Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական համակարգում աշխատավարձերի բարձրացումը պետք է ուղեկցվի վեթինգով և այլ բարեփոխումներով. «Ժամանակ»

Հունիս 29,2019 13:28

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական համակարգի առողջացման հիմնական նախապայմաններից մեկը համարում է դատավորների աշխատավարձերի բարձրացումը։ Դրա մասին վարչապետն արդեն երկու անգամ խոսել է։ Մեկը, երբ խոսում էր մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան ստեղծելու անհրաժեշտության մասին, նախօրեին՝ հունիսի 20-ին, ԱԺ-ում։ «Այն, որ Հայաստանում դատաիրավական համակարգը պետք է խորքային, արմատական բարեփոխումների ենթարկվի, նորություն չէ, բայց ինձ համար միանշանակ է եղել, որ Հայաստանում իրապես անկախ դատական համակարգ չենք կարող ունենալ՝ առանց դատավորների աշխատավարձը 5-6 անգամ բարձրացնելու»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Մեզ անհրաժեշտ է, որ թափուր տեղը զբաղեցնեն բարձր պրոֆեսիոնալ, սկզբունքային, ողնաշար, հավատ ունեցող, իրավունքին հավատացող մարդիկ: Այս կարգի մասնագետները մասնավոր սեկտորում ամիսը 2.5-3 միլիոն դրամ աշխատավարձ են ստանում:

Այս մարդկանց ո՞նց հրավիրենք՝ գան, դատավոր դառնան»:

Վարչապետի կարծիքով՝ հանրությունը կարող է չընդունել դատավորների աշխատավարձերի նման բարձրացումը՝ հաշվի առնելով առկա բազմաթիվ սոցիալական խնդիրները: Դրա համար, վարչապետի խոսքերով, սկզբնական շրջանում մոտ 3 տարի այդ նպատակով կօգտագործվեն միջազգային դոնորների գումարները։

«Մեր ընկալումն է, որ միջազգային դոնորները մեզ կաջակցեն: 2-3 տարի այս դատավորների բարձր աշխատավարձերը կկարողանանք դարձնել 2.5-3 միլիոն դրամ, այդ ընթացքում կլուծենք բազմաթիվ սոցիալական խնդիրներ, այդ ընթացքում և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը, և՛ հանրությունը կհամոզվեն, որ անկախ դատական համակարգ ունենալը լավ բան է, մի ծախս է, որն իրոք արժե անել: Այդ ժամանակ հանրությունը կհամաձայնվի սեփական միջոցներից տրամադրել այդ 10 միլիարդ դրամը, որ այդ խնդիրը լուծվի»:

Հարցին, թե այդ դեպքում դատարանները ինչպես են անկախ լինելու, եթե միջազգային կառույցներն են ֆինանսավորումը տրամադրում, վարչապետը պատասխանել էր, որ միջազգային կառույցները այդ գումարը դատավորներին չեն փոխանցելու, այլ որպես դրամաշնորհ տալու են կառավարությանը, կառավարությունն էլ այդ գումարը տրամադրելու է դատավորների աշխատավարձերի վճարմանը։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի խոսքերով՝ բարձր աշխատավարձը կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտ, բայց ոչ բավարար նախապայման է։ «Որպես նախապայման, դա շատ կարևոր է։ Եթե աշխատավարձերը արժանապատիվ չեն, ապա անիմաստ է խոսել կոռուպցիայի դեմ պայքարից, առհասարակ։ Ես հիշում եմ, որ բարձր աշխատավարձերով կոռուպցիայի դեմ փորձեց պայքարել Շևարդնաձեն, բայց դատախազների դեպքում, ոչ դատավորների։ Բայց այդ բարձրացումը արդյունքի չբերեց, և եղավ վարդերի հեղափոխությունը։ Դրա համար, աշխատավարձերին զուգահեռ, այլ քայլեր պետք է ձեռնարկել»,- ասաց Հոկտանյանը՝ հավելելով, որ աշխատավարձերի բարձրացումը պետք է ուղեկցվի վեթինգով և այլ բարեփոխումներով։ Իսկ եթե այդ նոր ինստիտուտները ճիշտ կիրառվեն, և սիստեմավորված հակակոռուպցիոն քաղաքականություն իրականացվի, ապա այդ դեպքում աշխատավարձերի բարձրացումը կարող է ողջունելի լինել։

Վարուժան Հոկտանյանի խոսքերով, բացի այս ամենը, խնդիրն այն է, որ կոռուպցիան միայն կաշառքը չէ, առկա է նաև հովանավորչություն, որը լավագույնս դրսևորվում էր նախկին իշխանության ժամանակ։ «Երբ որ քաղաքական պատվեր էր ստանում դատավորը կոնկրետ վճիռ կայացնելու համար, դատախազությունն էլ, իրավապահ մյուս մարմիններն էլ աչք էին փակում դատավորների կաշառակերության վրա՝ ես քեզ, դու ինձ սկզբունքով առաջնորդվելով։

 

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930