Քիմիայի միասնական քննությունները որոշակի դժգոհություններ են առաջացրել դիմորդների, նրանց ծնողների եւ ուսուցիչների շրջանում: Խնդրահարույց է դարձել թեստային առաջադրանքներից համար 69-ը: Դրանում առաջարկվում է հաստատել կամ հերքել պնդումների ճշմարտացիությունն ալյումինի ու երկաթի հատկությունների վերաբերյալ եւ ներկայացվում է 6 պնդում:
Բայց դրանց մի մասի վերաբերյալ, ըստ բողոքողների, հակասական տեղեկատվություն կա քիմիայի եւ կենսաբանության դասագրքերում, հետեւաբար այդպիսի վիճելի հարցերը թեստերում ընդգրկելը ծուղակ է երեխաների համար: Գնահատման եւ թեստավորման կենտրոնն իր հերթին պնդում է, որ նշված առաջադրանքում սխալ չկա, որ հարցաշարը կազմող մասնագետներն առաջնորդվել են քիմիայի դպրոցական ծրագրերով, չափորոշիչներով ու դասագրքերով, իսկ թե կենսաբանության դասագրքում ինչ է գրված կամ թե միջառարկայական կապն ինչպիսին է, դրա պատասխանատուն ԳԹԿ-ն չէ:
ԳԹԿ-ն նաեւ դիմում է քննություն հանձնած դիմորդների ծնողներին. «Մոտ 500 հոգի կամ դիմորդների 55 %-ը նշված հարցերին ճիշտ է պատասխանել: Իսկ թե ինչու են ձեր երեխաները սխալ գրել, թող ձեզ պատասխանեն այդ երեխաների բողոքող ուսուցիչները»:
Վերջին քննությունների արդյունքները
Կարդացեք նաև
Բողոքների տեղիք տված քիմիայի միասնական քննությունների արդյունքները եւս չեն շեղվում այս տարվա համար օրինաչափ դարձած պատկերից, երբ նախորդ տարվա համեմատությամբ փոքր է թե՛ անբավարար եւ թե՛ առավելագույն գնահատական ստացածների քանակը: Այս առարկայի քննությանը մասնակցել է 986 շրջանավարտ-դիմորդ: Միջին միավորը՝ 12.4 է: Դրական 7.5 միավորի շեմը չի հաղթահարել 179 հոգի կամ մասնակիցների 18.2%-ը: 18-20 միավոր հավաքածների թիվը՝ 182 է կամ էլ մասնակիցների 18.5%-ը: Ի դեպ, քիմիայից 20 միավոր է վաստակել միայն մեկ դիմորդ:
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում