ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ եւ Լողի հայկական դաշնության ջանքերով անցած տարվա հունիսի 30-ին հիմնանորոգումից հետո Հրազդանում բացեց Լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցը, որը դարձել է քաղաքում ջրային մարզաձեւերի զարգացման կենտրոն:
Ուղիղ մեկ տարի հետո անցկացվեց մարզադպրոցի պատանեկան անդրանիկ բաց առաջնությունը, որին մասնակցեցին շուրջ 70 պատանի լողորդներ, այդ թվում նաեւ Երեւանից ու Իջեւանից:
Կարդացեք նաև
Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ սա ինչպես Հրազդան քաղաքում, այնպես էլ Կոտայքի մարզում լողի մասսայականացման ուղղությամբ առաջին քայլն է: «Սա հատկապես հրազդանցի երեխաների համար առաջին լուրջ մեկնարկն էր, իսկ ցույց տված արդյունքները, փաստացի, դարձան մարզադպրոցի ու իրենց անձնական ռեկորդները, ինչը նրանք կհիշեն ամբողջ կյանքում: Ինձ ուրախացրեց, որ պայքարն աշխույժ ստացվեց ու բազմաթիվ հրազդանցիներ էին եկել հետեւելու եւ աջակցելու իրենց քաղաքի պատանի լողորդներին: Հուսով եմ, որ մոտ ապագայում արդեն այս մարզադպրոցի լողորդներն էլ կմասնակցեն Հայաստանի տարիքային խմբերի առաջնություններին, ինչպես եղավ Իջեւան քաղաքի հետ, երբ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ այնտեղ լողի մարզադպրոց հիմնվեց»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ