Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության հաշվարկներն ու Ռուսաստանի վերադարձը

Հունիս 29,2019 13:30

ԵԽԽՎ ամառային նստաշրջանը բավականին բուռն եւ հագեցած էր:

Հունիսի 24-28-ը Ստրասբուրգում անցկացվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանը: Այն բավականին հագեցած էր հատկապես Ռուսաստանի հետ կապված քննարկումներով: Վեհաժողովի առաջին օրը` հունիսի 24-ին, քվեարկության դրվեց ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության վերադարձի հարցը: Այնուհետեւ հատկապես ուկրաինական պատվիրակության ջանքերով վեհաժողովի քննարկմանը դրվեց ռուսական պատվիրակության անդամների հավատարմագրերը վիճարկող փաստաթուղթ: Հունիսի 26-ին Վեհաժողովը ձայների 116 «կողմ» եւ 62 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության անդամների հավատարմագրերի հետ կապված փաստաթուղթը՝ վերականգնելով ռուսական պատվիրակության լիազորությունները: Այսպիսով՝ Ռուսաստանը ձայնի լիարժեք իրավունքով վերադարձավ ԵԽԽՎ: Այս քվեարկությունից հետո Ուկրաինայի, Վրաստանի, Սլովակիայի պատվիրակության անդամները լքեցին նիստերի դահլիճը, ուկրաինացիները հայտարարեցին, թե բոյկոտում են ԵԽԽՎ-ն: Սրան հաջորդեց այն, որ Ստրասբուրգում Ուկրաինայի նեկայացուցիչը ետ կանչվեց՝ խորհրդակցության համար:

Ավելի ուշ ետ կանչվեցին նաեւ Ուկրաինայի, Վրաստանի, Սլովակիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի եւ Հոլանդիայի պատվիրակությունները:

Ռուսաստանի օգտին քվեարկությունը շատ փորձագետներ մեկնաբանում են, որ ՌԴ-ի կողմից վճարվող 70 միլիոն եվրո անդամավճարը մեծ դերակատարություն ունեցավ ԵԽԽՎ-ի քվեարկության վրա: «Առավոտը» ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Տաթեւիկ Հայրապետյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ Վեհաժողովը ռուսներին որոշեց վերադարձնել ԵԽԽՎ լիարժեք իրավունքներով, նա պատասխանեց. «Ակնհայտ տեսնում եմ, որ խնդրի վերաբերյալ հնչում են կարծիքներ, եւ չկան պատասխաններ: Իհարկե, համեմատելու չէ հարաբերությունների առումով, բայց նույնիսկ ոմանք նշում են, որ եթե օրինակ հարթակում հայերն ու ադրբեջանցիներն են, ինչո՞ւ ռուսները չպետք է ներկայացված լինեն: Չպետք է մարդկանց ներկայությունը կապել հակամարտությունների եւ խնդիրների հետ: Փորձում էին այդպես ներկայացնել: Ըստ էության փաստը մնում է փաստ, որ ամբողջ օրը խոսվում էր Ռուսաստանի մասին, ու չկար Ռուսաստանը, որ որեւէ կերպ պատասխաներ հնչող կարծիքներին, մեղադրանքներին: Գործընթացն ինքնին անհասկանալի էր: Հնչում են հստակ մեղադրանքներ, հստակ կոչեր, եւ չկան այն մարդիկ, ներկայացուցիչները, որոնց մասին դա հնչում է, եւ գործընթացը դառնում է անարդյունավետ»:

Ըստ Տաթեւիկ Հայրապետյանի, եթե ԵԽ-ն հարթակ է երկխոսության ու քննարկումների համար, ու չկա երկխոսության օբյեկտը, ուրեմն այդ կառույցը դառնում է հակառուսական ընդգծված կառույց. «Սա կարեւոր էր, եւ իսկապես պետք է Ռուսաստանի պատվիրակությունը վերադառնար եւ ներկա գտնվեր հետագա քննարկումներին»:

Նշենք, որ ՌԴ-ն թափուր տեղ ունի ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում, ռուսական պատվիրակությունն առաջադրում է թեկնածություն, սակայն երրորդ քվեարկությունից հետո էլ Ռուսաստանի թեկնածուն չընտրվեց:

Այս նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության վարած քաղաքականությունը շատերը համարեցին այսպես կոչված կոմպլեմենտար: Մասնավորապես քննարկման թեմա դարձավ այն, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը «դեմ» քվեարկեց Ռուսաստանի վերադարձի վերաբերյալ բանաձեւին, սակայն հետո հայտարարեց, թե սխալ է քվեարկել: Մեր հարցին՝ ի վերջո ի՞նչ հաշվարկ էր կատարել հայկական պատվիրակությունը, Տաթեւիկ Հայրապետյանը պատասխանեց. «Ցավում եմ, որ նման կարծիքներ են հնչում, քանի որ ի վերջո հասկանում եմ՝ խնդիրը շատ կարեւոր է եւ լուրջ, բայց կա նաեւ ամեն հարցում մարդկային գործոն: Այստեղ ընդամենը դեր էր խաղացել մարդկային գործոնը՝ սխալմունքը, ու դրա մեջ պետք չէ ոչ մի խարդավանք փնտրել ու տանջվել, փորձել վերլուծություններով ինչ-որ դասավորություններ գտնել: Նաեւ սխալվել են այլ պատվիրակությունների անդամներ, սակայն ԵԽԽՎ քարտուղարությունը նրանց դիմումը չի ընդունել: Մենք ի սկզբանե մեր դիրքորոշման մեջ խնդիրը զուտ հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները չենք դրել, այլ այն հստակ գիտակցումը, որ ըստ էության պետք է Ռուսաստանը ներկա լինի այդ դահլիճում եւ ունենա խոսքի իրավունք: Կամայականորեն նրան զրկել էին այդ խոսքի իրավունքից՝ առանց հստակ ընթացակարգերին հետեւելու, ուղղակի կամայականորեն»:

Տաթեւիկ Հայրապետյանը կարեւորեց նաեւ ԵԽԽՎ-ում մալթացի լրագրող Դաֆնա Կարունա Գալիցիայի սպանության վերաբերյալ աղմկահարույց զեկույցի քննարկումը: Այս առիթով նա ասաց. «Զեկույցն ընդունվեց: Քննարկումների առումով կրկին բուռն էր: Ելույթներից զգացվում էր ոչ միայն ադրբեջանական հետքը, այլեւ իշխող ընտանիքի հետքը: Ադրբեջանցիները որոշեցին կրկին խոսել հակամարտությունից եւ մեզ մեղադրել, որ զեկուցողի հետ կապեր ունենք: Սակայն զեկուցողը ելույթում նշեց, որ ընդհանրապես այս զեկույցը հակամարտության մասին չէ, եւ պետք չէ ամեն ինչ քողարկել դրանով: Իսկ ես նշեցի, որ բավական է՝ ձեր բոլոր հանցագործություններում հայերին մեղադրեք, քանի որ դա արդեն անհեթեթության եւ զավեշտի է հասնում»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

28.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930