Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության քարոզչությունը տարօրինակ ու անհանգստացնող է. Ավետիք Իշխանյան

Հունիս 28,2019 20:38

«Չէի ասի, որ մեզ մոտ կան բազեական պատերազմական քարոզիչներ և խմբեր: Հիմնականում մեծ մասն էլ ուզում է խաղաղություն, և այդ խաղաղության քարոզն ինձ թվում է բավականին արհեստական Հայաստանում»,- «Ատելության խոսքի հաղթահարման ուղիները» համաժողովին հայտարարեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նրա համար խաղաղության քարոզչությունը տարօրինակ ու անհանգստացնող է: Ըստ նրա՝ ատելության խոսքի, անհանդուրժողականության, բռնության կոչերի հետ կապված պայքարը պետք է սկսել քաղաքական վերնախավի օրինակով և կրթությամբ:

Ավետիք Իշխանյանի համար մտահոգիչ են կրոնական և սեռական փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականությունն ու արհամարհանքը. «Հենց նույն երիտասարդների հետ, երբ խոսում ես կրոնական փոքրամասնությունների մասին, ահավոր զայրույթ է առաջանում, իսկ սեռական փոքրամասնությունների մասին խոսելիս՝ արհամարհական ժպիտ: Դա գալիս է և′ ուսուցիչների պահպանողական մտածելակերպից, և′ դասագրքերից»:

Քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանի բնորոշմամբ՝ կրթությունը երկու թեմա ունի. «Եզրույթների ճիշտ տարբերակում. ինչ է ատելությունը, հանդուրժողականությունը և բռնությունը: Ամեն բան, որ վաղը կարող է որակվել որպես ատելության խոսք, մաս է այն գործառույթի, որը կրթության երկրորդ թեման է: Երկրորդ թեման ընտանիքն է: Ատելությունը կա՛մ ատելություն կրողի տգիտության կա՛մ սերմանողի տգիտության արդյունքն է: Տեղեկացված մարդը պաշտպանված է»:

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը հայտարարեց, որ այսօր ոստիկանության կիբերհանցագործությունների բաժնում ավարտել է վկայությունները. «Դրանք կապ ունեին հենց քննարկվող թեմայի հետ՝ սպառնալիքներ, ատելության խոսք և նման բաներ: Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով գուցե ունեցել ենք մեր ազգայնական պաթոսախեղդ հայրենասիրության հարցը մատաղ սերնդի կրթության հարցում, բայց ինձ մի մտքի վրա բռնացրի, որ նախկին իշխանությունները շահագրգռված չէին, թե ինչ է ժողովրդավարությունը, քանի որ ինչքան շատ բան իմանար ժողովուրդը, այնքան շատ կպահանջեր: Մենք մի հայացք էլ պետք է նետենք կրթական ծրագրերին, թեկուզև մեր ազգային նմուշների խորը վերաիմաստավորման խնդիր կա: Հարց է, թե մենք այդ քաղաքականության մեջ, որի դաստիարակության մեջ կրթական հաստատությունների դերը հռչակված է, ինչ ենք մենք ստանում: Ստանում ենք քաղաքացի՝ իրավունքների, ազատությունների մասին բանիմա՞ց, թե՞ ռազմահայրենասիրական նկրտումներով տոգորված մարդ»:

Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ գուցե անհրաժեշտ է հեռուստաեթերի շատ ավելի խիստ մոնիտորինգ անել՝ դատապարտելի երևույթները կանխելու համար: Նրա կարծիքով, այն, ինչ կատարվում է եթերում եւ սոցիալական ցանցերում, խոսքի ազատության հետ ընդհանրապես աղերսներ չունի, ճիշտ հակառակը՝  խոսքի ազատության առջեւ կանգնած խնդիր է:

Խոսելով գրաքննության մասին՝ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց. «Խոսել գրաքննության մասին՝ որպես ինստիտուտ, լուրջ չէ, բայց այն պատասխանատվությունները, որոնք դրվում են օրենքով, պետք է գործեն: Այս առումով մենք լրագրողական միջավայրում ունենք վեճ՝ արդյոք լա՞վ է, որ վերջին տարվա ընթացքում դատարաններում կա զրպարտության և վիրավորանքի հետ կապված 91 գործ՝ նույնքան, ինչքան ունեցել ենք 2010 թվականից ի վեր, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում այնքան, ինչքան նախորդ յոթ-ութ տարիների ընթացքում: Իմ կարծիքով՝ դա լավ է, և վատ կլիներ միայն այն դեպքում, երբ մենք ունենայինք վկայություն, որ դատարանները ոչ համաչափ պատասխանատվություն են ենթադրում: Բայց այստեղ համաչափության հետ կապված ևս մեկ խնդիր կա: Հաշվի առնելով՝ ինչպիսի ռեսուրսներ են ներդրված այդ քաղաքական պայքարի մեջ, նույնիսկ այն տույժերը, որ ֆինանսապես կարող են լինել զրպարտության և վիրավորանքի համար, դրանք փակվելու են այն շրջանակների կողմից, որոնք շահագրգռված են այդ պայքարով լրատվական դաշտում: Ուստի այդ խնդիրը հաղթահարել ավանդական միջոցներով հնարավոր չէ: Կամ նոր մշակույթ պետք է զարգացնել մեր քաղաքական ուժերի մեջ, կամ իշխանությունը այնքան արդյունավետ պետք է լինի, որ իմաստ չի ունենալու այդ կարգի քաղաքական պայքար վարել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930