Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավո՞ր է արդյոք քրեականացնել մտածելակերպը

Հունիս 29,2019 10:00

Արդարադատության նախարարությունը կառավարությանը կներկայացնի «քրեական աշխարհին հարելը» քրեականացնող նախագիծը: Նախագծով քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը, քրեական միջավայրում կամավոր ներգրավվելը, այդ ենթամշակույթին հարելն ու տարածելը կքրեականացվի: Պատիժներն էլ բավականին սոլիդ են նախատեսված՝ շարքային «գողականների» համար 6-10 տարի, դրանց «շեֆի» համար՝ 10-15 տարի: Ըստ արդարադատության նախարարի՝ նման օրենքներ գործում են Ռուսաստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում:

Ինձ համար այնքան էլ պարզ չէ, թե ինչ է նշանակում «հարել քրեական աշխարհին»: Գոյություն ունի քրեական օրենսգիրք, որը նախատեսում է կոնկրետ հոդվածներ. քաղաքացին, որը կատարել է այդ հոդվածներով նախատեսված հանցագործություններ, դատվում է: Եթե ես այդ «քրեական» քաղաքացու հետ, ասենք, քավոր-սանիկային հարաբերությունների մեջ եմ, կամ նրա հետ ամեն երեկո գարեջուր եմ խմում, արդյո՞ք դա կնշանակի, որ «հարում եմ քրեական աշխարհին»: Ինձ թվում է՝ ոչ. ես կա՛մ նրա հանցակիցն եմ, կա՛մ ոչ: Երկրորդ դեպքում՝ ում հետ եմ ես հանդիպում, ում եմ մտերիմ համարում, ինչպես եմ իմ ժամանակն անցկացնում՝ դա իմ անձնական գործն է: Ի դեպ, եթե մարդն իրեն «օրենքով գող» է հռչակում եւ իր ընկերների շրջապատում համապատասխան «ծես» է անցկացնում, դա դեռ չի նշանակում, որ նա իսկապես «օրենքով գող» է՝ այն իմաստով, որով այդ եզրն օգտագործվում է խորհրդային եւ ռուսական պրակտիկայում:

Ի՞նչ է նշանակում «քրեական ենթամշակույթ»՝ դաջվածքնե՞րը, «բլատնոյ» երգե՞րը: Բայց հիմա աշխարհում (նաեւ Հայաստանում) հազարավոր մարդիկ «տատու» են անում: «Քրեական ենթամշակույթին» պատկանում են միայն որոշակի՞ տեղերում արված եւ որոշակի՞ բովանդակության դաջվածքները: Այդ դեպքում օրենքով պետք է նախատեսել դաջվածքի թույլատրելի «թեմատիկան» եւ մարմնի համապատասխան մասերը: Ինչ մնում է երգերին, ապա Հայաստանի տաքսիստների կեսը պետք է այդ դեպքում ազատազրկվի, որովհետեւ իրենց մեքենաներում միացնում են «Золотые купола», «Владимирский централ» ու նման այլ երգեր:

Ես կգերադասեի, որ նրանք Մոցարտ լսեին, բայց երգացանկի ընտրությունը նույնպես մարդկանց անձնական գործն է: Իհարկե, այս դեպքում ցանկալի կլինի տաքսիստը ուղեւորին հարցնի՝ արդյոք այդ երգերն ուղեւորի ճաշակով են, բայց դժվար թե այդ հարցը հնարավոր չէ «քրեականացնել»:

Մտածող մարդիկ, բնականաբար, պետք է հակադրվեն քրեական ենթամշակույթին, բարքերին, մտածելակերպին, բայց, ճիշտն ասած, չեմ պատկերացնում, թե ինչ անելիք ունեն այստեղ իրավապահ մարմինները: Մյուս կողմից, իմ համոզմամբ, Հայաստանում խնդիրը ոչ այնքան զուտ քրեական, որքան քրեաօլիգարխիկ, ֆեոդալական մշակույթն է, երբ «թագավոր ախպերը» կամ տեղական իշխանիկն իր «տասովշիկներով» եւ «ախրաննիկներով» բիրտ եւ ամբարտավան ձեւով «հարցեր է լուծում», իսկ նրա «հպատակները» սուսուփուս ընդունում են նման դրվածքը: Չգիտեմ, կարելի՞ է այսօր այդ բարքերը «քրեականացնել»:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Պետությունում հավաքվում է ազգի սերուցքը, ազգի լավագույնները դա ազգի ծնողներն են, իսկ ժողովուրդը՝ իր անչափահաս երեխաներն են եւ ազգի սերուցքի գործը առաջին հերթին իր երեխաների դաստիարակությունն ու ուսուցումը պետք է լինի եւ ոչ թե պատիժը՝ վերջինս պետք է ծայրահեղ դեպքում կիրառվի, այն էլ մեկուսացման ձեւով, երբ տվյալ մարդը վտանգ է ներկայացնում ժողովրդի համար եւ ոչ թե պատիժը որպես դաստիարակչական միջոց օգտագործելը: Անչափահաս երեխայի համար պատասխանատուն առաջին հերթին ծնողներն են, հետո բարեկամները, հարեւաններն ու դպրոցը եւ ոչ թե անչափահասը, մյուս կողմից անչափահասին հասուն մարդու պաշտոն չեն տա՝ հաստատ էշություն ու հանցանք կանի: Կարճ ասած՝ բոլոր բնագավառներում հիվանդությունը ավելի էժան է կանխարգելել եւ չհասցնել բարձիթողի վիճակին, երբ ստիպված կլինենք թանկ ու բարդ ձեւով բուժել:

    • Լևոն says:

      Համաձայն պետության և իրավունքի տեսության՝ պետության կողմից պատիժներ նշանակելը ունի ոչ միայն կանխարգելիչ, այլև դաստիարակչական նպատակ

      • Լավատես says:

        Մենք մեր հաջորդ սերունդների համար պետք է ստեղծենք մեր ազգային Հայ դատը, որտեղ ամենամեծ պատիժը կլինի ազգային կարմիր գծերը հատողներին զրկել հայ կոչվելու իրավունքից:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930