Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վահե Գրիգորյանը բարոյական ի՞նչ իրավունք ունի». Գեւորգ Պետրոսյան

Հուլիս 01,2019 14:25

Հայաստանում սահմանադրական ճգնաժամ չկա: Այլ խնդիր է, որ առանձին անձինք իրենց ամբիցիաները բավարարելու համար ցանկանում են ճգնաժամ տեսնել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Գեւորգ Պետրոսյանը: Նա մնում է իր կարծիքին` համաձայն Սահմանադրության, ՍԴ դատարանի անդամները պետք է շարունակեն պաշտոնավարել` մինչեւ իրենց լիազորությունների ավարտը:

Հիշեցնենք, անցած շաբաթվա վերջին հայտնի դարձավ, որ ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը նամակ է հղել պետական տարբեր ինստիտուտների ղեկավարներին`ահազանգելով երկրում սահամանադրական ճգնաժամի մասին: Նա նաեւ լուծումներ էր առաջարկել:

Գեւորգ Պետրոսյանն ասում է` պետք չէ ինտրիգներ հորինել, մարդկանց բերել ՍԴ-ի դռները փակել եւ այլն. «Եթե Վահե Գրիգորյանն իրեն լավ է զգում, որ գալիս են ՍԴ-ի անդամների դեմ դռներ են փակում, վեթինգներ են անում, վաղը-մյուս օրն ինքն իրեն լավ կզգա՞, որ այլ մարդիկ իր հետ նման կերպ վարվեն եւ իրեն արգելեն մտնել ՍԴ»:

Մեր զրուցակցի պնդմամբ, այսպիսով վատ նախադեպ ենք ստեղծում: «Ընտրվել եք, շնորհավորել ենք, հանդիսանում եք ՍԴ դատավոր, աշխատեք` փոխարեն ՍԴ նախագահ դառնալու համար ինտրիգներ հրահրեք»,- ասաց մեր զրուցակիցը` նկատելով, որ Վահե Գրիգորյանը դատավոր չի աշխատել երբեւէ, թող աշխատի, գուցե պարզվի, որ չի էլ կարողանում: Իսկ եթե կստացվի, գուցե հետո ինքն էլ «կողմ» քվեարկի, որ Վահե Գրիգորյանը «բազմի ՍԴ նախագահի աթոռին»: Իսկ այժմ` «լավ է, վատ է, այդ աթոռը զբաղեցրել է լեգիտիմ ընտրված մարդ»:

Գեւորգ Պետրոսյանն, առհասարակ, «հին համակարգից» ձեւակերպումը վիճելի է համարում: «Իմ քայլը խմբակցությունում էլ կան մարդիկ, որոնք «հին համակարգից» են, բայց մենք մեզ թույլ չենք տալիս ասել` նրանցից ազատվեք»,- ասում է Գեւորգ Պետրոսյանը`տարակուսելով. «Ի՞նչ անենք պետական ամբողջ ապարատը քանդենք, որ Վահե Գրիգորյանի արժեհամակարգի մարդիկ գան ինքնահիացմա՞մբ զբաղվեն էնտեղ: Եթե այդ դատավորները իրենց պարտականությունները չեն կատարում օրենքով սահմանված կարգով, այդ կերպ նրանց ազատեք, ոչ թե ասենք հին մարդ եք: Եթե այդպես է ասում է, ես էլ ասում եմ, որ շատ նորերին չեմ վստահում, որովհետեւ շատ նորերը իրենց հաջողության համար պարտական են ոչ թե իրենց խելքին, այլ բախտին, առավել ևս, որ այդ բախտի նախապատրաստությունը իրենք տեսնում են օտար երկրներում, կասկածելի խողովակներով»:

Վահե Գրիգորյանն առաջարկել էր, որ ՍԴ անդամները իրենց դիմումի համաձայն ազատվեն աշխատանքից եւ այդպիսով ճգնաժամը հաղթահարվի: «Բայց Վահե Գրիգորյանը բարոյական ի՞նչ իրավունք ունի, երեկ մեկ էսօր երկու, գա եւ պահանջի, որ բոլորը հրաժարական տան»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը` հավելելով` պատկերացրեք, որ այս իշխանությունների կողմից նշանակված տարբեր երիտասարդներ նման պահանջներ դնեն, ի՞նչ կստացվի: Սա մեր զրուցակիցը «պետականաքանդ մտածողություն» է համարում, այն դեպքում, երբ իշխանության առջեւ բազում խնդիրներ կան`սկսած տնտեսական հեղափոխությունից:

Զրույցի այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031