«Առաջին դասարանի աշակերտներին անվճար համակարգիչ տրամադրելու՝ «Մեկ երեխա-մեկ համակարգիչ» ծրագրի արդյունավետ իրականացման գործում յուրաքանչյուր օղակ անփոխարինելի է իր կատարած գործառույթով, սակայն հատկապես ուսուցիչներին առանցքային դեր է վերապահված:
Մեր հարցումների, «Դասագրքերի եւ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի» տարեկան հաշվետվությունների, ինչպես նաեւ մենթոր-ուսուցիչների հաշվետվությունների արդյունքները համադրելով՝ կարող ենք պնդել, որ ուսուցիչների գերակշիռ մասը դրական է տրամադրված ծրագրի նկատմամբ, սակայն նրանք մատնացույց են անում մի շարք խնդիրներ ու դժվարություններ, որոնք ծագել են ծրագրի իրականացման ընթացքում:
Ստորեւ ներկայացնում ենք ուսուցիչների հետ մեր զրույցներից եւ մենթոր-ուսուցիչների հաշվետվություններից համառոտ հատվածներ.
Կարդացեք նաև
Մարիամ Հակոբյան,
Սարավանի հիմնական դպրոց
«Ինձ համար ծրագիրը չափազանց կարեւոր է: Ես լուրջ փոփոխություններ եմ արձանագրել. սովորողների համար կրթությունը, դասաժամն առավել հետաքրքիր ու գրավիչ են դարձել: Աշակերտների ոգեւորությունը չափազանց մեծ է: Իմ աշակերտներն այսօր լիարժեքորեն տիրապետում են գրասալիկներով աշխատելու հմտություններին: Մենք անգամ ինտերնետ կապի խնդիր չենք ունեցել. մեր երեխաների թիվը փոքր է, կապի որակը բավարարում է: Ես ծրագիրն ամբողջությամբ դրական ու արդյունավետ եմ գնահատում»:
Նազելի Գրիգորյան,
Խնձորուտի միջնակարգ դպրոց
«Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ ՏՀՏ-ների հետ առնչությունը պարտադիր է: Եթե երեխաներին վաղ տարիքից սովորեցնենք ՏՀՏ-ների հետ աշխատելու հմտությունները, նրանք ավելի լավ կհասկանան՝ ինչ նպատակի ծառայեցնել իրենց գիտելիքները: Միանշանակ, ծրագիրը կարեւորում եմ: Սակայն մենք ունենք շատ լուրջ խնդիր, որի լուծումը չափազանց հրատապ է: Խոսքս ինտերնետ կապի որակի մասին է: Ինչ վերաբերում է ծնողների դժգոհություններին, ես ինքս նաեւ ծնող եմ: Ամենամեծ մտահոգությունը գրասալիկների ծանրությունն է: Դրանք դպրոցում պահելը եւս տեղին չէ, քանի որ տնային հանձնարարություններ կատարելիս սովորողները պետք է օգտվեն գրասալիկից»:
Մարինե Խաչատրյան,
Արտավանի միջնակարգ դպրոց
«Այսօր երկու դասաժամ արդեն ունեցել ենք, երկուսի ընթացքում էլ օգտվել ենք գրասալիկից: Մաթեմատիկայի դասաժամին թեման բազմապատկման տեղափոխական հատկությունն էր: Մենք օգտվեցինք հաշվիչ ծրագրից, որպեսզի երեխաները համոզվեն, որ արտադրիչների տեղերը փոխելիս արտադրյալը չի փոխվում: Մայրենի լեզվի դասաժամին աղվեսի մասին առակ պիտի ընթերցեինք, կրկին օգտվեցինք գրասալիկից: Ես շատ արդյունավետորեն օգտագործում եմ գրասալիկը՝ գրեթե ամեն օր՝ բոլոր առարկաների շրջանակում»:
Համեստ Սարգսյան,
Ջերմուկի կրթահամալիր
«Ծրագիրն արդիական լինելու առումով, իհարկե, կարեւոր է: Բայց ես համոզված եմ, որ գրասալիկներն ինչ-որ չափով նույնիսկ խանգարում են: Աշակերտներին հեռացնում են գրքից, շեղում ուշադրությունը, քանի որ դրանք ավելի գրավիչ են: Հետ են վարժեցնում կարդալու, գրելու կարողությունները: Ես կարծում եմ՝ դեռ վաղ է Հայաստանում այս ծրագիրը ներդնելու համար»:
Եվա Հարությունյան,
Եղեգիսի միջնակարգ դպրոց
«Ցանկացած ծրագիր՝ լինի կրթության, թե այլ ոլորտում, առաջին հերթին հոգեբանական խնդիր է: Մենք հոգեբանորեն պատրաստ չենք դրան. ոչ մենք, ոչ երեխաները, ոչ ծնողները, ոչ համայնքը, ոչ հասարակությունը: Ես անկեղծ կլինեմ՝ եթե մեզ համար ապահովվեն կատարյալ պայմաններ, գրեթե ոչինչ չի փոխվի: Մենք ժամանակի խնդիր ունենք, որպեսզի կարողանանք ինտեգրվել այս ծրագրին: Որպես խնդիր կառանձնացնեի նաեւ ծնողների անտարբերությունը: Եթե նա չի հետաքրքրվում, թե իր երեխան ինչով է զբաղվում դպրոցում, ինչպե՞ս կարող է հոգեբանորեն պատրաստ լինել, որ երեխան էլեկտրոնային պաշարներ օգտագործի: Կրկնում եմ՝ մենք առաջին հերթին հոգեբանական խնդիրներ ունենք, մենք պետք է կարողանանք ելք գտնել՝ լուծելու այդ խնդիրները, ապա մտածենք կապի եւ տեխնիկական խնդիրների մասին»:
Հատվածներ՝ մենթոր-ուսուցիչների հաշվետվությունից
Եղեգնաձորի հ.1, h.2, Աղջնաձոր
«Ուսուցիչների կարծիքով՝ այս Ծարգիրը պետք է իրականացնել ավելի բարձր դասարաններում»:
Քարագլուխ, Խնձորուտ, Մալիշկայի հ2,. Արին
«Ուսուցիչները շնորհակալ են կազմակերպված վերապատրաստումների համար, օգտվում են ձեռնարկներից, սակայն նշում են, որ իրենց ՏՀՏ գիտելիքները դեռ բավարար չեն լիարժեք եւ անթերի աշխատելու համար: Նաեւ նշում են, որ դժվար է կազմակերպել աշխատանքները մեծ թվով սովորողներ ունեցող դասարանների հետ»:
Այսպիսով՝
v Ինչպես վերը նշեցինք, ուսուցիչների գերակշիռ մասը դրական է տրամադրված ծրագրի նկատմամբ: Նրանք համարում են, որ ժամանակակից աշխարհում անհրաժեշտություն է երեխաներին վաղ տարիքից ՏՀՏ-ներին հաղորդակից դարձնելը:
v Միաժամանակ նրանք մատնանշում են խնդիրներ (մասնավորապես՝ տեխնիկական)՝ վստահեցնելով, որ դրանք խոչընդոտում են ծրագրի արդյունավետ իրականացմանը:
v Նրանց մտահոգում է ծնողների՝ երբեմն հակասական տեսակետները:
v Կան ուսուցիչներ, որոնք համոզված են՝ գրասալիկներն ավելի շատ բարդացնում են դասապրոցեսը, եւ դրանց կիրառումն անարդյունավետ է:
v Կան դասվարներ, որոնք առաջարկում են գրասալիկները կիրառել ոչ թե այս կամ այն առարկաների շրջանակում, այլեւ առանձին դասաժամ հատկացնել:
v Ուսուցիչների գերակշիռ մասը գոհունակությամբ է խոսում վերապատրաստումների մասին՝ այնուամենայնիվ նշելով, որ գիտելիքները թարմացնելու անհրաժեշտություն կա:
v Գոհունակությամբ են խոսում նաեւ ուսումնական ձեռնարկների մասին՝ նշելով, որ դրանք բավականին արդյունավետ են:
v Հատկապես այն ուսուցիչները, որոնք կարողացել են սեփական ռեսուրսներ ստեղծել, առավել լուրջ արդյուքներ են արձանագրել:
Ուսուցիչների մտահոգությունների, առաջարկների վերաբերյալ զրուցեցինք նաեւ «Դասագրքերի եւ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի» գործադիր տնօրեն Գոռ Գասպարյանի հետ:
Ի պատասխան դիտարկմանը, թե որոշ ուսուցիչներ առաջարկում են առանձին դասաժամ հատկացնել գրասալիկներով աշխատելու համար՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Թյուր տպավորություն է ստեղծվել, թե գրասալիկները պետք է անընդհատ օգտագործել: Իրականում դա այդպես չէ: Գրասալիկների օգտագործումն ինքնանպատակ չպիտի լինի: Այն պետք է կախված լինի դասաժամի պլանավորումից: Անհրաժեշտ է ճիշտ պահի կողմնորոշվել եւ օգտագործել: Իսկ դրանից ելնելով՝ ես ենթադրում եմ, որ չի կարող առանձին դասաժամ լինել»:
Գոռ Գասպարյանի խոսքով՝ «Մեր ուսուցիչների հիմնական մասը պատրաստ է, ցանկություն ունի սովորելու, մասնակցելու ծրագրին, պարզապես մենք խնդիր ունենք դպրոցում համապատասխան միջավայր ստեղծելու»:
ՀԱՍՄԻԿ ԳՅՈԶԱԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
29.06.2019