Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Գրեթե այսքան․ «Մշակութային Հրապարակ»

Հունիս 30,2019 19:16

1․

Աստղերը հաշվել։ Ծովը անջրդի
Հերկել ներբողով՝ ջուրն աղազերծել,
Համբույր ուղարկել մահվանից անդին,
Փոխադարձումից երկինքը քերծել։

Ինչ զուլալ էին, ինչ զարմանալի
Պատկեր-գույները ցնծուն մանկության,
Տարուբերվելով ալիք առ ալիք՝
Հիշել ամենը սառը դառնությամբ։

Մի մնա այստեղ։ Ականապատիր
Տեղանքը թաքուն մանուշակներով,
Որ երբ խաղաղվեն տուն, գիր ու պատիվ,
Պայթյունով բացվի դուռը յոթներորդ։

2.

Մաղով ջուր տանել։ Ձյուն ու կրակի
Միջով մոտենալ անայստեղության,
Պսակազարդել եկող կիրակին
Անառարկելի բանաստեղծությամբ։

Մի մնա այստեղ։ Մի գոտեպնդիր
Ինքզինքդ բարու-չարի հանգույցով,
Ձեւը փոխում է իր վարքը ընտիր,
Ընթանում լրիվ այլ ուղեցույցով։

Մխիթարության մի տող արձակիր՝
Արցունքի մեջ՝ բառ, բառի մեջ՝ արյուն,
Աչքդ ամբողջ կյանք տեւող կայծակին՝
Ինչպե՞ս ապրեցիր այսքան լիարյուն։

3.

Արեւի շողը սեղանից սրբել,
Աջ ուսը առաջ՝ աջ գնալ սակայն,
Երեկվա օրը ավելի ցրտեց,
Վաղվա մեջ նորից մնալ ձեռնունայն։

Մի մնա այստեղ։ Մի ասա բաներ,
Որ չեն փրկելու առանձնացումից,
Միայն լիանալ ու գոհաբանել,
Մինչեւ մոտենաս խաղաղ անցումին,

Որ թեթեւ լինի։ Որ չաղավաղվի
Այլասացությամբ պատկերը այլոց,
Սեղանից սրբած շողի մեջ թաղվիր,
Անանուն դարձիր շեշտակի քայլով։

4.

Քամին տուն տանել։ Աղ ցանել աղին,
Շնչել դեպի դուրս, ներս արտաշնչել,
Արտապատկերվել քաղցր ու դառնաղի
Ինքնակա իջնող հանգերին հնչեղ։

Տաղաչափության անգիր կանոնով
Գրել՝ խառնելով անապեստ ու յամբ,
Էլ անվերադարձ գնալ Քարոնով,
Շրջվել ու նայել նախկին ուղղությամբ։

Մի մնա այստեղ։ Բառ ու բանի մեջ
Չի շնչավորվի անձդ անձանձիր,
Առոգանություն դարձիր անընդմեջ՝
Ջրերի վրա, մարմնից առանձին։

5.

Մի մնա այստեղ։ Կասկած ու մոխիր։
Ի՞նչ է լինելու այլուրեքության
Դռներից այն կողմ։ Ել-բարեփոխիր
Ներբող ու ողբի վարքդ լռությամբ։

Պարզ անուն միայն, պարզ ու բացառիկ,
Որ զրնգոցով եղավ ու անցավ,
Որպես վիրակապ-փետուր մացառին
Կամ սոսափ սոսի օրերում անցած։

Գրի ու սիրո վառ միջակայքում
Բոցավառվել է վարդը անունիդ,
Այստեղից հեռու շշնջալ թաքուն՝
Հանուն հոր, որդու, հոգու։

Հանուն ինձ։

6.

Բոցը գրառել, կետադրել մտոք։
Ամենակերպվել ու անբացակա
Չորս կողմը նայել։ Հիշել տող առ տող
Ճառագայթները քեզնից արձակած,

Որ քաղցր եղան եւ եղան լեղի,
Որ ձայնարկեցին անուն առ անուն
Շնչավորներին հրաշք այս տեղի,
Ուր զառիթափով քարն է բարձրանում։

Ուր ծառն է ծաղկում, եւ չկա մի ձեռք,
Որ պտուղ քաղի։ Ուր հասկն է ծլում,
Եւ չկա հնձվոր։ Մի մնա այստեղ։
Մահը գալիս է, սերը՝ այցելում։

7.

Լուսարար գիշեր ներթափանցումի՝
Երեսը շրջել, ակն ընդ ական,
Ժամանակն հասավ իր լիացումին՝
Անձեւ քաոսին հավիտենական։

Ի՞նչ մնաց հետքի լաբիրինթոսում՝
Մի ձայնարկություն, մի վերջին հագագ՝
Հրաժարումի այս հարահոսում
Նոր նախամուտքի զանգ ու ահազանգ։

Փակ դուռը փակել։ Գնալ դեպի ետ՝
Մտապահելով հաշիվը աստեղց,
Մեն-մենակ մնալ զվարթ լույսի հետ,
Իջնող ձայնի հետ՝ մի մնա այստեղ։

 

Աղվան ՎԱՐԴԱՆՅԱՆ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930