Լրահոս
Օրվա լրահոսը

«Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը». Վարչապետը դատախազության տոնին դասականներից մեջբերումներ արեց ու հիշեց հայտնի ասացվածքը

Հուլիս 01,2019 11:49

Դատախազության աշխատողի օրվա եւ դատախազության կազմավորման 101-րդ տարեդարձի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ ու Միքայել Նալբանդյանից մեջբերումներ արեց՝ «Օրենքը պատժում է հանցավորին, ասիացին տեսանում է այստեղ մի լոկ վրեժխնդրություն, բայց մենք տեսանում ենք հասարակաց իրավունքի պաշտպանություն»:

Վարչապետի խոսքով՝ մեր իրականության մեջ արդարության եւ արդարադատության պակասը հայ ժողովրդին պառակտող ամենամեծ գործոնն է, երբ մարդկանց բաժանում է առաջին եւ երկրորդ կարգի. «Ես մտաբերում եմ «Աղքատի պատիվը» հանրահայտ պատմվածքը, որը մի օրինակ է նրա, թե ինչպես շարքային քաղաքացու իրավունքները ոտնատակ են արվել»: Փաշինյանը հիշեց նաեւ հայտնի ասացվածքը՝ «Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»:

Դասականներին մեջբերելուց հետո Փաշինյանն ասաց, որ ամենեւին էլ դա նոր խնդիր չէ, շատ երկար ժամանակ այս խնդիրներն ուղեկցել են մեզ ու հիմա այս խնդրի լուծումն է ամենակարեւոր առաքելությունը. «Դատախազության գործունեության արդյունքում է, որ «տերովին տերն է տարել, անտերին գելը» արտահայտությունը պետք է դառնա թանգարանային բանահյուսական պատմություն: ՀՀ քաղաքացին պետք է զգա, որ պետությունը ամուր կանգնած է իր մեջքին, իր թիկունքին, ՀՀ յուրաքանչյուր մարդ պետք է զգա, որ պաշտպանված է մեր երկրում այնպես, ինչպես կայացած ընտանիքներում: Ընտանիքում էլ մարդիկ պետք է իրենց նույնքան պաշտպանված զգան, ինչպես պետությունում»:

Նա ասաց, որ դատախազության աշխատանքն անթերի չէ, «Մեզանից ոչ մեկի գործունեությունն է անթերի չէ ու դժվար է ասել՝ կկարողանա՞նք մենք հասնել կատարելության»: Բայց, այնուամենայնիվ, նա ասաց, որ դատախազությունը պատրաստ է կատարել այն գործառույթը, որը իշխանության բարձրագույն կրողը՝ ժողովուրդը դնում է իր առաջ: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ դատախազությանը՝ կատարած աշխատանքի համար:

Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ից պետք է արմատախիլ արվի քրեական մշակույթը, հանցագործի տեղը բանտում է: Հանցագործի սպառնալիքները պետք է առնվազն կառավարելի տիրույթում լինեն: Անդրադառնալով կոռուպցիային՝ վարչապետն ասաց, որ դատախազության գործառույթները պետք է լինեն տեսանելի, ընդ որում, կոռուպցիա ասելով՝ չպետք է հասկանալ միայն նախկիններին, նաեւ ներկա պաշտոնյաներին: Նրա խոսքով՝ անցյալի ու ներկայի ճամփաբաժանի ու խաչմերուկի առաջ ենք կանգնած ու անցյալի առաջ կարմիր լույս պետք է վառել, ապագայի առաջ՝ կանաչ լույս:

Դատախազության մի շարք պաշտոնյաներ պարգեւատրվեցին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031