Լրահոս
Օրվա լրահոսը

Շախմատը՝ այժմ արդեն «Լիդեր» խաղը հավակնում է դառնալ ժողովրդից սերված առաջնորդին կերտող գործիքներից մեկը

Հուլիս 01,2019 11:30

Շախմատ՝ թարգմանաբար նշանակում է շահին մահ, մահ արքային, մահ փարավոնին, մահ միապետին, մահ նախագահին։ Երկար տարիներ Պարսկաստանում եւ Չինաստանում այս խաղը արգելված էր՝ հիմքում այն գաղափարը, որ արքային սպանել չի կարելի, զինվորը իրավունք չունի հարձակվել արքայի վրա, առավել եւս՝ դառնալ թագուհի։ Խաղ, որտեղ մտքում ծնվում եւ մշակվում են հաղթանակի հասնելու գաղափարներ, որոնք իրագործվում են խաղատախտակի վրա, իրականության մեջ։ Խաղ, որ դարեր շարունակ մարդկանց մտքերը մարզել ու ուղղորդել է՝ պայքարի դուրս գալ ոչ միայն արտաքին թշնամիների (կոռումպացված տոհմապետից մինչեւ միապետ, նախագահ) դեմ, այլ նաեւ հանուն ներքին ազատության։

Տարիներ շարունակ մարդկանց հուզել է, թե ինչ է շախմատը՝ սպո՞րտ, արվե՞ստ, գիտությո՞ւն։ Ես կավելացնեի՝ պայքարի քողարկված մեթոդաբանություն դարեր շարունակ ընթացող ժողովրդավարության ճանապարհին։ Շախմատը նաեւ հոգեւոր դաստիարակություն է տալիս, ուր կա ծնունդ (խաղի սկիզբ), մահ (խաղի ավարտ) եւ հավերժություն, երբ ֆիգուրներն ու զինվորները պահվում են նույն արկղում մինչեւ նոր խաղ։ Եթե մարդկանց գործունեությունը ղեկավարվում է աստվածների կողմից, ֆիգուրների գործողությունները կառավարվում են մարդկանց կողմից՝ փայլուն կերպով ներդաշնակելով բանականության եւ նյութականի կապը։

Շախմատը սոցիալական խաղ է եւ այն իր վճռորոշ դերը դարերի խորքից կատարել է ժողովրդավարության ճանապարհին: Եվ այժմ արդեն քանի որ աշխարհի պետությունները հիմնականում ընթանում են ժողովրդավարական ճանապարհով, շախմատը այլեւս կատարել է իր խնդիրը: Մտավոր զարգացման բնագավառում աշխարհում տիրող նոր իրավիճակին համահունչ նոր փոփոխությունների կարիք է զգացվում, այժմ արդեն աշխարհում շատ պահանջված է լիդերի՝ առաջնորդի դերը եւ շախմատը իրավամբ կարող է այդ դիսցիպլինի հայտնաբերման եւ զարգացման գործում լուրջ դեր խաղալ։

Լիդերը իր մտավոր եւ ֆիզիկական ներուժով, նպատակասլացությամբ, հավատով, արժեհամակարգով, մարդկության նկատմամբ վերաբերմունքով, ժամանակի եւ կեղծի զգացողությամբ, համարձակությամբ եւ սառը դատողությամբ պետք է էապես առանձնանա, որպեսզի դառնա ընկալելի եւ ընդունելի։ Նա պետք է պատրաստ լինի կանգնել ընտանիքի, հայրենիքի, համամարդկային արժեքների պաշտպանության առաջնագծում։ Շախմատը վերոհիշյալ արժեքների դաստիարակության գործում կորցրել է իր արդիականությունը։ Խաղ, ուր արքան, որի գոյությամբ է համեմված խաղի իմաստը, հանուն որի անվտանգության կոտորվում են զինվորից թագուհի, որը միաժամանակ ինը թագուհի կարող է ունենալ, մի խղճուկ, հազիվ տեղաշարժվող, աչքը վախեցած թիրախ է եւ ունակ չէ նպաստելու զարգացումներին ողջ խաղի ընթացքում, չգիտես ինչու, արքա է կոչվում եւ այլեւս չի համապատասխանում ժամանակակից արժեհամակարգի մարտահրավերներին։

Առաջարկում եմ, որ արքան քայլի նաեւ ձիու նման (արքան՝ լիդերը պետք է տիրապետի ժամանակակից բոլոր հնարքներին), հանել փոխատեղության կանոնները (երկու ֆիգուրով 1 քայլի անհրաժեշտությունը վերանում է) եւ վերացնել պատ հասկացությունը։ Մատը (մահը) միայն ավարտի խորհրդանիշը չէ, այն նաեւ անմահություն է, կարծում եմ՝ հաղթանակի համար բավարար է անելանելի վիճակը։ Խաղն ավարտվում է, երբ կողմերից մեկը այլեւս զրկված է կանոնների սահմանում հերթական քայլ կատարելու հնարավորությունից։ Շախմատի մնացած կանոնները մնում են անփոփոխ։

Խաղը նման կանոններով արդիական հմայք է ձեռք բերում, վերականգնվում է իրականության զգացողությունը, ի չիք են դառնում կեղծ արժեքները, տրամաբանության, մտածելակերպի, վերլուծող ունակությունների դրսեւորումները իրատեսական հենքի վրա են զարգանում։ Մի խոսքով, արքան դառնում է արքա, թագուհին՝ թագուհի, զինվորը՝ զինվոր։

Ի վերջո, արքան փոխարինվում է լիդերով, որը ոչ միայն ժողովրդավարության անհրաժեշտ եւ բավարար բարձրագույն արժեք է, այլ նաեւ կրոնական։ Ես կարծում եմ, որ Աստվածաշնչում բնագրից ճիշտ չի թարզմանված այն գաղափարը, ուր ասվում է՝ հնազանդ եղեք իշխանություններին: Ես կարծում եմ, որ աստվածային պատգամը պետք է լինի հնազանդ եղեք առաջնորդներին՝ ի վկայություն մեր Տեր Աստված ժողովրդի առաջնորդ Քրիստոսի, որն իր ունակություններով եւ գաղափարներով մեզանից մեկն էր, նաեւ որի մեջ յուրաքանչյուրս մեզ ենք փնտրում ու գտնում ե՛ւ որպես հոգեւոր առաջնորդի, ե՛ւ որպես առ Աստված փրկության լույս կյանքի ու մահու ճանապարհին։

Վերոհիշյալ չնչին փոփոխություններով խաղը դառնում է առավել հետաքրքիր, իրականությանը համահունչ, ավելի կիրառական եւ պահանջված մտավոր ունակությունների բազմակողմանի դաստիարակության բնագավառում, վերանում են անհրապույր ոչ-ոքիները, խաղը պահպանում է իր հետաքրքրությունը բոլոր փուլերում։ Նույնիսկ, երբ խաղատախտակին մնում են միայն արքաները, խաղը շարունակում է պահպանել իր հմայքը, պայքարի ոգին։

Փոփոխությունները համահունչ են ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը, որ տեղի ունեցավ Հայաստանում, ուր նախազահը ընկավ անելանելի վիճակի մեջ, պարտվեց ժողովրդի առաջնորդին, բայց չմահացավ։

ՀՈՎԻԿ ԽԱԼԻԿՅԱՆ

վաստակավոր մարզիչ,

ՖԻԴԵ-ի վարպետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031