Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներկայացումը «փակելը» ճիշտ է»

Հունիս 29,2019 12:30

Հարցազրույց երիտասարդ ռեժիսոր Սարգիս Արզումանյանի հետ

– Օրերս «Գոյ» թատրոնում կայացավ ձեր ռեժիսուրայով Ալբեր Քամյուի «Օտարը» ստեղծագործության պրեմիերան: Անցյալ տարի ամռանը «Առավոտը» անդրադարձել էր այս թատրոնում ձեր իրականացրած Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» գործի հոբելյանական մեկամյակին, ինչից հետո այլեւս չենք հանդիպել այս ներկայացմանը: Թեեւ այդ երկը գրվել է ստալինյան ժամանակների համար, բայց այն արդիական է նաեւ այսօր, ներկայացնում է հասարակական կեցության մեջ եղած հարաբերություններն ու դրանց խեղումները: Հստակ երեւում են որոշների արտոնյալ վիճակները, ամբոխավարության ձեւավորումը, լիդերի առանձնացումը եւ այլն: Ինչ վերաբերում է թվացյալ ազատությանը, ապա ամենավերջում այն հասնում է «բեսպրեդելի»: Դուք հայտարարեցիք, որ ցանկություն ունեք այդ ներկայացումը «փակել», ինչը, փաստորեն, արեցիք: Պատճառը ո՞րն է: Կարելի՞ է ենթադրել, որ դուք դեմ եք խաղացանկային թատրոնին:

– Գուցե ենթագիտակցությանս մեջ կա «դեմ» լինելու միտում, բայց այդ ուղղությամբ վերջնական կարծիք հայտնել չեմ կարող: Այնուամենայնիվ, ներկա պահին «դեմ» չեմ, բայց կողմ էլ չեմ դերասանական հիմնական խումբ ունենալուն: Դա սահմանափակում է կոնկրետ ռեժիսորի աշխատանքը: Թատրոնների ղեկավարությունը մշտապես ասում է՝ մեր «ունեցածը» սա է եւ հենց դրանով պետք է բեմադրես:

Մյուս կողմից՝ խաղացանկային թատրոններում ներկայացումն, ասենք, «գնում» է մի տասը տարի, այդ ընթացքում այն «մաշվում» է, դերասանների էնտուզիազմը «կորում» է: Ի վերջո, հանդիսատեսը նույնիսկ գլուխգործոց ներկայացումը որքա՞ն կարող է դիտել:

– Անդրադառնանք «Օտարին»՝ դուք որպես ռեժիսոր բավարարվա՞ծ եք:

– Բավարարված եմ, որ այն բեմից ներկայացավ: Հիշեցնեմ, որ Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոն «Գոյ» թատրոնի հիմնադիրների՝ Արմեն Մազմանյանի, Արթուր Սահակյանի, Սամսոն Ստեփանյանի ցանկությունն էր ի սկզբանե որպես էքսպերիմենտ բեմ բարձրացնել համաշխարհային գրականության նմուշներ:

Ինչ վերաբերում է «Օտարին», պրեմիերայից հետո չնախատեսված քննարկում կայացավ հանդիսատեսի շրջանում: Ոմանք ինչ-որ լուծումների համաձայն չէին, բայց այդպես էլ չէին մանրամասնում, բայց միաժամանակ չէին էլ արտահայտվում, թե ներկայացումը հաջողված չէ:

 

– Իսկ հանդիսատեսի մտքերից հետո դուք ինչ-ինչ հետեւություններ արեցի՞ք:

– Քննարկման թեմա էր հիմնականում հավատքի տեսարանը, որտեղ աթեիստ հերոսին խաչը կոկորդին սեղմելով ստիպում են, որ հավատքի գա: Մի տեսարան էլ կա, որտեղ հերոսը հավատացյալների շարքում գտնվող մի կեղծ աստվածապաշտի վրա թքում է… Հանդիսատեսը հավանաբար մի պահ մոռացել էր, որ ես Ալբեր Քամյուն չեմ, այլ վերջինիս երկի բեմականացման ռեժիսորը:

– Հանդիսատեսի՝ մեզ հասած կարծիքներից, ավելի ճիշտ՝ խոսակցություններից մեկն էլ «ասում» է՝ ինչո՞ւ մի դերասան նույն ներկայացման մեջ պետք է մարմնավորի երկուսից ավելի, ձեր դեպքում, վեց կերպար, այն դեպքում, երբ, օրինակ, խաղացանկային թատրոններում, մասնավորապես՝ ակադեմիականներում, շատ դերասաններ պարզապես գործազուրկ են՝ այն էլ տասնամյակներով:

– Ներկայացման մեջ ընդգրկված 6 դերասաններից Էդգար Անդրեասյանը մարմնավորում է 6 կերպար, Վալենտինա Ջուլհակյանը՝ 2, Էլիզա Մանթաշյանը, Տրդատ Մակարյանը, Կարեն Կարապետյանը եւ Հայկ Կլեկչյանը՝ մեկական: Էդգարի մասով ասեմ, որ, օրինակ, նրա մարմնավորած երեք հերոսները՝ փաստաբանը, քննիչն ու դատավորը նույն դեմքն ունեն, գրիմը չի փոխվում, որովհետեւ այդ երեքն էլ նույն սեւ գործն են անում: Մի խոսքով՝ մեկից ավելի կերպար մարմնավորողները ընդհանուր գծով կապված են միմյանց հետ: Կամ, ասենք, Վալենտինան, որը հանդես է գալիս երկու կերպարով՝ մեկը ազատամիտ կին, որը ուզում է վրեժխնդիր լինել սիրեկանից, մյուսն էլ բանտարկյալն է: Պարզ է, չէ՞, որ եթե վրեժխնդրության ուղի է բռնել, ուշ թե շուտ, կհայտնվի բանտում…

– «Օտարը» միառժամանակ խաղալուց հետո, «Անասնաֆերմայի» օրինակով, մեկ տարի անց կփակե՞ք:

– Այո՛: Մի որոշ ժամանակ կխաղանք, հետո ձեռնամուխ կլինեմ այլ աշխատանքի:

– «Գոյում», ըստ էության, սա ձեր երրորդ բեմադրությունն է: Մազմանյանի արվեստանոցն ավարտելուց հետո, երբ նշանակվեցիք նրա ասիստենտ, ուսանողների մասնակցությամբ բեմադրեցիք «Կոմիտասն այդ օրը» ներկայացումը, ըստ Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմի: Հիանալի մտահղացում էր՝ օգտագործված էր Կոմիտասի ձայնից մինչեւ վավերագրական կադրեր: Ուսանող դերասանները խաղին զուգահեռ Կոմիտաս են երգում: Նշենք բեմանկարիչ ու զգեստների դիզայներ Գարիկ Մանուկյանի, երգերի հեղինակներ Արթուր Մանուկյանի, Սերգո Սարգսյանի, խորեոգրաֆ Արիկ Ասատուրյանի բարձրարվեստ աշխատանքը, առանձնացնենք Զռանի կերպարը մարմնավորող Էդգար Անդրեասյանի խաղը: Գոնե այս տարի՝ Կոմիտասի հոբելյանի առիթով հնարավոր չէ՞ վերականգնել:

-Ամեն կերպ ուզում եք, որ սեփական բեմադրություններս չփակեմ: Չէ, փակելը ճիշտ է:

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ, 

28.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930