Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Բագրատյան. «Եթե ժամանակից շուտ առանց բավարար հիմքերի հայտարարություններ անես, հանրության համար անհասկանալի ես դառնում»

Հունիս 29,2019 16:05

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում պատասխանելով լրագրողի հարցին, թե մի քանի օր առաջ կրկին կալանավորված 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ դա քաղաքական հետապնդում է եւ ըստ իրեն եւ իրենց քաղաքական ուժի կալանավորումը իրավակա՞ն հարթությունում է, թե քաղաքական գործոն այնուամենայնիվ կա, ասաց. «Գիտե՞ք, քաղաքականության մեջ որեւէ երեւույթ միարժեք չի: Մենք ինչպե՞ս ենք գնահատում: Մենք ասում ենք՝ իրավական գործընթացները պետք է ավարտել, որ կարողանանք հասկանալ: Եթե իրավական գնահատականները ճիշտ են տրված, դու ասելիք չես ունենա, իսկ եթե խնդրահարույց են, նոր կարող ես գնահատական տալ: Բայց քանի դեռ քննությունն ընթանում է, գնահատական տալը լուրջ չի, որովհետեւ մենք չգիտենք, թե ինչպիսի որոշում կընդունի դատարանը եւ այդ որոշումը կբավարարի՞ հանրության լայն շերտերին, մեզ բոլորիս, թե՝ ոչ:

Այսինքն, եթե նախօրոք որակենք, դրանից որեւէ գործ կշահի՞: Մենք ի՞նչ ենք ուզում հասարակությանն ասել՝ որ մենք ավելի խելացի ենք, քան դատավորները, իրավաբանները, մարդիկ, որոնք կոչված են այդ խնդիրը քննարկե՞լ: Հետեւաբար, մասնագետները պետք է աշխատեն, եւ գնահատականը պետք է վերջում տրվի, երբ տեսնենք որոշում, որի հետ համաձայն ենք, կամ համաձայն չենք: Եթե մենք տեսնենք, որ քաղաքական բաղադրիչ կա, այդ մասին կբարձրաձայնենք: Բայց այս պահին, երբ քննությունն է ընթանում եւ այս ամբողջ վեճն ընդամենը խափանման միջոցի հետ է կապված, այստեղ մենք չենք կարող գնահատական տալ: Ի վերջո, դա դատավճիռ չի, քննության ավարտ չի… ընդամենը կարգավիճակ է խափանման միջոցի հետ կապված: Այստեղ գնահատական տալն անշնորհակալ աշխատանք է: Երբ վերջնական վճիռը կլինի, հասարակությունը, քաղաքական ուժերը, քաղաքացիական սեգմենտը գնահատականներ կտան՝ արդար է, թե արդար չի: Այդ ժանամակ կարող ենք հասկանալ որեւէ պրոցես ոչ միայն ձեր նշած փաստով:

Մեծ հաշվով բոլոր քաղաքական գործիչները պետք է բարձրաձայնեն: Դա ժողովրդավարության նորմերից է: Բարձրաձայնելու արգելք չկա: Խոսքն այն մասին է, որ քաղաքական ուժը ավելի պատասխանատու է: Հանրային  որեւէ գործիչ, ասենք՝ արվեստի կամ գիտության մեջ, կարող է իր հայտնի լինելու հանգամանքով պայմանավորված կարծիք հայտնել, իր մոտեցումը ցույց տալ: Բայց դա իրավական կամ քաղաքական գնահատական չի: Այդ իմաստով, քաղաքական ուժերը, քաղաքական ուժերի ներկայացուցիչները ավելի զգուշավոր պետք է լինեն, քանի որ պատասխանատվություն կա: Եվ եթե դու մի որեւէ հայտարարություն ես անում, որի հիմքերը դու չես կարողանում ներկայացնել, հանրության համար քո պահվածքը անհասկանալի է դառնում եւ քո վարկանիշը կընկնի անպայման, եթե դու ժամանակից շուտ առանց բավարար հիմքերի հայտարարություններ անես:

Այս իմաստով մեր քաղաքական ուժը դիտարկում է, որ իրավական խնդիր է: Երբ կլուծվի, նոր կհասկանանք, թե գնահատականն ինչպես պետք է լինի»:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930