Ներգնա եւ արտագնա տուրիզմի փորձագետ Մարինա Ավետիսյանը «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ խոսելով քաղաքացիներին հուզող լուրջ հարցերից մեկի մասին, թե որքանով է անդրադարձել ռուս-վրացական հարաբերությունների սրումը մեր հայրենակիցների համար Վրաստանը որպես հանգստի տարբերակ ընտրելու վրա, ասաց. «Հստակ կարող եմ ասել, որ ոչ մի անդրադարձ չի եղել եւ մեր զբոսաշրջիկները բնականոն հունով մեկնում են Վրաստան: Սահմանային անցակետերում խնդիրներ չեն առաջանում թե հայկական, թե վրացական կողմում: Օրինակ, անցած շաբաթ մեր զբոսաշրջիկների քանակը գերազանցել է 500-ը, որից մոտ 70-80-ը եղել են ռուսական անձնագրով եւ սահմանային անցակետերում ոչ մի խնդիր չի առաջացել՝ մարդիկ ապահով հասել են իրենց հանգստավայրեր:
Մեր ընկերությունը, որ վեց տարի տուրիզմ է իրականացնում դեպի վրացական հանգստավայրեր, այս տարի եւս ունի մեծ քանակությամբ դիմողներ, ու ոչ մի չեղարկում դեռեւս չենք ունեցել: Եղել են մտահոգություններ՝ զանգեր, հարցեր, որոնց մենք պատասխանել ենք: Փաստացի չկա որեւէ խնդիր մեր հայրենակիցների համար, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ վրաց-ռուսական հարաբերությունները մեր խնդիրը չէ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ