Լրահոս
Օրվա լրահոսը

Պատում «Թվապատումից»՝ բելգիացի ստեղծագործողն ինչպես է մոր հետ անձնական զրույցը վաճառելով գումար վաստակել, Ինստագրամում լայքեր բերող ծրագիր ստեղծել

Հունիս 28,2019 20:36

Բելգիացի Դրիս Դեպուրտերը մոր հետ անձնական զրույցներն առցանց հարթակում վաճառելով գումար է վաստակել: Մեկ այլ մտահղացմամբ էլ՝ ստեղծագործող Դրիսը հրապարակել է այն մարդկանց լուսանկարները, որոնք գրանցված են աշխատանքային եւ ծանոթությունների կայքերում՝ ի ցույց դնելով, թե ինչպիսին են նրանք աշխատանքային առօրյայում եւ անձնական «տիրույթում»: Մի ծրագիր էլ Դրիս Դեպուրտերը Ինստագրամի օգտատերերի համար է ստեղծել՝ ինչպես կես ժամվա ընթացքում հազարից ավելի լայք հավաքել: Դրիսը թվային աշխարհում ստեղծագործելու բոլոր այս գաղտնիքները բացեց այսօր՝ «Թվապատում» մեդիա կոնֆերանսի ժամանակ: Միջոցառումը երկօրյա է. կշարունակվի նաեւ վաղը՝ հունիսի 29-ին:
Առաջնորդե՞լ լսարանին, թե՞ հետեւել նրան, ինչպե՞ս ներգրավել օգտատերերին, դարձնել նրանց գործընկեր, ի՞նչն է ոգեշնչում ժամանակակից լսարանին, ինչպե՞ս է այսօրվա հասարակությունում ձեւավորվում թվային անհատը, ինչպե՞ս համատեղել ավանդական փորձառությունն ու նոր մոտեցումները՝ ավելի որակյալ մեդիա արտադրանքի ակնկալիքով. կոնֆերանսում բոլոր այս հարցերին պատասխանեցին միջազգային եւ տեղացի բանախոսները: Նրանք ներկայացրին տարբեր ձեւաչափերում եւ հարթակներում իրենց փորձն ու հաջողության բանաձեւը:


«Թվապատում-2019» կոնֆերանսը, որը թվով վեցերորդն է, կազմակերպել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը: Ըստ կազմակերպիչների, այս տարի  «Թվապատումն» ուսումնասիրում է ժամանակակից մարդու թվանշային ԴՆԹ-ն՝ նոր ինքնությունը, հնարավորություններն ու սովորույթները, որոնք հատուկ են թվային աշխարհում եւ հատկապես Հայաստանում ապրող մարդուն։

Լեհ լրագրող Յակուբ Գորնիցկին, որն աշխատում է ինտերակտիվ պատմություններ ստեղծող Outride.rs հարթակում, պատմեց, թե ինչպես է հնարավոր նույն պատմությունը ներկայացնել տարբեր ձեւաչափերով՝ առավել մեծ ներգրավվածության արդյունք ստանալու համար:

Aravot.am-ի հետ զրույցում Յակուբ Գորնիցկին ասաց,որ պատմությունների թեմաներն ընտրում են ըստ արդիականության, թե դրանք որքանով են հետաքրքիր ընթերցողին, եւ, արդյո՞ք հնարավոր է այն «վիզուալ» ներկայացնել:
Ըստ մեր զրուցակցի՝ այդուհանդերձ, իրենց համար կան առաջնային թեմաներ՝ միգրացիա, բնապահպանություն, տեխնոլոգիաներ, որոնց տրվում է նախապատվությունը: Նրա խոսքով, ցանկացած խնդիր կարելի է ներկայացնել թե՛ պարզ գծային պատմողական ձեւով, թե՛ բարդ խաղային ձեւաչափով:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն  Նունե Սարգսյանի խոսքով, լայն իմաստով «Թվապատում» համաժողովը ժամանակակից լրագրության մասին զրույց է:
«Ո՜չ մրցույթը, ո՜չ այս կոնֆերանսը,  ո՜չ մեր կողմից կազմակերպվող դասընթացներն ինքնանպատակ չեն:  Մենք ուզում ենք ինչ-որ կերպ դրական ազդեցություն լինի լրագրողական ամբողջ դաշտի վրա»,-ասում է նա:
Նունե Սարգսյանի համոզմամբ՝ վերջին տարիներին մոտեցումները փոխվել են, եւ նախապատվությունն ավելի շատ թվային պատմություններին է տրվում: Ըստ տիկին Սարգսյանի, սակայն, այդ պատմությունը ստեղծելը մի հարց է, դրա համար առաջխաղացում ապահովելը՝ մեկ այլ. «Այսօրվա թվային աշխարհում ցանկացած պատմություն լսարանին հասցնելը  լուրջ խնդիր է, որովհետեւ, ամեն տեղ հսկայական քանակի ինֆորմացիա է պտտվում, եւ ընտրությունը,  ֆիլտրացիան՝ գտնել այն ինչ-որ դու ուզում ես, դառնում է բավականին մեծ աշխատանք: Եվ միշտ չէ, որ լսարանը եւ անհատը աշխատանքի ժամանակ ունի: Այդ իսկ պատճառով տարածման հետ կապված խնդիրները, հարթակների ընտրությունը, լսարանի հետ ներգրավվածության աստիճանը շատ կարեւոր է՝ ժամանակակից լրագրության զարգացման եւ լրագրության նոր մեթոդների զարգացման համար»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930