Լրահոս
Օրվա լրահոսը

Բժշկուհուն որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկել պատժատեսակը կիրառվել է որպես լրացուցիչ պատիժ

Հունիս 29,2019 13:00

Հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցավ Կոտայքի մարզում կայացված դատական ակտից հետո: Համաներում տարածվեց բժշկուհու գործով, սակայն լրացուցիչ պատիժը մնաց անփոփոխ, քանի որ «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքով էլ օրենսդիրը սահմանել էր. համաներման ակտի կիրառմամբ անձինք չեն ազատվում լրացուցիչ պատժից: Այսինքն, օրենսդիրը կարեւորել է լրացուցիչ պատժի նպատակների իրականացումը եւ սահմանել դրանից ազատելու արգելք նույնիսկ այն դեպքերում, երբ անձինք համաներման ակտի կիրառմամբ ազատվում են քննարկվող պատժից ավելի խիստ համարվող պատժատեսակներից: Բժշկուհին ազատվեց հիմնական պատժից՝ ազատազրկումից, իսկ լրացուցիչ պատիժն այն էր, որ բժշկուհին որոշակի ժամանակով չէր կարող զբաղվել իր մասնագիտական գործունեությամբ:

«Հրազդան» բուժկենտրոնում՝ որպես ընդհանուր թերապեւտիկ բաժանմունքի բժիշկ-մանկաբույժ, Մարինե Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. փետրվարի 3-ի լույս 4-ի գիշերը իր իսկ ցուցումով բուժում ստացած եւ 2015թ. փետրվարի 4-ի առավոտյան հարազատների ուղեկցությամբ բուժկենտրոն տեղափոխված 24.12.2014թ. ծնված Մանե Հարությունյանի՝ ընտանեկան բժիշկ Մելանյա Եղիազարյանի կողմից տրված «հնարավոր բակտերիալ ինֆեկցիա, ինտեստինալ սինդրոմ» ախտորոշմանը չի պահպանել «Երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության ուղեգրման եւ հոսպիտալացման կարգը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 2013թ. հունվարի 22-ի N 90-Ա հրամանի հավելված 1-ի 5-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները, հրաժարվել է երեխային ընդունել ստացիոնար՝ պատճառաբանելով, որ հիվանդանոցը անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած չէ եւ այդպիսով բաց է թողել տվյալ դեպքում անհրաժեշտ բժշկական օգնության եւ սպասարկման հիմնական եւ միակ ճիշտ մոտեցումը՝ հոսպիտալիզացիան. որի դեպքում հնարավոր կլիներ Մ.Հարությունյանին ցուցաբերել բժշկական սարքավորումներով չպայմանավորված առաջնային բուժօգնություն՝ ինֆուզիոն թերապիա, հեղուկների ներարկում, հակաբիոտիկային բուժում, թթվածնաբուժություն, ինչը հնարավորություն կտար ձեռնարկել մահվան հետ պատճառական կապի մեջ գտնվող հիվանդությունների բուժմանն ուղղված համապատասխան գործողությունները եւ կանխել հիվանդության չարորակ, արագ ընթացքի արդյունքում «Արաբկիր» բուժկենտրոն տեղափոխվող հիվանդ երեխային 2015թ. փետրվարի 4-ին անզգուշությամբ պատճառված մահը:

Բժշկուհու նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց՝ ստորագրություն չբացակայելու մասին:

Տուժողի իրավահաջորդը հայտնել էր, որ բժշկուհին նայել է ջերմող երեխայի դեմքին եւ ասել, որ պետք է տեղափոխեն Երեւան. «Նա էլ ասել է, որ եթե անհրաժեշտ է, տեղափոխեն, սակայն իրենց շտապօգնություն չեն տրամադրել, որ երեխային տանեն, իրենք էլ երեխային տեղափոխել են իրենց ավտոմեքենայով եւ ճանապարհի կեսին երեխան վատացել է: Տեգրը խնդրել է ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին օգնություն ցույց տալ իրենց, քանի որ իրենք հնարավորություն չեն ունեցել արագ գնալու հիվանդանոց, այդ ժամանակ իրենց օգնություն են ցույց տվել, սակայն այդ ժամանակ երեխան արդեն մահացած է եղել: Երեխային տարել են հիվանդանոց, միանգամից մտցրել վերակենդանացման բաժին, իսկ մոտ մեկ ժամ անց ասել են, որ նա մահացել է: Հրազդանի հիվանդանոցում առաջին բուժօգնություն չեն ցուցաբերել երեխային: Երբ տվել են ախտորոշումը, ասել են, որ երեխան ունեցել է երկկողմանի սուր թոքաբորբ եւ սրտի արատ, բայց իր առաջին երեխան էլ է ունեցել սրտի արատ եւ ներկայում 5 տարեկան է: Մինչեւ դեպքի օրը երեխայի վիճակը նորմալ է եղել, դեպքից երկու շաբաթ առաջ Մելանյա Եղիազարյանն այցելել է իրենց տուն, երեխային ստուգել, համոզվել, որ ամեն ինչ նորմալ է: Երեւան տեղափոխելու ուղեգիրն իրենց տվել է Մելանյա Եղիազարյանը: Ինքը Մարինե Հակոբյանի դեմ որեւէ գույքային պահանջ չունի, սակայն խնդրում է իր երեխայի մահվան մեջ մեղավորներին ենթարկել օրենքով նախատեսված պատժի»:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016 թվականի նոյեմբերի 14-ի դատավճռով բժշկուհին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման՝ զրկվելով բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից նույնքան ժամանակով:

2018 թվականի ապրիլի 12-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել Մ.Հակոբյանի պաշտպան Տ. Սաֆարյանի վերաքննիչ բողոքը մերժել եւ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնել:

2018 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ վճռաբեկ դատարանն էլ որոշում է կայացրել Մ.Հակոբյանի պաշտպան Տ. Սաֆարյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:

«Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի կիրառմամբ Մ. Հակոբյանը 2018 թվականի հունվարի 10-ին ազատվել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով նշանակված հիմնական պատժից:

Այս տարվա մարտի 14-ին ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը ստացել էր պաշտպան Սաֆարյանի միջնորդությունը: Պաշտպանը խնդրել էր Մ. Հակոբյանին ազատել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով նշանակված լրացուցիչ պատժից:

Մ. Հակոբյանը բնութագրվել է դրականորեն, ընտանիքը բաղկացած է 4 անդամից, որոնցից ոչ ոք չի աշխատում, խնամքին ունի հաշմանդամ երեխա, ինչի հետեւանքով Մ.Հակոբյանը հայտնվել է ծանր կացության մեջ, նշվել էր նաեւ, որ նրա` «Հրազդան» բժշկական կենտրոնում աշխատելու ընթացքում չեն ստացվել բողոքներ եւ դժգոհություններ հիվանդների կամ նրանց հարազատների կողմից:

Դատախազ Ս. Մինասյանն առարկել է ներկայացված միջնորդության դեմ` փաստարկելով, որ ՀՀ օրենսդրությունում բացակայում է նշված պահանջը բավարարելու վերաբերյալ իրավակարգավորում: Խոսքը պաշտպանի կողմից վկայակոչված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի մասին էր:

Դատարանը մերժել էր պաշտպանին. «ՀՀ սահմանադրական դատարանն անդրադառնալով օրինականության սկզբունքին՝ 2016 թվականի հուլիսի 8-ի թիվ ՍԴՈ-1291 որոշմամբ դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «Պետաիշխանական լիազորություններով օժտված յուրաքանչյուր մարմին, յուրաքանչյուր պաշտոնատար անձ պետք է գործի ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում: Հիշյալ սուբյեկտների հանրային-իրավական վարքագծի իրավական հիմք հանդես են գալիս ՀՀ Սահմանադրությունը, ինչպես նաեւ ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերը, ՀՀ օրենքները եւ այլ իրավական ակտերը: Սահմանադրական հիշյալ կարգավորման համատեքստում անդրադառնալով վիճարկվող հոդվածում ամրագրված «օրինական պահանջ» եզրույթի բովանդակային ծավալին` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այն, մասնավորապես, ընդգրկում է փոխկապակցված հետեւյալ բաղադրատարրերը.

ա) պահանջը պետք է ներկայացվի կոնկրետ սուբյեկտի,

բ) իրավասու սուբյեկտի կողմից ներկայացվող պահանջը պետք է ունենա համապատասխան իրավական հիմք, այսինքն` իրավասու սուբյեկտի հանրային-իրավական վարքագիծը պետք է բխի իր լիազորություններից»:

Վկայակոչելով ՀՀ քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի նաեւ 3-րդ կետը, դատարանը արձանագրել էր. «Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կարող է նշանակվել այն դեպքում, երբ դատարանը, ելնելով հանցավորի պաշտոնավարության կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու ժամանակ նրա կատարած հանցագործության բնույթից, հնարավոր չի գտնում պահպանել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու նրա իրավունքը»:

Հետեւաբար, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկել պատժատեսակը դատարանի իրավական գնահատականի համաձայն. «կարող է կիրառվել եւ որպես հիմնական, եւ որպես լրացուցիչ պատիժ: Ընդ որում, քննարկվող պատժատեսակը որպես լրացուցիչ պատիժ օգտագործելիս պահպանում է իր խնդիրները եւ որոշ դեպքերում անձի ուղղման համար ունենում է առավել մեծ նշանակություն, քան հիմնական պատիժը»:

Դատարանը արձանագրել էր. «Լրացուցիչ պատիժը փոփոխելու կամ այն վերացնելու լիազորություն դատարանը չունի եւ օրինականության սկզբունքից ելնելով` չի կարող որոշում կայացնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված լրացուցիչ պատիժը վերացնելու մասին»:

Պաշտպան Ս. Սաֆարյանը պահանջել է բեկանել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով նշանակված լրացուցիչ պատժից ազատելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը մերժելու մասին այս տարվա ապրիլի 26-ի կայացված որոշումը եւ կայացնել միջնորդությունը բավարարելու մասին որոշում:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

28.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930