Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլայ Բաղդասարյան․ Կարելի է օրենքով ամրագրել, որ ՍԴ անդամը շարունակում է դատավորի կարգավիճակով․ «Հրապարակ»

Հունիս 29,2019 12:20

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը նամակով դիմել է ՍԴ անդամներին, ԱԺ-ին, ՀՀ նախագահին, կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին՝ ՍԴ-ում ստեղծված ճգնաժամի հետ կապված:

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանից հետաքրքրվեցինք, թե ճգնաժամը հաղթահարելու ինչ ճանապարհներ կան։ «Կամ՝ կարելի է օրենքով ամրագրել, ասել, որ ՍԴ անդամը շարունակում է դատավորի կարգավիճակով։ Կա եւս մի քանի ճանապարհ՝ իրավիճակը լուծելու, բայց ստեղծված իրավիճակում կառավարության ձեռքում է հանգուցալուծումը գտնվում»։ Նիկոլայ Բաղդասարյանը կառավարության կողմից ՍԴ դատավորի թեկնածուներ առաջադրելու ճանապարհի հարցում էլ արտառոց ոչինչ չի տեսնում․ «Եթե կառավարությունը որոշի, որ դատավորի թեկնածու է առաջադրում, ապա կառաջադրի, ԱԺ-ն էլ իր դիրքորոշումը կհայտնի եւ ՍԴ-ն կհամալրի եւս երեք դատավորով, ու այլեւս քվորման խնդիր չի առաջանա, եւ որոշում կկարողանան կայացնել, քանի որ գործող կարգավորումներով որոշում կայացնում են ՍԴ դատավորները, ոչ թե անդամները»։

– Իսկ ի՞նչ կլինի ՍԴ անդամների հետ, չէ՞ որ անցումային դրույթներով ամրագրված է, որ ՍԴ անդամը պետք է պաշտոնավարի, քանի դեռ լիազորությունները չեն ավարտվել։

– Դե, կպաշտոնավարեն որպես անդամներ, էլի։ Անդամի եւ դատավորի խնդիրն առաջացել է անցումային դրույթներում բացի կամ դիտավորության պատճառով, իրավաբանությունն իրավանորմերի պարտադիր կիրառման գործընթաց է, եթե իրավանորմն ասում է, որ մածունը սեւ է, նշանակում է՝ սեւ է։ Որպեսզի դա ուղղել, կա օրենքով նախատեսված գործընթաց։ Այո, անցումային դրույթում գրված է, որ պետք է պաշտոնավարեն՝ համաձայն 2005 թվականի Սահմանադրությամբ նախատեսված ժամկետի, բայց ես դրա հետ էլ համաձայն չեմ, որ հղում է կատարվում ուժը կորցրած՝ 2005-ի սահմանադրությանը։

– Այսինքն, Դուք ասում եք՝ նորմալ է, որ ՍԴ-ում լինի մի իրավիճակ, որ ե՛ւ համապատասխան թվով անդամներ կան, ե՛ւ դատավորներ, ու հավելյալ 3 հոգի աշխատավարձ ստանա եւ այլն։

– Աշխատավարձի հարցն էնքան երկրորդական է, եթե Դուք մտածում եք, որ դա է, ապա ինձ համար էլ կարեւորագույն խնդիրն այն է՝ արդյոք պե՞տք է օրենք ընդունվի, եւ այդ մարդիկ շարունակեն որպես դատավոր, չմնան անդամ։ Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա իրավական նորմերով պետք է կարգավորվի՝ անդամն ինչի համար պիտի մնա, ինչ աշխատավարձ ստանա․ դա տեխնիկական խնդիր է, որը կլուծեն մասնագետները։ Պիտի պարզապես ընդունել, որ խնդիր կա։

– Դուք ասում եք, որ լուրջ խնդիր է իրավաբանության մեջ՝ «անդամը» դատավոր չէ, Ձեր տրամաբանությունից ելնելով՝ Վահե Գրիգորյանն էլ դատավոր չէ, քանի որ ընտրվել է ՍԴ անդամի թափուր պաշտոնում։

– Ոչ, որպես դատավոր է ընտրվել։

– Դատավորի պաշտոնավարման ժամկետը չի սպառվել, սպառվել է ՍԴ անդամի պաշտոնավարման ժամկետը, եւ Վահե Գրիգորյանը լրացրել է այդ թափուր պաշտոնը։

– Այստեղ մեկնաբանության տարբերություն կա։

– Ձեր դեպքում էլ է մեկնաբանության տարբերություն, մի մասն ասում է, որ անդամը նույն դատավորն է, իշխանականներդ պնդում եք՝ ո՛չ, անդամը դատավոր չէ։

– Հա, ու դրա համար եմ ասում, որ էս մեկնաբանությանը կառավարությունը պետք է լուծում տա, ինքն այն մարմինն է, որ պետք է հարցը լուծի։

– Հետեւաբար, պարտադի՞ր է թեկնածու առաջադրել, միգուցե օրենսդրական նորմերով լուծում տրվի հարցին։

– Այո, կա եւս մի քանի ճանապարհ, որոնցից մեկը, օրինակ, կարելի է օրենքով ամրագրել, ասել, որ ՍԴ անդամը շարունակում է դատավորի կարգավիճակով։

 

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930