Լրահոս
Օրվա լրահոսը

Ճիշտ ժամանակն էր հարցնելու Ճաղարյանին «գոմեշի գործից» մանրամասներ․ «Հրապարակ»

Հունիս 29,2019 12:57

Մեր հետհեղափոխական կյանքը զարմանք է, իսկ մենք՝ զարմացողներ։ Նման միտք ծագեց երեկ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Էդգար Ճաղարյանի ելույթն ԱԺ-ում լսելիս։ Ճաղարյանը, ում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջադրել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում, եւ ում թեկնածությունը երեկ ԱԺ-ն քննարկում էր, խորհրդարանի ամբիոնից խոսում էր հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու, գնումների ընթացակարգը թափանցիկ դարձնելու մասին։ «Անբարեխիղճ մրցակցության բոլոր դրսեւորումները պիտի բացառենք»,-  ասում էր նա։ Քանի որ օրենքով հուլիսի 30-ին ՏՄՊՊՀ-ն նոր կազմով պետք է ամբողջապես ձեւավորված լինի, եւ խորանալու ժամանակ չկա, պատգամավորները թեկնածուին ձեւական, ստանդարտ հարցեր էին տալիս։ Մինչդեռ սա այն դեպքն է, երբ պետք է զննեին, ինչպես ասում են՝ մանրակրկտորեն։

Բանն այն է, որ մասնագիտությամբ տնտեսագետ, ՍԱՊԾ պետի տեղակալ Ճաղարյանը 2009-2016 թվականներին ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտում պարենային, դեղորայքով եւ բժշկական սարքավորումներով ապահովման բաժնի պետն է եղել։ Ուստի սպասվում էր, որ խորհրդարանականներից մեկի մտքով կանցնի նրան հարցնել «գոմեշի մսի» սկանդալային գործից:

Տավարի մսի փոխարեն բանակին գոմեշի միս մատակարարելու հետ կապված քրեական գործը հարուցվեց 2012 թվականի հունիսին՝ Ճաղարյանի պաշտոնավարման ժամանակ։ Խարդախության համար մեղադրեցին ու  դատեցին Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանին, իսկ ՊՆ պաշտոնյաներից որեւէ մեկին պատասխանատվության չկանչեցին, թեեւ այն ժամանակ էլ, հիմա էլ ոչ ոք չի հավատում, որ առանց ՊՆ-ի իմացության հնարավոր էր նման խոշոր գործարք։ Ըստ դատավճռի՝ պետությանը հասցվել էր 126 միլիոն 936 հազար դրամի (շուրջ 310 հազար դոլար) վնաս։ Այսօր, երբ անցել են տարիներ, ճիշտ ժամանակն էր հարցնելու Ճաղարյանին, որն անմիջապես պատասխանատու էր պարենային մատակարարումների համար, թե ինչպես դա հնարավոր եղավ, եւ, առհասարակ՝ խնդրել նրան, որ մանրամասներ բացահայտի «գոմեշի գործից»։

 

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930