Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տանն ապրել է հերոս Մհեր Երզնկյանը

Հունիս 30,2019 10:00

Արցախյան և ապրիլյան պատերազմները մեր նորանկախ Հայաստանի պատմության հաղթանակած էջերն են: Այս երկու գոյապայքարները կռողների, մեր հաղթանակները կերտողների կյանքի պատմությունները գրեցին ու պատմեցին շատերը: Մեր դարակազմիկ  Հայոց պատմությունը ևս մեկ հերոսական ժամանակաշրջան ունեցավ:  Հերոս տղաների անունները արյամբ գրվեցին Հայոց նորագույն պատմության մեջ: Հայրենիքի պաշտպանությունը վեր դասելով ամեն ինչից, մեր սահմանին կանգնած տղերքը  կրկին դարձան Հայ ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքի կնիքը ևս մեկ անգամ հաստատողները:

Ապրիլյան պատերազմից հետո, Հայաստանի և Արցախի տարբեր շրջաններում նոր հուշակոթողներ, խաչքարեր օծվեցին: Մեր հերոսների հարազատները և, առհասարակ, հայ ժողովուրդն իր հարգանքն ու խոնարհումը բերեց հերոս տղերքին:

Քայլելով Երևանի փողոցներով կարող ենք հանդիպել քարե հուշարձանների այսպիսի վերտառությամբ` «այս տանն ապրել է… »: Այս գրությունները քարե հավերժական պատմություններ են ներկա և գալիք սերունդներին: Անուններ, ովքեր կյանքը տվեցին հանուն կյանքի,անուններ, ովքեր մեզ հայրենիք են ժառանգել՝ ազատ ու անկախ Հայրենիք…

Ասվածի վկայությունը օրերս Աջափնյակ համայնքի Խաչատրյան փողոցում ՝ ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված Մհեր Երզնկյանի հայրական տան բակում բացված ցայտաղբյուրն ու հուշաքարն էր:

Հիշեցնենք, որ Մհեր Երզնկյանը կանխելով թշնամու առաջխաղացումը կյանքը տվեց հանուն Հայրենիքի՝ փրկելով զինակից ընկերներից շատերի կյանքը:

Միջոցառմանը ներկա էին Մհեր Երզնկյանի հարազատները, համայնքի ղեկավարությունը,ապրիլյան պատերազմում զոհված հերոսների ծնողներ, համաքաղաքացիներ, հյուրեր, լրագրողներ: Ներկա էին նաև ՀԱԲ- ի հրամանատար Արամո Թորգոմյանը, «Ֆիդայիներ» ՀԿ-ի նախագահ Սեյրան Չիլինգարյանը, Աջափնյակ համայնքի Երկրապահ կամավորական միության նախագահ Արայիկ Գալստյանը և այլք…

Միջոցառման սկզբում ներկաներին ընդունեցին հերոսի ծնողները՝ տեր և տիկին Մայիս և Արմինե Երզնկյանները: Հանդիսավոր կարգով բացվեց հերոսի անունը կրող ցայտաղբյուրը և հուշակոթող, որի վրա գրված է, որ այդ տանն է ապրել հերոս Մհեր Երզնկյանը:

Խոսվեց Մհերի հերոսական սխրանքի մասին: Ներկաները ծաղիկներ խոնարհեցին աղբյուրի մոտ:

ԵԿՄ վարչության անդամ, Ապրիլյան մարտական գործողությունների մասնակից Հրանտ Սարկիսովը Մհեր Երզնկյանին հետմահու պարգևատրեց ԵԿՄ-ի պատվոգրով:

Ելույթ ունեցավ «Մարաթուկ» ազգագրական երգի, պարի  համույթը:

Նմանօրինակ միջոցառումները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ հայ ժողովուրդը հարկ եղած դեպքում կրկին կբռունցքվի: Եվ մեր սահմանին կանգնած տղերքը,և հայ հասարակությունը, ոչինչ չեն խնայի հանուն իր ազատության, հանուն մեր պայծառ գալիքի:

Ոգեկոչման նման միջոցառումներով մենք հիշում ենք մեր հերոսներին: Մեր խաղաղության պահապանները կանգնած են սահմանին վստահ, որովհետև նրանք որպես ժառանգություն ստացել են հերոսական Հայրենիք, սուրբ հող: Հող, որ սրբացել է Մհեր Երզնկյանի նման հերոսների արյամբ…

 

Հայկ ՄԱԳՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930