Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կովկասյան տարածաշրջանի այս բարդությունները մեծացնում են տեղում պատերազմի հնարավորությունները․ «Ազգ»

Հունիս 29,2019 11:05

Ադրբեջանը նախապես հայտարարել էր, որ թուրքական զորքերի հետ յոթ միասնական վարժություններ են կատարելու, բայց այդ թիվը հասավ 13-ի՝ սրելով կացությունը: Իր հերթին, Հայաստանը նույնպես մեծացրեց իր ռազմական պատրաստվածությունը, որպեսզի չկրկնվի 2016-ի ապրիլյան հանկարծակի հարձակումը: Առավել մտահոգիչ են Նախիջեւանում թուրքական զորքերի կուտակումները: Մինչ Թուրքիան սիրահետում է Թեհրանին եւ Մոսկվային՝ Սիրիայի հարցի վերաբերյալ, նա նաեւ այլընտրանքային նպատակներ է հետապնդում Կովկասում: Այդ նպատակներից առաջինը եւ անմիջականը ազերի բանակի բարոյականը բարձրացնելն է, ավելի հեռանկարայինը՝ դեպի արեւելք ընդարձակումը իր ազդեցության: Դրա խոսուն վկայությունն են Նախիջեւանում Թուրքիայի ռազմական ուժերի կուտակումները, որը զուգահեռ ընթանում է Ամերիկայի ռազմական կուտակումներին՝ Պարսից ծոցում: Մենք դեռ որեւէ պատճառաբանված բացատրություն չունենք այդ միաժամանակյա կուտակումների վերաբերյալ, ինչը թույլ է տալիս մտածելու, որ Մ. Նահանգները որոշ մարտավարական առաջադրանքներ դեռեւս վստահում է Թուրքիային:

Թուրքիայի դեպի արեւելք ընդարձակվելու ձգտումը ունի պատմական դրդապատճառներ: Թուրքիան չի հրաժարվել Կենտրոնական Ասիայի թյուրքական պետություններին իր ազդեցության տակ պահելու օսմանյան երազանքներից:

1921 թվի Կարսի պայմանագրի բանակցությունների ընթացքում Թուրքիան կարողացել էր 15 մղոն երկարությամբ միջանցք բաց անել դեպի Ադրբեջան, որպեսզի դրանով հասնի նաեւ այլ սահմանամերձ տարածքներ: Մյուս կողմից, Թուրքիան, անկախ ներկայիս Վաշինգտոնի հետ ունեցած իր տարաձայնություններից, դեռեւս ՆԱՏՕ-ի անդամ է, եւ գործում է համապատասխան իր այդ կարգավիճակի:

Ամերիկա-թուրքական հարաբերությունները անցյալում էլ են եղել փոթորկալից, եւ Անկարան յուրացրել է պետք եղած հավասարակշռությունը պահպանելու գործառույթը: Մեր օրերում, երբ գիտակից վերլուծաբանները շնչները պահած հետեւում են Թուրքիային ռուսական S-400 հրթիռներ ձեռք բերելու առթիվ վաշինգտոնյան վերջնագրերին, նախագահ Էրդողանը արդեն իսկ ունի իր այլընտրանքային երկրորդ ծրագիրը (Plan B), որպեսզի կասեցնի վտանգը:

Այն օրվանից, երբ Արեւմուտքը մշակեց եւ իրականացրեց «Արաբական գարուն» ծրագիրը, Թուրքիան, Իսրայելից հետո եղավ գլխավոր օգտվողը: Իր ուժերը կենտրոնացնելով Նախիջեւանում, Էրդողանն այժմ հույսը դնում է Մ. Նահանգների ազգային անվտանգության խորհդատու Ջոն Բոլթոնի եւ պետքարտուղար Մայք Պոմպեոյի ռազմաշունչ հայտարարությունների վրա, որոնք նպատակ են հետապնդում պատերազմ սանձազերծել Իրանի դեմ:

Իրաքում իրականացված «Արաբական գարունից» հետո Թուրքիան հնարավորություն ստացավ իր ուժերը տեղակայելու այդ երկրում, տեղի թուրքմեն փոքրամասնությանը իբր պաշտպանելու քողի տակ, բայց իրականում սահմանափակելու համար Իրաքում Քրդական բանվորական կուսակցության (PKK) գործողությունները: Բարեկամական հարաբերություններ պահպանելով քրդական շրջանային կառավարության հետ, Թուրքիայի կառավարությունը հետեւում է, որ անկախ Քուրդիստան պետությունը չկայանա, եւ չհրահրի Մերձավոր Արեւելքի բոլոր քրդերի ձգտումների իրականացումը: Նաեւ այդ «գարնան» հետեւանքում, Թուրքիան կարողացավ իր զորքերը մտցնել Սիրիա, որտեղ համառորեն ձգտում է իր ձեռքերում պահել որոշ տարածքներ: Եվ վերջապես, դարձյալ այդ «գարնան» հետեւանքում, որն անցավ նաեւ Լիբիայով, Թուրքիան առիթն օգտագործեց համագործակցելու տեղի իսլամիստական պետության զորքերի հետ: Չմոռանանք, որ Սիրիայից եւ Իրաքից բացի, Լիբիան էլ մի ժամանակ գտնվում էր Օսմանյան կայսրության սահմաններում:

Ի տես այս բոլոր զարգացումների, միամտություն կլիներ մտածել, որ Թուրքիան անմեղ, անկողմնակալ մի դիտորդ է պարզապես Թեհրանի սահմանների մոտ:

Հիշենք, որ պատմականորեն, տարածաշրջանում Օսմանյան կայսրության դեմ պայքարող հիմնական երկու ուժերը եղել են Ռուսական եւ Պարսկական կայսրությունները:

Տարածաշրջանային եւ միջազգային այս զարգացումների թոհուբոհում, լուրեր են պտտվում, որ Երեւանի եւ Արցախի միջեւ ծայր առած տարաձայնությունները խորանում են: Որոշ աղբյուրների համաձայն Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի եւ Արցախի նախագահի խորհրսդական Արթուր Աղաբեկյանի հրաժարականները պահանջված են եղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Հաշվի առնելով վերահաս վտանգը պետք է նշել, որ բոլորովին ժամանակը չէ ապակայունացնելու իրավիճակը Արցախում:

Վաշինգտոնը երբեք էլ չի թաքցրել կեղծ էթնիկական խմբավորումների միջեւ Իրանին բաժանելու իր ծրագրերը: Դա անշուշտ կնպաստի Ադրբեջանին եւ իրականություն կդարձնի նրա առաջնորդներից Աբուլֆազ Էլչիբեյի երազանքը: Թուրքիան էլ, իր հերթին, կօգտվի որպես ե՛ւ ՆԱՏՕ-ի գործընկեր, ե՛ւ որպես «օրինական» ժառանգորդը Օսմանյան կայսրության:

Կովկասյան տարածաշրջանի այս բարդությունները մեծացնում են տեղում պատերազմի հնարավորությունները եւ սպառնում դառնալ առավել վտանգավոր, գլոբալ խնդիր, շատ ավելի լուրջ, քան Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը:

 

Երվանդ ԱԶԱՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930