Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի օր գերեւարուած Հայրենիքում

Հուլիս 01,2019 12:30

«Հայրենիքը ընկճուած չէր: Հողն արժանապատիւ էր տատիկիս պէս: Սարերը խիստ էին Արարատի նման»

Արեւը շողում էր, քաղաքակրթութիւնն աւարտւում էր, Հայաստանի, Վրաստանի, Եւրամիութեան դրոշները մնացին այն կողմում, մտնում էինք մի տարածք, որտեղ ծածանւում էր Թուրքիայի արիւնոտ դրոշը:

Դարեր շարունակ Հայերը հարկ են մուծել Թուրքիային, նոյնիսկ այսօր, երբ մենք Հայկական անձնագրով գնում ենք մեր գերեւարուած Հայրենիք, մուտքի համար գումար ենք վճարում: Մի հարց է գլխիս մէջ: Ե՞րբ են թուրքերն ու Թուրքիան վճարելու մեզ իրենց կատարած վայրագութիւնների, անարդարութիւնների դիմաց, ե՞րբ ենք մենք վերցնելու մերը: Մենք առնուազն պէտք է զգանք դա մեր ներսում եւ պահանջենք բարձրաձայն: Մենք պիտի դադարենք ալարկոտ լինելուց ու ամենքս ճանաչենք մեր պահանջատիրութիւնը, յստակ իմանանք ինչն է մերը: Մենք Հայ ենք, դա հեշտ չէ, բայց դա կարեւոր է:

Մտանք Կարս: Այլ քաղաքակրթութեան մէջ էինք արդէն: Բազմաթիւ օտար մարդիկ: Օտար իրենց խառնուածքով, կեանքի ու աշխարհի նկատմամբ իրենց ընկալումով: Ովքե՞ր են սրանք: Այսքան օտար եւ այսքան անծանօթ, այսքան հարազատ ու այսքան Հայկական իմ Հայրենիքում:

Նրանց մէջ փնտրում էի Հայ մարդուն, 1915 թ. Ապրիլի 24 -ին ձերբակալուած ու խոշտանգուած Հայ մտաւորականի մարդասէր կերպարը, 1895-1923 թթ. բռնաբարուած, կողոպտուած, նուաստացուած Հայ կնոջ խոնարհ դէմքը, թշնամու թրի դէմ ելած Հայ առաջնամարտիկի առնական դիմագծերը: Դրանցից ոչինչ չկար…

Բազմաթիւ ծածանուող դրոշներ: Կարմիր կտորներ: Բայց ոգին, շունչը, օդը, քարերը, ջուրը, ծառերն… ամեն ինչ Հայկական է: Ծանօթ է: Հոգին ջերմացնող: Մի լեռը շփոթեցի Արմաղանի հետ, միւսը՝ Հատիսի, Ուտիքի լեռնաշղթան Գեղամայ լեռների: Ես ճանաչում եմ օտարութիւնը, այստեղ ամեն բան մերն է:

Արդահանի լեռներին նայելով մի կերպ էի զսպում, որ չճչամ: Խեղդւում էի: Բայց հաւաքեցի ինձ: Ամպերը տխուր էին, բայց Հայրենիքը ընկճուած չէր: Հողն արժանապատիւ էր տատիկիս պէս: Սարերը խիստ էին Արարատի նման: Ես Հայաստանում էի: Գերեւարուած Հայաստանում, որն իր մէջ ուժ գտաւ վերապրել Հայոց Մեծ Եղեռնը եւ շնչում է:

Հասանք Բագրատունիների շրջանի մեր մայրաքաղաք ԱՆԻ: Անին գեղեցիկ էր ինչպէս այն նորածին հրեշտակ մանուկներն, ում Հայերն Անի են անուանում: Կանգնած էի Ախուրեան գետի ափին: Մեր գլխաւերեում ծածանւում էր կարմիր կտորը: Միւս ափին Հայկական եռագոյնը: Կես ժամում կարող էի իջնել կիրճ, անցնել գետը եւ բարձրանալ մեր կողմ: Այնքան մօտիկ էր Հայրենիքը, բայց… այնպէս չէր, որ կարօտում էի: Այնտեղ էլ ինձ տանն էի զգում՝ Հայրենիքում: Ո՞ւր պիտի ուզեի գնայի: Վանքերը հրաշք էին, փառահեղ, սուրբ: Սրբերի պատկերների դէմքերը քերուած էին: Երեւում էին մարմնի մասերը, բայց դէմքեր չկային: Երեւի այնքան բնական են նկարազարդուած եղել, որ մարդակեր գազանները վախեցել են նրանց հայեացքներից եւ աչքները հանել էին:

Շարժւում էինք Բայազետ: Ձախից մեզ երկար ժամանակ ուղեկցում էր Հայ լեռնաշխարհի հսկայ Արագածը: Իր զօրակցութիւնն էր յայտնում նաեւ Արայի լեռը: Արայից աջ պարզ երեւում էր մայրաքաղաք Երեւանիս մի մասը: Դիմացից ողջունում էր մեծ Մասիսը: Արարատն այն կողմից էլ շատ սիրուն է:

Մի բան էլ: Չգիտեմ ինչու են մեր հայրենակիցներից շատերն Արեւելեան Հայաստանի այդ հատուածը (Կարս, Արդահան եւ այլն) անուանում Արեւմտեան Հայաստան: Ներկայիս ՀՀ Շիրակի մարզում էլ կան Անիի եկեղեցիներից: Ի դէպ նոյն կիսաքանդ վիճակում: Դա էլ է անհասկանալի, քանզի այդ վանքերից մի քանիսը անկախ Հայաստանի կազմում են փաստացի եւ իրաւականօրէն:

Ամենից անմոռանալին Վասպուրական աշխարհն էր՝ Վանայ լիճը, Սիփանն ու Արտոսը, Վանի բերդը, Աղթամարը: Զգում էի, որ նախկինում հազար անգամ տեսել եմ այն: Տեսել եմ Հայ մեծ հերոս եւ գեղանկարիչ Փանոս Թերլեմեզեանի նկարներում, Գուրգէն Մահարու, Լեռ Կամսարի գրուածքներում:

Ամեն սարի մէջ մի աւերուած վանք էր թաքնուած: Հազարամեայ կամուրջները կանգուն էին:

Ամեն ժամ աւելի էի հանգստանում: Ամեն ինչ պարզ էր: Հայրենիքը գերի է ընկած, պէտք է ազատագրել: Մնում է գտնել դա անելու լաւագոյն տարբերակը: Ինչքան շատ հասցնենք, այնքան յաջորդ սերնդին հեշտ կլինի:
Մենք վերադարձանք, իսկ Հայենիքը մնաց բանտում: Ես չզգացի, որ այլ երկիր եմ մուտք գործել: Մուշում այդքան թուրքականն ու թուրքերէնը մարում էր Հայկական լեռների ու երկնքի շողքի տակ:
Եւ այսքանից յետոյ եթէ ինձ հարցնեն երբեւիցէ եղել եմ Թուրքիայում, ես վստահ կպատասխանեմ՝ երբեք:

Դաւիթ ԱՂԱՋԱՆԵԱՆ
ՏԻՐ հայագիտական կենտրոն
«Առավոտ» օրաթերթ,

29.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031