքը հաշվիչով կազմել է 2200 դրամ՝ մեկ անգամ ջրելը. «Եթե այս ձեւով շարունակենք ջրել, մեր հողամասի ամբողջ եկամուտը ջրի վարձն էլ տանք՝ չի հերիքի: Ահավոր թանկ է ստացվում՝ ոսկեջուր: Մեր հողերը 4-րդ կարգի են, ավազոտ են, ջուրը ներծծվում է ընդերք, առաջ չի գնում: Եթե մի հանձնաժողով գա, տեղում նայի, ստուգի, հաշվի, տեսնի… մեր եկամուտն ի՞նչ է, որ տարեկան 100-120 հազար ջրի վարձ պիտի տանք: Չեմ կարող, չենք կարող այդքան վճարենք: Ես ունեմ զինվորական հաշմանդամ երեխա, պետությունն անգամ չի հարցնում՝ որ դու ժամանակից շուտ զորացրվեցիր, մի հատ տեսնեմ՝ ո՞նց ես ի՞նչ ես, կենդանի՞ ես: Տղաս բանակում ջրծաղիկով հիվանդացավ, կեսից զորացրվեց, բերեցինք տուն՝ գեղձերի քաղցկեղ էր, պետությունից ոչ մի օգնություն չեմ ստացել, բացի 30 հազար դրամ թոշակից: Չեմ հասցնում իմ երեխուն նայեմ, ծախսերը հոգամ, հիմա ջրի՞ փող տամ, թե՞ էրեխուս համար ծախսեմ»:

Տիկին Անահիտն ասում է՝ գյուղը լրիվ դատարկվում է կամ դառնում՝ ծերանոց, ու եթե այսպես շարունակվի, ջուրն էլ այդպես թանկ լինի, գյուղում մարդ չի մնա. «Մեր գետի ջուրը գնում թափվում է Նախիջեւան, թուրքերը ձրի օգտվում են, մենք էլ էսքան թանկ վճարենք: Մի 20 օր է փակած է ջուրը, այս շոգին մեր ամեն ինչը վառվեց, գնաց: Երեկ ընդամենը մի 6-7 ժամ փորձնական տվել են ու նորից փակել ու գնացել են: Է՛, թող գան մեզ էլ հանեն էս գյուղից: Մեր էրեխեքը զզվել՝ գնացել են, մենք էլ հեսա կզզվենք, մենք ինչի՞ ենք մնացել: Մեռնող գյուղ է»:

Այս «մեռնող» գյուղում խնձորի, տանձի, ընկույզի այգիներ են մշակում, մի քանի փոքր մարգեր էլ՝ վարունգ, լոլիկ, լոբի, բայց վաճառքի համար չէ, այլ՝ ընտանիքի:

Գյուղացիներն ասում են՝ ջրօգտագործողների ընկերությունը ջուրը փակել է, որովհետեւ իրենց էլ կառավարությունից են հրահանգել. «ՋՕԸ-ն ասում է՝ «մեզ էլ կառավարությունից են խեղդում ու ասում՝ դուք գերածախս եք տալիս»: Նոր կառավարությունից ոչ մի լավ բան չենք տեսել, բացի ջուր կտրելուց: Կտրված գյուղ է: Գարունը ցրտահարություն արեց, բերքի կեսը ցուրտը տարավ, ամառն էլ վառվեց չջրելու պատճառով: Դե լավ էլի, խիղճն էլ լավ բան է: Մի անգամ չեն գալիս ստուգեն, տեսնեն էդ ջրի քանի՞ տոկոսն է կորում, քանիսը՝ տեղ հասնում: Մենք էդքան ջրի փող չենք կարող տալ: Հիմա այգին չորանում է, մարդիկ չեն համարձակվում ոռոգեն, ասում են՝ ջրենք, հետո փողը որտեղի՞ց տանք»:

Այս համայնքին ջուր տվողը «Եղեգնաձոր» ՋՕԸ-ն է, որի գլխավոր տնօրեն Հազարպետ Նազարյանն «Առավոտ»-ին ասում է՝ հիմա իրենց վրա խիստ հսկողություն է, բնակիչներին տրվող ջրի քանակը հնարավորինս պետք է չափվի: Նազարյանն ասում է՝ Եղեգիսն ընդգրկված չէ ՋՕԸ-ի կազմում. «Նրանց հետ պայմանագիրը միշտ կնքել ենք կապալի սկզբունքով, այսինքն՝ թաղի պատասխանատու է եղել, նա տրված ջրի դիմաց հաշվարկել է գյուղատնտեսական նորմաներով: Հիմա ջրաչափ ենք դրել ու դրանով ջուր ենք տալիս»:

Ջրաչափը դնելուց հետո, ինչպես Նազարյանն է վստահեցնում, այդ թաղամասի 10 բնակիչներն այցելել են իրեն, զրուցել են, դժգոհ են մնացել, գնացել են փոխմարզպետի մոտ. «Ինձ էլ են կանչել, գնացել եմ, բացատրել եմ՝ կարգը սա է: Պետք է գյուղն ընդգրկվի ՋՕԸ-ի կազմում, որ աշխատող պահենք, կարողանանք սպասարկել, էդ որ ասում են՝ ջուրը գնում՝ կորում է, կարողանանք դա էլ հասկանանք: Պիտի գան պայմանագիր կապեն: Խոսել եմ խոշորացված համայնքապետի հետ, հիմա զբաղվում է»:

Ում համար ջուրը թանկ է, ում համար էլ՝ կոպեկներ: Գյուղացիների այն դժգոհություններին, որ բերքից ամբողջ եկամուտը պիտի ջրի վարձ տան, Նազարյանն առարկում է, ասում է՝ նախօրեին 2 տնտեսությանը փորձնական ջուր են տվել, գոհ էին. «Կոպեկներ է եղել ջրի վարձը, այնպես չէ, որ մենք իրենց ցավացնում ենք: Առաջ ջուրը բաց էին թողնում՝ գիշերով գնում կորում էր, ոչ մեկի պետքը չէր, ջրաչափ չկար, հիմա վերահսկում ենք»:

Իսկ որ ջուրը թանկ է նստում, որովհետեւ հողը 4-րդ կարգի է, շատ ջուր է պահանջում, Նազարյանն արձագանքում է. «Ես ջուր մատակարարող եմ, իմ խնդիրը չէ, թե՝ հողը որ կարգի է: Ես ի՞նչ անեմ, գնամ իրենց ներքին ցանցը սարքե՞մ: Համայնքը պետք է ներդրում անի՝ իր ներքին ցանցը վերանորոգի»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
29.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031