Լավ է, իհարկե, որ պատկան կառույցներն այդքան հետևողական են պատգամավորի կյանքի դեմ ուղղված սպառնալիք հասցնողի անձը բացահայտելու գործում։ Ավելին, ցանկացած ատելության խոսք ու սպառնալիք պետք է ի սկզբանե լռեցվի, թույլ չտրվի, որ դրանք ծավալվեն ու զանգվածային բնույթ ստանան։ Այս առումով որևէ խնդիր մենք չենք տեսնում, սակայն, երբ արդարադատությունն ընտրովի է կատարվում, երբ բացարձակապես նույն բողոքով քրեական գործի հարուցումը երկու դեպքով մերժվում է, սկսում ես հասկանալ, որ «բոլոր կենդանիները հավասար են, բայց որոշ կենդանիներ ավելի հավասար են»։
Այսպես, 168.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, «Իրավական կրթություն և վերահսկողություն» հ/կ նախագահ Արփինե Հովհաննիսյանը հիշեց, որ երկու անգամ է եղել իր հետ կատարված դեպքը։
«Ընդ որում, առաջին անգամ իմ ու քրոջս հասցեին ու մեր կյանքի դեմ էին սպառնալիքներ հնչեցվում, իսկ երկրորդ դեպքում՝ միայն իմ։ Առաջին դեպքում Ֆեյսբուք սոցիալական ցանցով ու էլեկտրոնային փոստի միջոցով էին այդ սպառնալիքներն ուղղվել, իսկ երկրորդ դեպքում՝ միայն Ֆեյսբուքով։ Ընդ որում, այդ սպառնալիքները հնչեցվել էին ոչ թե հրապարակային կերպով, այլ անձնական նամակագրության միջոցով։ Դիմել եմ Ոստիկանություն։ Խնդիրն ուսումնասիրել են և սպառնալիքը չեն համարել իրական՝ հաշվի առնելով սպառնալիքներ հնչեցնողի անձը և այն հանգամանքը, որ մենք իրար չենք ճանաչում, և երկու դեպքում էլ քրեական գործ չեն հարուցել»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ երկու դեպքում էլ սպառնալիքներ հնչեցնողները ոչ թե ֆեյք օգտատերեր են եղել, այլ ակնհայտ իրական օգտատերեր։
Այսինքն՝ Գայանե Աբրահամյանի դիմումին ընթացք է տրվում և քրեական գործ է հարուցվում ակնհայտ ֆեյք օգտատիրոջը հայտնաբերելու համար, իսկ իրական պրոֆիլներով կյանքին սպառնալիք ներկայացնող կոչեր անող օգտատերերի հետ համապատասխան կառույցները խնդիր չեն տեսնում։
Կարդացեք նաև
Ոստիկանության լրատվական ծառայությունից հարցրինք, թե ինչն է պատճառը, որ նմանատիպ դեպքերից մեկով հարուցվում է քրեական գործ, իսկ մյուսով՝ ոչ։
ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը, ի պատասխան մեր հարցի, ասաց, որ դրանք տարբեր անձանց հաղորդումներով հետաքննությունների արդյունքներով կայացված որոշումներ են, որոնք ստուգվում և հաստատվում են դատախազի կողմից։
«Հետաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա է որոշում կայացվում։ Արփինե Հովհաննիսյանի հաղորդումներով հետաքննությունների արդյունքում որոշում է կայացվել ՀՀ Քր. Դատ. օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով մերժել քր. գործի հարուցումը»,- նշեց նա։
Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն ասում է՝ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե արարքի մեջ հանցակազմ չկա։
Արմինե ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում