«Դե եթե որոշում են կայացրել, կալանավորել են, ուրեմն հիմքերը գտել են: Իսկ եթե Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները գտնում են, որ ճիշտ չէ, թող բողոքարկեն». «Առավոտի» զրուցակիցն է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Վարդանյանը:
– Նախօրեին ՍԴ-ն որոշում ընդունեց, որ Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյանի եւ Յուրի Խաչատուրովի դիմումների քննությանը, քանի որ նախկինում այդ գործով նա պաշտպան է եղել: Շահերի բախում կա: Անմիջապես քննարկումներ ծավալվեցին, որ ՍԴ այն անդամները, որոնք իրենց պաշտոնը ստանձնել են Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին, նույնպես չեն կարող մասնակցել այդ դիմումների քննությանը, քանի որ այդ դեպքում էլ է շահերի բախման հարց առաջանում: Ինչպե՞ս եք սրան վերաբերվում: Սա ճգնաժա՞մ է:
– Մեկնաբանելու խնդիր չկա: Դատարանի անդամները պետք է քննարկեն եւ հստակ որոշեն` ո՞վ իրավունք ունի, այդ թվում բարոյապես, այդ նիստին մասնակցելու, ով` չէ:
– Բարոյապե՞ս, թե՞ իրավաբանորեն:
Կարդացեք նաև
– Եվ բարոյապես, եւ իրավաբանորեն. որովհետեւ, ինձ թվում է, կան դատավորներ, որոնց հետ կապված նախկինից խնդիրներ կան, կամ բարոյապես հարմար չէ… բայց, նախ իրավաբանական հստակ որոշում է պետք այդ հարցի վերաբերյալ: Ես կարծում եմ, լուծումն իրավական դաշտում է:
– Դատաիրավական բարեփոխումները, որոնք ակտիվ փուլ մտան Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուց հետո, արժանահավատություն ներշնչո՞ւմ են:
– Անկեղծ ասած` այո: Սկզբնական շրջանում մի քիչ այլ կերպ էի վերաբերվում, բայց այս վերջին քննարկումներից հետո, նաեւ ՍԴ անդամ ընտրելուց հետո, վստահում եմ, հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու:
– Բայց շատ քննադատվեց, այդ թվում նաեւ ձեր կուսակիցների կողմից, որ Վահե Գրիգորյանը ԱԺ ամբիոնից ինքն իրեն ՍԴ նախագահ հռչակեց: Դա Ձեզ համար ընդունելի եւ ընկալելի՞ ճանապարհ է:
– Չեմ կարծում:
– Այդ դեպքում` ի՞նչն է Ձեզ մոտ այդ վստահությունն առաջացրել:
– Նախ, ամենամեծ վստահությունն այն է, որ կա քաղաքական կամք: Ես հավատում եմ, որ կա: Իսկ իմ անցած ճանապարհը եւ փորձը ցույց են տալիս, որ որտեղ կա քաղաքական կամք, այնտեղ ամեն ինչ իրականալի է:
– Նախկինում, երբ դուք նաեւ տարբեր պաշտոններ եք վարել, չկա՞ր այդ կամքը:
– Նախկինում էլ է եղել, բայց հիմա ավելի սուր է դրված այդ հարցը, ավելի հստակ է: Եվ եկեք մի բան չմոռանանք, որ բացի քաղաքական կամքից, որը ես շատ եմ կարեւորում, նաեւ ժողովուրդն է ոտքի կանգնել: Ժողովուրդը կարծես արթնացել է եւ ցանկացած հարցին իր արձագանքը կտա: Դրա համար, գրեթե վստահ եմ, որ դատավորներն էլ այդ բոլորին կհետեւեն:
– Մինչդեռ ՀՀԿ-ականները շարունակում են պնդել, որ դատաիրավական բարեփոխումների անվան տակ, իրականում, Նիկոլ Փաշինյանը փորձում է իր հսկողության տակ վերցնել այդ համակարգը:
– Ժամանակը ցույց կտա: Հիմա կոնկրետ պատասխաններ այդ հարցին չեմ կարող տալ: Բայց չեմ կարծում: Չեմ կարծում, որովհետեւ նորից եմ կրկնում, ժողովուրդն, այսպես ասած, ձեռքը պուլսի վրա պահպանում է եւ ցանկացած գիտակից մարդ, այդ թվում նաեւ դատավորները, պետք է դրանից հետեւություն անեն:
– Ռոբերտ Քոչարյանի կրկին կալանավորմանն ինչպե՞ս եք վերաբերվում: Դրա հիմքերը կայի՞ն: Պաշտպանները պնդում են, որ դա քաղաքական հետապնդում է:
– Դե եթե որոշում են կայացրել, կալանավորել են, ուրեմն հիմքերը գտել են: Իսկ եթե Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները գտնում են, որ ճիշտ չէ, թող բողոքարկեն: Ես իրավագետ չեմ եւ կոնկրետ գնահատականներ չեմ կարող տալ:
– Ռոբերտ Քոչարյանը, երկրորդ անգամ կալանավորման որոշումից հետո հայտարարել էր, որ երկրում ոչ օրենք է գործում, ոչ էլ օրինականություն կա: Ինքն էլ իրեն քաղբանտարկյալ է համարում: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը:
Հարցն անպատասխան մնաց: Վարդան Վարդանյանը ձեռքը թափ տվեց եւ հեռացավ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ