Լրահոս
Օրվա լրահոսը

Նուբարաշենի ավտոշուկայում վարչապետին ժամադրած ավտովարորդները պահանջում են իրենց բիզնեսին խոչընդոտող մի քանի հարցերը լուծել

Հունիս 30,2019 14:25

«Ոստիկանության հաշվառման կենտրոններում, մաքսատանը կատաստրոֆիկ վիճակ  է տիրում, կիլոմետրով հերթեր են գոյանում: Մարդիկ ժամերով հերթ են կանգնում, որ գործարքներ անեն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:  Նա ավտոմեքենաների բիզնեսով զբաղվող այլ ավտովարորդների հետ այսօր հավաքվել էին Նուբարաշենի ավտոշուկայում եւ սպասում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որին հրավիրել էին օրեր առաջ:

Սակայն, ինչպես Տիգրան Հովհաննիսյանն ասաց, վարչապետը չէր եկել: Լիգայի նախագահի խոսքով, վարչապետին հրավիրելու նպատակը շուկայի պայմաններին եւ ավտոմեքենաների բիզնեսով զբաղվող քաղաքացիների խնդիրներին ծանոթացնելն է: Տիգրան Հովհաննիսյանը կառավարությանը նախ՝ առաջարկում է՝ հերթերից ու ժամերով սպասելուց խուսափելու համար նոր տարածքներ տրամադրեն ե՛ւ հաշվառման ե՛ւ մաքսատան համար: Բացի այդ, երկու կառույցները շաբաթ-կիրակի էլ աշխատեն:

Մեկ այլ խնդիր էլ այսօր ավտոմեքենաների առուծախի պատճառով է առաջանում, որի լուծումը, նույնպես, կառավարության դաշտում են տեսնում: Բանն այն է, որ ավտոմեքենաների գնորդները՝ ազգությամբ ռուսներ ու ղազախները, ավտոմեքենան գնելուց հետո, որպեսզի հայկական պետհամարանիշով տանեն, պետք է գրանցեն ինչ-որ հասցեում: Ավտովաճառողները հրաժարվում են այդ մեքենաների ժամանակավոր գրանցումը սեփական հասցեների վրա անել, քանի որ ստիպված պետք է լինեն այդքան գործարքների դիմաց հսկայական գույքահարկ վճարել: Գրանցման խնդիրները թողնում են գնորդի վրա:

Ըստ Տիգրան Հովհաննիսյանի, քանի որ այդպիսի պահանջարկ է առաջացել, կան քաղաքացիներ, որոնք բիզնես են անում՝ առաջարկելով ավտոմեքենաներն իրենց հասցեների վրա գրանցել՝ 10-15 հազար դրամի դիմաց: Պարոն Հովհաննիսյանի խոսքով, սակայն այդ մարդիկ տեղյակ չեն լինում, որ որպես պարտք գույքահարկ են կուտակում եւ տարեվերջին ստիպված են լինում հսկայական գույքահարկ վճարել:

«Մարդիկ այդ քայլին գնում են աղքատությունից ելնելով: Տասից տասնհինգ հազար դրամով գրանցում են իրենց բնակարանի վրա եւ տարեվերջին իրենց վրա 40-50 հազար դրամի գույքահարկ է կուտակվում: Ռուսը, Ղազախը գնաց, էլ ո՞վ է այդ գումարը տալու: Մենք ասում ենք, որ պետությունը միջամտի եւ այն ժամանակվոր գրանցումից հետո, որ գնորդը հեռանում է այդ գույքահարկը չեղյալ լինի: Այդ պարագայում ե՛ւ գումարով գրանցող մարդիկ կնվազեն ե՛ւ  մենք արդեն ինքներս մեր տան վրա կգրանցենք եւ կեղծ ճանապարհներ չեն փնտրի ժամանակավոր գրանցումն անելու»:

Ըստ Տիգրան Հովհաննիսյանի այդ մարդիկ շրջում են ավտոշուկայում, Բագրատաշենի սահմանին, որոնք համաձայնում են իրենց տան վրա ավտոմեքենաները ժամանակավոր գրանցել. «Մենք ուզում ենք այս հարցը բարձրաձայնել, որպեսզի կառավարությունը օրենքի տեսքով այդ հարցին լուծում տա»:
Ավտովարորդները որոշել են իրենց առաջարկությունները բողոքի ցույցերի միջոցով տեղ հասցնել:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930