Անցյալ ուրբաթ օրվանից Թբիլիսում ծավալված դեպքերը երկակի կամ բազմակի ընկալման արժանացան Հայաստանում:
Աններելի անտարբերություն եւ մի հատվածով էլ ձախավերություն թույլ տվեց հայրենի իշխանությունը, որը խուսափեց մեր պատմական հարեւանի եւ, մյուս կողմից, ռազմավարական դաշնակցի միջեւ սրված հակամարտության առնչությամբ պաշտոնական հայտարարությամբ հանդես գալուց, չխոսելով տակավին միջնորդական առաքելություն ստանձնելու քաղաքական-դիվանագիտական պարտականության մասին: Ըստ էության մեր կառավարությունը հեռու է նման առաքելություններ ստանձնելու մակարդակից, եւ նման պարագաներում հազիվհազ կարողանում է, իր ներկայացուցիների միջոցով, ԵԽԽՎ-ում, այն էլ մեզ համար դժվարին այս օրերին, «սխալ» կոճակ սեղմել կամ սեփական գլուխը ցավեցնելով քվեարկության ժամանակ բացակայել…
Այնինչ ճիշտը պիտի լիներ այն, որ առնվազն մեր բարի կամքը, խաղաղ համակեցությանը եւ համագործակցությանը մեր նվիրվածությունը շեշտելու նկատառումով զույգ պատվիրակություններ ուղարկած լինեինք Թբիլիսի ու Մոսկվա, գոնե ձեւականորեն:
Փոխարենը, պետք է ընդունել փաստը, մեր իշխանությունները կարողանում են անսպառ եռանդով հասարակությանը զբաղեցնել «բռնոցի-բաց թողեցի-էլի բռնոցի» կոչված սերիալներով, թթու խոսք ասող ազգային հերոսներին պատժելով, աբիժնիկ եւ նախապես գործը ձախողած զինվորականներին պաշտոնի կոչելով, «անցումային» հաշվեհարդարներով, դատարանները, այդ թվումՙ Սահմանադրականը, դրսից թե ներսից գրավելով, ու նմանատիպ տեսարաններ սարքելով: Այսինքն ամեն բանով, բացի իրենց բուն գործից:
Կարդացեք նաև
Իսկ գործը, գործերը, ես չէ որ պիտի ասեմ, ահռելի շատ են, ե՛ւ ներսում, մեր հասողության սահմաններում, ե՛ւ դրսումՙ մեր հասողության սահմաններից հեռու: Մինչդեռ ներսի ամրությամբ դրսի սպառնալիքներից պաշտպանվելու արագ եւ ազդու քայլեր են հարկավոր: Քանզի դրսի պատկերին նայելն անգամ վախազդեցիկ է, մանավանդ երբ գտնվում ես կիզակետում: Ամերիկյան մի քանի ռումբ Իրանի վրա՝ կհրդեհվի ողջ Պարսից ծոցն ու Մերձավոր Արեւելքը, ընդհուպ կփակվի Հարավային մեր դարպասը: Թբիլիսի-Ռուսաստան լարվածության նոր մագլցումը կարող է խնդրո առարկա դարձնել դեպի Վրաստան մեր անցուղիներն ու Լարսի անցակետը: Հայնժամ, շնչահեղձության մատնված մեր երկրին պարտադրված կլինի թուրք-թյուրքական բորենիներին դիմագրավելը: Ճիշտ է, համանման կացություններ դիմագրավել ենք, նորի՛ց կարող ենք, բայց ի՜նչ գնով:
Այս օրերին շատերն են մտածում՝ Աստված է պահում Հայաստանը: Բայց Աստված երբեմն սովորություն ունի հիշեցնելու, որ ինքը մեզ բանականություն է տվել նաեւ:
Ուրեմն գործածենք մեր բանականությունը:
Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում