Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ շարունակվում է Դավիթ Շահվերդյանի վերաբերյալ քրեական գործով դատաքննությունը:
«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ավագ մանկաբարձ-գինեկոլոգը մեղադրվում է այն բանի համար, որ մեկ այլ մանկաբարձի՝ Արսեն Բալայանի (ավտովթարից մահացել է) հետ իրենց մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով չեն իրականացրել Հռիփսիմե Նազլուխանյանի հետծննդաբերական բուժմիջոցառումները, որի հետեւանքով անզգուշությամբ առաջացել է Հ. Նազլուխանյանի մահը:
Քրեական գործի շրջանակում նշանակված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Հ. Նազլուխանյանի ծննդաբերությունից հետո մանկաբարձ-գինեկոլոգների կողմից չեն կատարվել ծննդկանի հետծննդաբերական արյունահոսության հիմնական աղբյուր հանդիսացող վնասվածքի՝ արգանդի պատռվածքի վերականգնում եւ արյունահոսության դադարեցում: 32-ամյա կինը մահացել է 2016թ. հոկտեմբերի 18-ին:
Բժշկի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին:
Կարդացեք նաև
Օրեր առաջ՝ հունիսի 20-ին, բժիշկ Դավիթ Շահվերդյանի պաշտպան Արտակ Ոսկանյանը միջնորդել է հարցաքննել հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն իրականացրած հանձնաժողովի անդամ, գինեկոլոգ Գ. Օկոեւին։
Ի դեպ, մինչ այդ պաշտպանական կողմի միջնորդությունը բավարարվել էր եւ դատարանում հարցաքննվել էր հանձնաժողովի անդամ, դատաբժիշկ-փորձագետ Հ. Չախոյանը։ Ըստ պաշտպանական կողմի, Օկոեւը նեղ մասնագետ է, եւ կարող է տալ մի շարք հարցերի պատասխաններ, ինչին չէր կարողացել հանձնաժողովի անդամը պատասխանել:
Մեղադրող դատախազ Գ. Մանուկյանը չի առարկել միջնորդության դեմ։
Հիշեցնեմ, որ այս գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը: Նա դատարանին խնդրել է հաշվի առնել նաեւ գործը պատշաճ ժամկետներում քննելու պարտականության հանգամանքը եւ առարկել է պաշտպանական կողմի միջնորդության դեմ:
Մինչ օրս տեղի է ունեցել տասնհինգ դատական նիստ:
Դատարանը լսելով կողմերին՝ բավարարել է միջնորդությունը։
Նշեմ, որ դատարանում անցյալ տարվա հոկտեմբերին հարցաքննված «Վանաձոր» ԲԿ մանկաբարձ Լուսինե Քալաշյանը ներկա է եղել Հռիփսիմե Նազլուխանյանի ծննդաբերությանը:
Դատախազ Գ. Մանուկյանի հարցին, թե նրա կարծիքով ծննդկանը ո՞ր ժամին է մահացել, նա պատասխանել էր՝ վիրահատարան տանելուց՝ 22:40-ից շուրջ մեկ ժամ անց: Իսկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի հարցին էլ պատասխանելիս, ծննդաբերության ժամանակ ներկա եղած անձանց անունները թվարկելիս Դավիթ Շահվերդյանի անունը չէր տվել, ապա իրավապաշտպանի ճշտող հարցից հետո «հիշել», որ Դ. Շահվերդյանն էլ է ներկա եղել ծննդաբերությանը:
Մանկաբարձական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանն էլ դատական նիստերից մեկի ժամանակ նկարագրել էր, որ դեպքի օրը իրեն զանգել եւ կանչել են, երբ ինքը Երեւանի ճանապարհին է եղել: Անմիջապես շտապել է բժշկական կենտրոն, բայց արդեն ծննդկանը մահացած էր:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.06.2019