Օրերս Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Գեղարվեստական դաստիարակության եւ մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կանչ» եւ «Դեպի լույս» միացյալ երգչախմբի (որը գործում է Երեւանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում) «Արեւաշող ժպիտներ» խորագիրը կրող մենահամերգը՝ նվիրված երեխաների պաշտպանության օրվան, Մեծն Կոմիտասի եւ Թումանյանի 150-ամյակներին: Երգչախմբերին իրենց ելույթներով ողջունեցին Հայաստանի «Հայ արեւ» անսամբլը, նույն ինքը՝ Հանրային ռադիոյի «Արեւիկ» անսամբլը, որը կատարեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանի հեղինակած «Հայաստան» երգը: Վերջինս շատ է հնչել թե Հայաստանում, թե արտերկրում: Իրենց ելույթներով երեխաներին ողջունեցին նաեւ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի մենակատար Էդգար Խաչատրյանը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, պրոֆեսոր, երգչուհի, ջութակահարուհի Անահիտ Գրիգորյանը:
«Համերգը նվիրված էր երեխաների պաշտպանության օրվան, քանի որ մեր Գեղարվեստական դաստիարակության եւ մշակույթի մանկապատանեկան կենտրոնը՝ ի դեմս երկարամյա տնօրեն, ներկայիս գեղարվեստական ղեկավար Սամվել Բալոյանի, հունիսի 1-ին անցկացրեց փողային նվագախմբերի 15-րդ հանրապետական շքերթ-փառատոնը՝ նվիրված Մեծն Կոմիտասի եւ Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին, Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում եւ հարակից բնակավայրերում: Մեր մենահամերգը տեղի ունեցավ հունիսի 8-ին, բայց կարծում եմ՝ երեխաների օրը կարող ենք նշել ամեն օր, ամեն օր պետք է տոն լինի նրանց համար: Համերգային ծրագիրը բազմաժանր էր: Այս տարի հոբելյանական է, քանի որ երեւանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցը 80 տարեկան է: Ապրիլի 29-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում նշեցինք մեծ շուքով: Հունիսի 8-ին նույնպես նշեցինք հարազատ դպրոցի 80-ամյակը»,-ասաց Վարդուհի Խաչատրյանը: Հավելեց, որ հնչել են երգեր Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից, ինչպես նաեւ իր հեղինակած երգերը, Սասուն Պասկեւիչյանի «Մեր լեզուն» երգը, որի խոսքերը գրել է Համո Սահյանը, իսկ երաժշտությունը Սասուն Պասկեւիչյանը: «Մաեստրո Պասկեւիչյանը շատ հիացած էր երեխաների ելույթներից: Համերգին ներկա էր նաեւ Կոնսերվատորիայի դասախոս, ժողովրդական արտիստուհի, քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանը, ներկա էին նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները, Երկրապահ կամավորական միության պատանի երկրապահները, իրենց ղեկավարը եւ այլք»,-ասաց Վարդուհի Խաչատրյանը:
Մոտ մեկ ժամ ու կես տեւած համերգային ծրագիրը, որտեղ երգչախումբը բոլոր երգերը միմիայն կենդանի հնչեղությամբ էր կատարում, մեկ անգամ եւս կոտրեց այն կարծրատիպը, թե հաշմանդամությունը կարող է խանգարել ինչ-որ բանի: Վարդուհի Խաչատրյանը հավելեց, որ տարին շատ հագեցած է համերգային ծրագրերով թե Հայաստանում, թե արտերկրում` Վրաստանի Քոբուլեթի քաղաքի միջազգային փառատոն, հրավեր Իսպանիայից` մասնակցելու Կոմիտասի եւ Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին նվիրված համերգներին:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ,
Կարդացեք նաև
28.06.2019