Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան․ Կարեն Գրիգորյանը որեւէ առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքների հետ․ «Հայկական ժամանակ»

Հունիս 29,2019 11:15

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի որդուն՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին նոր մեղադրանք է առաջադրվել:

Առաջադրված մեղադրանքում, սակայն, Կարեն Գրիգորյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը:

– Պարոն Մկրտչյան, ի՞նչ դիրքորոշում ունի ձեր պաշտպանյալը առաջադրած մեղադրանքի վերաբերյալ, ընդունո՞ւմ է այն, թե՝ 
ոչ:

– Կարծում եմ, Կարեն Գրիգորյանի մեղադրանքը շարունակությունն է Մանվել Գրիգորյանի եւ նրա ընտանիքի հանդեպ դրսեւորված քաղաքականության: Իհարկե, Կարեն Գրիգորյանն իրեն մեղավոր չի ճանաչում, բայց եւ այնպես այդ մեղսագրվող արարքները բացարձակապես որեւէ կապ եւ առնչություն չունեն պարոն Գրիգորյանի հետ: Խոսքը այնպիսի մի իրավահարաբերությունների մասին է, որոնց մի մասը մինչեւ Կարեն Գրիգորյանի պաշտոնավարելն էլ է եղել, հետո շարունակական է եղել. Կարեն Գրիգորյանը տեղյակ չի եղել դրա մասին: Իսկ մի մասով էլ, որքանով որ ես տեղյակ եմ, կոնկերտ անձինք, ովքեր վնասներ են պատճառել, վնասների մի մասը հատուցել են: Այնպես որ լավ կլիներ, որ պարոն Գրիգորյանի անունը շահարկումների առարկա չդառնար:

– ՀՀ քննչական կոմիտեն նշել է, որ համայնքին պատճառված վնասը նախաքննության ընթացքում մասամբ վերականգնվել է:
Կարեն Գրիգորյանը նույնպե՞ս փոխհատուցել է:

– Վնասի մի մասը փոխհատուցվել է լրիվ ուրիշ անձի կողմից եւ ճիշտ հակառակը՝ Կարեն Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող գույքն է, որ առաջարկվել է փոխհատուցման՝ Գրիգորյանի ընտանիքի անդամներին մեղսագրվող արարքների համար:

– Խոսքը Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության մասի՞ն է:

– Այո, դա գրանցված է Կարեն Գրիգորյանի անունով:

– Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ձեր պաշտպանյալը ցուցում է տվել համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետին, եւ «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի տնօրենին, որպեսզի մի շարք անձինք, այդ թվում անվտանգության աշխատակիցը, վարորդը տարբեր հաստիքների տակ գրանցվեն որպես համայնքապետարանի աշխատողներ: Սա ի՞նչպես եք մեկնաբանում:

– Ցավոք սրտի, նախաքննության փուլում շատ մանրամասներ չեմ կարող բացահայտել, բայց հիմնական եւ գլխավոր դիրքորոշումը հետեւյալն է՝ Կարեն Գրիգորյանը որեւէ առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքների հետ, հատուցումները աձնամբ նրա կողմից չեն կատարվել:

– Ինքը ցուցմունք տվե՞լ է, ասե՞լ է, թե ինչպես են իր վարորդը, անվտանգության աշխատակիցները դարձել
համայնքապետարանի աշխատակիցներ:

– Նախաքննական գաղտնիքով կաշկանդված եմ, որպեսզի հերքողական պատասխաններ տամ:

– Պարոն Մկրտչյան, ձեր պաշտպանյալը տեւական ժամանակ զբաղեցրել է համայնքի ղեկավարի պաշտոնը տեղեկություն չի՞
ունեցել այս ամենի մասին:

– Չեմ կարող պատասխանել:

– Ձեր պաշտպանյալի մասնակցությամբ քննչական գործողություններ կատարվե՞լ են:

– Այո, եղել է, չեմ կարող եւ չեմ ցանկանում մանրամասնել, թե կոնկրետ ինչ քննչական գործողություննր են եղել, համենայնդեպս, դրանց արդյունքում ոչ մի իրեն հարգող իրավաբան չի կարող ասել, որ Կարեն Գրիգորյանի մեղքը հիմնավորվել է:

– Առերեսում եղե՞լ է, հակասություններ եղե՞լ են իր եւ գործով անցնող այլ անձանց ցուցմունքներում:

– Այո, բայց այլ մանրամասներ չեմ կարող ասել:

– Պարոն Մկրտչյան, իսկ քրեական գործի շրջանակում ձեր պաշտպանյալին պատկանող բնակարանում խուզարկություն կատարվե՞լ է:

– Հիմա չեմ կարող ասել դրա մասին:

 

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930