Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես պարզել, թե հատկապես որ վիտամինն է պակասում օրգանիզմին

Հունիս 30,2019 23:00

Այս կամ այն վիտամինի պակասն ընդհանուր առմամբ բացասաբար է անդրադառնում օրգանիզմի աշխատանքի վրա։ Ավիտամինոզի մասին իմանալու ամենաարդյունավետ տարբերակը բուժհաստատությունում համապատասխան անալիզների հանձնումն է, սակայն երբեմն հենց օրգանիզմն է «բարձրաձայնում» որոշակի վիտամինների անբավարարության մասին, և օրգանիզմի «լեզուն» հասկանալու դեպքում կարելի է կռահել, թե հատկապես որ վիտամինի կարիքն ունի․ այս առումով հատուկ ուշադրության է արժանի մաշկի, եղունգների ու մազերի վիճակը։

Վիտամիններն օրգանիզմի համար թեև «շինանյութի» դեր չեն կատարում, բայց կենսականորեն անհրաժեշտ են բոլոր օրգան-համակարգերի լիարժեք կենսագործունեության համար, քանի որ մի շարք կարևորագույն գործառույթներ ունեն․

  • մասնակցում են արյունաստեղծմանը,
  • կարգավորում են նյութափոխանակությունը,
  • կարգավորում են նյարդային, սիրտ-անոթային, իմունային ու մարսողական համակարգերի աշխատանքը,
  • ակտիվորեն մասնակցում են ֆերմենտների արտադրմանն ու աշխատանքին,
  • նպաստում հորմոնների արտադրմանը,
  • բարձրացնում են իմունիտետը,
  • հոգում մաշկի, մազերի, եղունգների առողջոթյան մասին։

Ո՞ր վիտամիններն են անհրաժեշտ մաշկին

Մաշկն օրգանիզմի առողջությունն ու վիտամինային հավասարակշռությունն արտացոլող հայելին է։ Հենց մաշկն է առաջին հերթին արձագանքում վիտամինների, հանքանյութերի և այլ սննդանյութերի պակասին։

Մաշկի չորությունն ու գունատությունը, վաղաժամ կնճիռների առաջացումը, ազդրերի և ուսերի շրջանում «սագի մաշկը» կարող են հուշել նիկոտինաթթվի,  Е и А վիտամինների պակասի մասին։

Ճարպոտ, թեփոտվող մաշկը՝ վիտամին В12-ի պակասի մասին է խոսում։

Կորյակների ու պիգմենտային բծերի առաջացումն ահազանգում է А, Е, D, К, F վիտամինների անբավարարության մասին։

Մաշկի դեղին անառողջ երանգը հուշում է, որ ժամանակն է ավելի մեծ ուշադրություն դարձնել վիտամին В12 պարունակող սննդամթերքներին։

Վերքերի դանդաղ ապաքինումն ու կապտուկների հաճախակի առաջացումը վկայում են անոթների փխրունության մասին, ինչը Р և С վիտամինների պակասի հետևանք է։

Քորով ուղեկցվող տարբեր ծագման մաշկային խնդիրները կարող են B խմբի վիտամինների ու յոդի անբավարարության հետևանք լինել։

Քիթ-շրթունքային եռանկյունու և ճակատի շրջանում չոր ու կարմրած մաշկը վիտամին В6-ի պակասի մասին է վկայում։

Մաշկի վրա պզուկների, ցանի առաջացումը կարող է երկարատեւ փորկապության հետևանք լինել, որն էլ իր հերթին կարող է առաջանալ B խմբի վիտամինների պակասի պատճառով։

Մաշկային խնդիրների հաղթահարման համար արժե սննդակարգը հարստացնել հետևյալ մթերքներով․

  • ընկուզեղեն,
  • ցորենի թեփ,
  • բուսական յուղեր (հատկապես ձիթայուղ),
  • բնական յոգուրտ,
  • նարնջագույն ու կարմիր բանջարեղեն,
  • ձու,
  • լյարդ,
  • ցիտրուսային մրգեր,
  • ավոկադո,
  • ծովային կաղամբ,
  • յուղոտ ձկնատեսակներ ու ծավամթերք,
  • միս,
  • կանաչ թեյ։

Ո՞ր վիտամիններն են հարկավոր մազերին

Եթե օրգանիզմը ստանում է անհրաժեշտ քանակությամբ վիտամիններ, մազերն առողջ, փայլուն տեսք են ունենում, իսկ ավիտամինոզը մազերը դարձնում է չոր, փխրուն, ճյուղավորված ու խամրած։

Շատ ճարպոտ մազերը խոսում են РР և В2 (կամ ռիբոֆլավին) վիտամինների պակասի մասին։

Չոր գլխամաշկը, որը քոր է գալիս, ահազանգում է E և B խմբի վիտամինների պակասի մասին։

Եթե մազերը թափվում են, ուրեմն սննդակարգն արժե հարստացնել ֆոլաթթվով ու վիտամին A-ով հարուստ մթերքներով։

Թեփի առաջացման պատճառներից մեկը կարող է լինել В12 и В6 վիտամինների անբավարարությունը։

Գլխամաշկի մազարմատների բորբոքումն ահազանգում է վիտամին A-ի պակասի մասին։

Վաղաժամ սպիտակ մազերը, որոնք նաև խամրած են, խոսում են B խմբի վիտամինների պակասի մասին։

Մազերի աճի դանդաղումը վիտամին E-ի անբավարարության հետևանք կարող է լինել։

Մազերի համար օգտակար են հետևյալ մթերքները․

  • բանանը,
  • կաթնամթերքը,
  • արևածաղկի սերմերը,
  • հացահատիկները,
  • կիվին,
  • ընդեղենը,
  • լյարդը,
  • ծովային ձկնատեսակները,
  • սպանախը,
  • լոբազգիները։

Ո՞ր վիտամիններն են անհրաժեշտ եղունգներին

Եթե եղունգները լավ են աճում, եղունգի շերտը հարթ ու վարդագույն է, իսկ եղունգների շրջանի մաշկը զերծ է ճաքերից, ուրեմն օրգանիզմը ստանում է բավարար քանակությամբ վիտամիններ ու հանքանյութեր։

Եղունգի շերտազատումն ու դեղին երանգը վկայում են բիոտինի (B7), վիտամին C-ի,  կալցիումի, մագնեզիումի անբավարարության մասին։

Խորը ծլեպները խոսում են բիոտինի, A, E վիտամինների պակասի մասին։ Եղունգների վրա սպիտակ բծերի առաջացումը վկայում է նիացինի (վիտամին B3) անբավարարության մասին։

Եթե եղունգի շերտի վրա կան դեղին գույնի ակոսներ, ուրեմն օրգանիզմին անհրաժեշտ է վիտամին В1։

Եղունգի շերտի դեղնավուն երանգը վկայում է վիտամին C-ի անհրաժեշտության մասին։

Եղունգների ծռվածությունն ու փխրունությունը А և В6 վիտամինների անբավարարության նշան է։

Եղունգների դանդաղ աճը В3 վիտամինի պակասի կամ կալցիումի վատ յուրացման հետևանք է։

Եղունգի շերտի հաստացումը վիտամին A-ի անբավարարության մասին է հուշում։

Եղունգների համար օգտակար են հետևյալ մթերքները․

  • ձողաձկան լյարդը,
  • ձկնեղենն ու ծովամթերքը,
  • կաթնամթերքը,
  • ձուն,
  • գազարը,
  • ընկուզեղենը,
  • ցիտրուսայինները,
  • սպիտակ սունկը,
  • բրոկոլին,
  • դդմի սերմերը,
  • արմավը,
  • ծովային կաղամբը,
  • վարսակաձավարն ու հնդկաձավարը,
  • վարունգը։

Նշենք, որ առողջական խնդիրների մասին կարող են պատմել նաև աչքերն ու բերանի խոռոչի վիճակը։

Ո՞ր վիտամիններն են հարկավոր աչքերին

Կտրուկ թարթելու դեպքում աչքերի առջև «ճանճեր» են հայտնվո՞ւմ․ պատճառը կարող է թաքնված լինել վիտամին D-ի պակասի մեջ։

Մթնշաղում վատ տեսողությունը կարող է վիտամին A-ի անբավարարության հետևանք լինել։

Եթե կոպերը հաճախ են բորբոքվում, տիկնակլունձներ են առաջանում, չորություն, քոր ու աչքերում ավազի զգացողություն է առաջանում, ուրեմն օրգանիզմին չի հերիքում A և D վիտամինը։

Շրջանակներն աչքերի տակ ու արտահայտված մազանոթները B խմբի վիտամինների ու ռուտինի (P վիտամինի) անբավարարության նշան են։

Աչքերի համար օգտակար են հետևյալ մթերքները․

  • հապալասը,
  • կանաչ, դեղին ու նարնջագույն մրգեր ու բանջարեղենը (հատկապես գազար, դդում, դեղձ),
  • ձկան յուղը,
  • կաթնաշոռը,
  • սպանախը,
  • բրոկոլին,
  • սոխը,
  • սխտորը,
  • սև շոկոլադը։

Ո՞ր վիտամիններն են անհրաժեշտ բերանի խոռոչին

Լեզվի ու լնդերի վիճակը կարող է վկայել ոչ միայն ավիտամինոզի, այլև կոնկրետ վիտամինների անբավարարության մասին։

Առանց պատճառի լեզվի կարմրածությունը հուշում է В6 և В9 վիտամինների պակասի մասին։

Լեզուն ճաքճքել ու ցավո՞ւմ է․ հավանաբար օրգանիզմը B3 վիտամինի կարիք ունի։

Եթե լեզվի ցավոտությունն ուղեկցվում է այրոցով ու շուրթերի թեփոտվածությամբ, պատճառը կարող է լինել B2-ի անբավարարությունը։

Ցավոտ, բայց միաժամանակ հարթ լեզուն խոսում է ֆոլաթթվի (վիտամին B9) պակասի մասին։

Շուրթերի անկյունների ճաքերը С, Н և РР վիտամինների պակասի նշան են։

Եթե լնդերը հաճախ են բորբոքվում ու արյունահոսում, պետք է ճաշացանկը հարստացնել C և D վիտամիններով հարուստ մթերքներով։

Ընդ որում, ավիտամինոզի դեպքում կարող է նկատվել համային զգացողությունների ու նախապատվության փոփոխություն։

Եթե դուք մշտապես քաղցրի կարիք եք զգում, ապա, հնարավոր է, օրգանիզմը А և Е վիտամինների, ինչպես նաև մագնեզիումի ու ֆոսֆորի կարիք ունի։

Եթե յուղոտ սննդի նկատմամբ հակում է առաջացել, ուրեմն մեծ է հավանականությունը, որ օրգանիզմին կալցիում ու վիտամին D է հարկավոր։

Խմորով պատրաստված ուտեստները սկսել են ավելի համեղ ու ցանկալի թվա՞լ․ գուցե օրգանիզմը ճարպալույծ վիտամինների ու ազոտի կարիք է զգում։

Սովի մշտական զգացողությունը տրիպտոֆանի անբավարարության նշան է, որը պարունակվում է բանանի, արմավի, կաթնամթերքի ու մսի մեջ։

Մարդու օրգանիզմը կատարյալ մեխանիզմ է, որն, ապահովելով մեր լիարժեք կենսագործունեությունը, պարբերաբար ազդանշաններ է հղում իր ներսում առաջացած մեծ ու փոքր խնդիրների մասին, մեզ մնում է միայն առավել ուշադիր լինել ու սովորել թերեւս ամենաանհրաժեշտ լեզուն՝ մեր օրգանիզմի «լեզուն»։

 

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Գրագէտ շարադրուած, հաճելի ու օգտակար յօդուած:
    Վերոնշեալներն, իսկապէս, վիտամինների ու հանքային աղերի պարունակութեան շատ լաւ ցուցիչներ են:
    Մի երկու ցուցիչ էլ ես աւելացնեմ՝
    1. Բերանի խոռոչի լորձաթաղանթը՝ դրա ճաքերը, վէրքերը:
    2. Շրթունքների ճաքերը (lip sores):
    3. Միզելու յաճախութիւնը/քանակը, մէզի գոյնը (աղերի համար):
    4. Եղունգների եզրերը: Յատկապէս՝ մատների մաշկին միանալու հատուածները (պլոկուած մաշկը):

    Մի խօսքով՝ առողջ սնուէք ու կը տեսնէք, որ La vie est belle 🙂

  2. Artur Lazarian says:

    Մոռացայ մի կարեւոր բան էլ նշեմ՝
    Ճարպալոյծ վիտամինները (A, D, E, K) ցանկալի է ճարպերի հետ միասին ընդունել, որ օրգանիզմ հեշտ ներթափանցի:
    Օրինակ՝ այդքան իմաստ չունի գազարը վերցնել ու հէնց էդպես ուտել: Աւելի լաւ է գազարը լինի աղցանի մէջ, որտեղ ձէթ կայ, որպէսզի գազարի վիտամին A-ն ձէթի մէջ լուծուի ու աւելի հեշտ ներթափանցի օրգանիզմ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930