Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես երիտասարդական ոլորտի միջոցով մեծ ներդրումներ բերել Հայաստան․ Արթուր Նաջարյան

Հունիս 29,2019 23:21

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) ՀԿ-ի նախաձեռնությամբ այսօր մայրաքաղաքում տեղի ունեցավ «Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի զարգացման հեռանկարները» խորագրով ֆորումը, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ Արգիշտի Մեխակյանը, Սոֆյա Հովսեփյանը, Նազելի Բաղդասարյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ և այլք։

Ֆորումի ընթացքում ներկայացվեց ԵՆԿ ՀԿ-ի կողմից Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի զարգացման հեռանկարների մասին ուսումնասիրության հաշվետու-զեկույցը։

Նշենք, որ բաց երիտասարդական աշխատանքը՝ որպես երիտասարդական աշխատանքի տեսակ, բոլորովին նոր է մեր երկրում, որը դեռ ճանաչման կարիք ունի։ Եվ տարածաշրջանում միակ քաղաքը, որտեղ Եվրամիության աջակցությամբ գործում է ԵՆԿ ՀԿ-ի կողմից հիմնադրած «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը, Գյումրին է։ Այնտեղ տարեկան 600-ից ավելի 12-18 տարեկան պատանիներ են հաճախում ու հատուկ մեթոդաբանությամբ ստանում կրթական, սոցիալական ու ժամանցային ծառայություններ։ Ինչպես իր ելույթում նշեց Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին «Երիտասարդների տան» հիմնադրման համար տարածք տրամադրելիս՝ ընտրել են այն թաղամասը, որտեղ շատ են խոցելի երիտասարդները։

Ի դեպ, նմանատիպ կենտրոն Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն պատրաստվում է բացել նաև Սպիտակ քաղաքում։

Այս ամենին զուգընթաց ոլորտի մասնագետները այժմ փորձում են Հայաստանում ստեղծել  երիտասարդական աշխատանքի մասնագիտական ցանց, որի ստեղծման առաջիկա գործողությունների մասին ևս քննարկվեց ֆորումի ժամանակ։

Aravot.am-ը Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կտա նման ցանցի ստեղծումը։ Պարզվում է ոլորտի աշխատակիցներին մասնագիտական հմտություններից բացի, այն կարող է  ֆինանսական լուրջ ներդրումներ բերել մեր երկիր․ Հայաստանը տարածաշրջանում այն եզակի երկրներից է, որն ունի երիտասարդական ոլորտի լուրջ մասնագետներ և փորձագետներ, որոնք իրենց գործունեությամբ ճանաչված են նաև եվրոպական տարբեր երկրներում։ Եվ եթե պետությունը ճիշտ երիտասարդակենտրոն քաղաքականություն կիրառի այս ոլորտում և օգտագործի Հայաստանում երիտասարդական ոլորտում առկա փորձագիտական և մասնագիտական ռեսուրսները, վերջիններիս ունեցած լայն կապերը, ապա երիտասարդական աշխատանքի մասնագիտական ցանցի շնորհիվ միջազգային երիտասարդական տարբեր միջոցառումներ, որոնք անցկացվում են եվրոպական երկրներում, կարող են անցկացվել նաև Հայաստանում։

Արթուր Նաջարյանի փաստմամբ՝  եվրոպական երկրներում անցկացվող երիտասարդական յուրաքանչյուր հավաքի գալիս են մի քանի հարյուրի հասնող  պատվիրակություններ, որոնք առնվազն երեք օր մնում են հյուրընկալող երկրում և գումարներ ծախսում այդ երկրներում։ Պարզապես կարիք կա պետական մոտեցման, երիտասարդության ոլորտի հիմնահարցերին ռազմավարական նշանակություն տալուն, որը վստահություն կստեղծի երիտասարդության հարցերով զբաղվող միջազգային կառույցների մոտ։

Ըստ մեր զրուցակցի, նման միջազգային միջոցառումները իրենց հերթին միջոց են տուրիզմը զարգացնելու և Հայաստանն աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու։

«Նպատակ ունենք ստեղծել  երիտասարդության հիմնահարցով զբաղվող անհատների մասնագիտական ցանց կամ ասոցիացիա, որը հնարավորություն է  կտա զարգանալ մի քանի ուղղություններով։ Առաջինը մասնագիտական շարունակական զարգացումն է, տեղեկատվության ապահովումը մասնագետների միջև, որովհետև ոլորտում հիմա  կա լուրջ տեղեկատվություն, որը հասանելի չէ ոլորտի բոլոր ներկայացուցիչներին։  Երկրորդ կարևոր բաղադրիչը միջազգային փորձի փոխանակումն է։  Ակնկալում ենք, որ ցանցը ձևավորվելուն պես՝ առաջին տարին կանդամակցենք Եվրոպայում հայտնի երիտասարդական աշխատանքի ցանցին, իսկ այդ ցանցին  միանալու դեպքում  հայաստանցի երիտասարդական աշխատողներին հասանելի կդառնան մասնագիտական զարգացման և փորձի փոխանակման զանազան միջոցառումներ», -ասում է Արթուր Նաջարյանը։

Ի դեպ, մի քանի օր առաջ Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության երիտասարդական ֆորումը, որին Հայաստանից մասնակցում էր 12 հոգանոց պատվիրակություն։

Սա, Արթուր Նաջարյանի ներկայացմամբ, Եվրոպական Միության ամենամեծ երիտասարդական միջոցառումներից է, որը կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ։ Ֆորումի նպատակը եղել է Եվրոպական Միության համար երիտասարդական ռազմավարության գերակայությունների սահմանումը։

Արթուր Նաջարյանը մեզ հետ զրույցում խոսել է նաև «Երիտասարդների մասին» օրենք ունենալու անհրաժեշտության մասին։

Այդ թեմային կանդրադառնանք ավելի ուշ։

Հավելենք, որ այսօր «Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի զարգացման հեռանկարները» խորագրով ֆորումի ժամանակ Արթուր Նաջարյանի գլխավորած կառույցը  12-18 տարեկան պատանիներին կրթական և երիտասարդական ծառայությունների տրամադրման վերաբերյալ  փոխըմբռնման հուշագրեր ստորագրեց Գյումրու  և Սպիտակի քաղաքային իշխանությունների հետ։

Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը նշեց, որ քաղաքապետարանը որպես աջակցություն՝ պատրաստ է հոգալու «Գյումրու երիտասարդների տան» կոմունալ ծախսերը, որը տարեկան կազմում է 600-700 հազար դրամը, ավելին,Գյումրու բյուջեից կենտրոնի տարածքն է բարեկարգվելու ու 8 տարի ժամկետով անհատույց տրամադրվելու է կենտրոնին` պատանիներին տրամադրվող ծառայությունները շարունակական դարձնելու համար։

Ի դեպ, Եվրոպական Միության աջակցությամբ ստեղծված այս կենտրոնը Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու ամենասիրելի վայրերից է Գյումրիում, դեսպանը հաճախակի է այցելում, զրույցի բռնվում պատանիների հետ, պատասխանում նրանց հնչեցրած բոլոր, այդ թվում  քաղաքական ամենաինտրիգային հարցերին։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ ԵՆԿ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930