Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետության հրապարակն աղաղակում է՝ SOS, օգնեցե՜ք․ «Տեսակետ»

Հունիս 29,2019 17:13

Երևա՞ն: Կենտրո՞ն: Աղբանո՞ց: «Բայց… Մի րոպե, ինչու՞ աղբանոց»,-կհարցնի ընթերցողը: «Պարզաբանենք»,-կպատասխանենք մենք և կանցնենք բուն թեմային՝ Հանրապետության հրապարակն օգնության է կանչում:

Որքան հաճելի է մաքուր քաղաքում զբոսնելը, նույնքան էլ տհաճ է աղբի ծանրության տակ «կքած» աղբաման տեսնելը, որի միջի աղբը սարի պես բարձրացել, մարկանց «վերևից է նայում»: Բա ամո՞թ չէ, բա մենք ա՞յդ ժողովուրդն ենք: Չնայած՝ ժողովուրդը՝ գուցեև, բայց ազգը՝ երբե՛ք: Եվ, այնուամենայնիվ, մեր մայրաքաղաքի սրտում՝ անմիջապես հրապարակում, մեղմ ասած, հակասանիտարական վիճակ է: Ախր սա մեր դեմքն է, մեր երկրի՛ դեմքը, եթե մենք մեզ թույլ ենք տալիս սա, ապա ո՞րն է մեղքը հարյուրավոր զբոսաշրջիկների, որոնք քայլում են խոզանոցի վերածված մայթերով: Սա դեռ քիչ է, մի բան էլ ջրից կարող են խորշել: Այո-այո՛՝ ջրից՝ ցայտաղբյուրի ջրից: Իսկ մենք ասում ենք՝ «Օխտն աղբյուրից ջուր է առել կույս սափորով, լուռ ու մունջ…»:

Ի՞նչ ջուր առնել: Հայաստանի պատմության թանգարանի կողքի հանրահայտ և բոլորիս կողմից այդքա՛ն սիրված «Յոթ աղբյուր» ցայտաղբյուրից ջուր առնե՞լ կլինի: Տեսե՞լ եք ոսկերիչ, դիզայներ Նուռի բարձրաճաշակ արվեստով ստեղծված հոյակապ խողովակաոստերը շրջանակող քարերի վրայի ցեխախառն մամուռը, գարշահոտությունը զգացե՞լ եք, իսկ ցայտաղբյուրի մեջտեղի մասի աղբից էլ երևի պիտի գեղագիտական հաճույք ստանանք: Դե, եթե չեն մաքրում, էլ ի՞նչ մտածենք: Հրապարակում կանգնած տուրիստական հին «Պոբեդայի» վարորդ Խաչիկ Անդրանյանն էլ է բողոքում և ոչ միայն ցայտաղբյուրի մաքրությունից, ավելի ճիշտ՝ կեղտից: Նրան միանում են տասնյակ քաղաքացիներ, թեժացնում մեր զրույցը, որը, ի վերջո, նորից հանգում է աղբամանների գերբեռնվածությանն ու Զատկից Զատիկ դատարկվելուն: Սրտնեղած երևանցիները նշում են, որ շատրվանները մաքրողներին իրենք ժամանակ առ ժամանակ խնդրում են մաքրել նաև ցայտաղբյուրը, իրենք էլ են տարակուսում՝ արդյոք ո՞վ պիտի զբաղվի այդ հարցով: Փաստն այն է, որ արդեն երկար ժամանակ է՝ ցայտաղբյուրը հրապարակին անհարիր և ամոթալի վիճակում է: Քաղաքացի Ռուբիկ Մարգարյանն էլ նշում է, թե աղբամաններն այնքան են քայքայված և իրենց սպառած, որ վաղուց արդեն փոխելու ժամանակն է, և այս վիճակում են նաև մինչև Հյուսիսային պողոտա հասնող աղբամանները: «Եթե մեջը, օրինակ, պաղպաղակ են նետում, հալվում է, ծորում ու աղբամանի տակից դուրս գալիս, քիչ է մնում՝ գետի պես հոսի»,-ասում է Ռ. Մարգարյանը:

Համեցեք թեյ ըմպելու

Ընթերցողը հիմա երևի կմտածի, որ, քանի որ ցայտաղբյուրը պատշաճ վիճակում չէ, միգուցե ցանկանում ենք իրենց թեյ ըմպելու՞ հրավիրել… Կամ էլ՝ մեր քաղաքի հյուրերին՝ զբոսաշրջիկներին: Ա՛յ նրանք հաստատ ծանոթ կլինեն «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի դիմացի ցայտաղբյուրին, որը խստաշունչ ձմռան ամիսներին բոլորին կարող է «ջերմացնել» իր մի կում գոլ ջրով… Իսկ ամռա՞նը… Ի՞նչ կա որ, մարդ կա՝ ամռանն էլ է տաք թեյ խմում… Իսկ եթե ավելի լուրջ, ապա ցայտաղբյուրի անորակ և կասկածելի ջրին տարիներ առաջ անդրադարձել են tesaket.info-ն և «Հայաստանի Հանրապետությունը»: Եվ պատկերացրեք՝ սայլը տեղից շարժվեց. ջրագիծը փոխեցին, թե մի այլ հրաշք տեղի ունեցավ, բայց, օ՜ զարմանք, ջրի որակը փոխվեց, և այն սառեց, թեև հիմա կրկին անհամ ու անորակ է: Ի դեպ՝ այստեղ բազմաթիվ վարորդներ են կանգնում, ըստ նրանց՝ եթե փորձում են ջուրը բարձրացնել՝ համապատասխան տեղից բացելով, միանգամից վեր է ցայտում, այն էլ՝ ժանգաջուր, ինչը ևս մտածելու տեղիք է տալիս…

Պատկան մարմիննե՛ր, արձագանքե՛ք

Ցավով պիտի նշենք, որ հրապարակում խնդիրներն աղբով ու ջրով չեն սահմանափակվում, այլ գնում-հասնում են ընդհուպ մինչև Հայաստանի պատմության թանգարանի պարսպապատ: «Սա մի օր մեկի վրա է ընկնելու, ո՞վ պիտի պատասխան տա»,-մեզ հետ զրույցում նշում է վրդովված քաղաքացիներից մեկը և մեր ուշադրությունը հրավիրում պարսպապատի՝ ճեղքով իրարից առանձացած ծանրաքաշ քարե սալերին, որոնց ընկնելու հավանականությունն իսկապես փոքր չէ: Իսկ որ ընկա՞ն…

Ցավալի է, որ Երևանի սիրտն այս վիճակում է, իսկ մենք աջուձախ հպարտանում ենք՝ հեղափոխությու՜ն ենք արել, իրավիճա՜կ է փոխվել: Բնականաբար, նմանատիպ բոլոր հարցերը չէ, որ Քաղաքապետարանը պիտի լուծի, քանի որ նախ և առաջ իրավիճակը մեր գլխու՛մ պիտի փոխվի, մեր գիտակցությու՛նը պիտի փոխվի, առաջին հերթին ամեն մեկս պիտի ինքն իրենից սկսի, մե՛նք պիտի մեր շրջապատը մաքուր ու բարեկարգ պահենք, որ հետո իրավունք ունենանք պահանջելու:

Միով բանիվ՝ հրապարակն աղաղակում է՝ SOS, օգնեցե՜ք: Հետաքրքիր է՝ լսող կլինի՞…

 

«ՏԵՍԱԿԵՏ» ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930