Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային կառավարման մասնագետ․ Հանրության լայն շրջանակներից թաքցնում են օրենքներ, որ շեղեն կարևոր դետալներից. «Փաստ»

Հունիս 29,2019 13:17
Վերջին շրջանում փորձագիտական ու հասարակական հատվածի ներկայացուցիչները բարձրաձայնում են օրենսդրական մի շարք նախագծեր ԱԺ բերելու մասին, որոնք չեն քննարկվել մասնագիտական շրջանակների հետ: Կան դեպքեր, երբ անգամ պետական մարմիններ չեն ուղարկվում՝ ընտրելով միանգամից միջազգային փորձաքննության ուղարկելու ճանապարհը:

Հաճախ փորձագետներն ակնարկում են նաև տարիներ առաջ մերժված օրենսդրական նախագծերը «copy-paste» անելու մասին: Հանրային կառավարման մասնագետ Սիրանուշ Սերոբյանը իրավիճակից բխող խնդիրներ է տեսնում: «Կառավարման համակարգի մեջ կարևոր դեր ունի օրենսդիրը՝ կառավարումը պետք է իրականացվի օրենքների հիմքով: Օրենքի նախագիծը մինչև օրենք դառնալը մի շարք փուլերով պետք է անցնի, որի իրականացման պատասխանատուն օրենսդիրն է: Նաև հանրային քննարկումներ պետք է լինեն, փորձագիտական շրջանակները պետք է աշխատեն տվյալ նախագիծն օրենք դարձնելու համար:

Բայց մեր երկրում ձևակերպումը մի քիչ այլ է. պատգամավորները քննարկում են, ուղարկում միջազգային կառույցներին՝ հաճախ դրանք չդնելով նաև հանրային քննարկման: Բայց օրինաստեղծ գործընթացը շահագրգիռ բոլոր կողմերին պետք է ընդգրկի: Այդ համատեքստում խրախուսվում է թափանցիկ աշխատանքը, որովհետև օրենքները գրվում են քաղաքացիների համար: Բայց մենք թափանցիկության խնդիր ունենք՝ մեզ հաշվետու չեն»,-«Փաստի» հետ զրույցում ասաց փորձագետը:

Իրավիճակի առաջին պատճառն, ըստ Ս. Սերոբյանի, կադրերի սխալ ընտրությունն է. «Բացի այդ, հանրության լայն շրջանակներից թաքցնում են օրենքներ, որ շեղեն կարևոր դետալներից: Բայց այդ օրենքները ծածուկ անցկացնելուց հետո հանդիպում են ժողովրդի դիմադրությանը ու հարցնում՝ ինչո՞ւ է իշխանության վարկանիշն անկում ապրում: Ազգային ժողովում բամբասանքի մակարդակից վեր չեն բարձրացել, իշխանական խմբակցության 88 պատգամավորներից գրեթե որևէ մեկը հանդես չի եկել լուրջ օրենսդրական նախաձեռնությամբ:

Սա ոչ պրոֆեսիոնալ լինելու օրինակ է: Կարծում եմ՝ մնացել են փողոց փակելու տրամադրության տակ և չեն գիտակցում, որ մտել են պետական ապարատ և երկրի կարևորագույն մարմինն են ղեկավարում: Պետական մարմինների մեջ փոխկապակցված աշխատելաոճ չկա, որովհետև մինչ օրս չեն գիտակցում, որ գոյություն ունեն օրենսդիր, գործադիր և դատական մարմիններ»:

Սիրանուշ Սերոբյանը կարևորում է այն կապը, որը պետք է լինի օրենսդիր, գործադիր իշխանությունների և պետական այլ մարմինների միջև. «Բայց պետական մարմինների միջև կապը խզված է, կա ոչ պրոֆեսիոնալ թիմ, իսկ ավելի փորձառու, տարիքով կադրերի դիտողությունները չեն ընդունվում: Մարդիկ պատահաբար են հայտնվել՝ ուղղակի փողոց են փակել ու այսօր պետական պաշտոն են զբաղեցնում: Սա է խնդիրը, որ նրանք չգիտեն, թե ի՞նչ գործիքակազմ կա, ըստ որի՝ օրենսդիրն ու գործադիրը կարող են միմյանց հետ համագործակցել:

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930