Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նելլի Դավթյան. Պահանջվում է 9 միլիարդի ֆինանսավորում, որպեսզի առաջնային բնակարանային խնդիր ունեցող փախստականների հարցը լուծվի

Հունիս 28,2019 18:17

Հունիսի 20-ին` Փախստականների համաշխարհային օրը, «Մեդիա կենտրոնում» կազմակերպվել էր քննարկում Հայաստանում փախստականներին առնչվող խնդիրները վեր բարձրացնելու նպատակով, որոնք արդեն երեք տասնամյակ շարունակում են անլուծելի մնալ։ Փախստականների տարբեր խմբերի կարիքներն ու խնդիրները լուծումներ են ստանում ՄԱԿ ՓԳՀ-ի, միջազգային դոնոր հանրության, տարբեր հասարակական կազմակերպությունների ջանքերով, սակայն խնդիրների հիմնական ծանրության բեռը պետության ուսերին է։

«Փախստականությունը մեր փոքրիկ Հայաստանում բազմաշերտ է` Ադրբեջանից ներգաղթածներ, իրաքահայեր, սիրիահայեր…։ Ամենացավոտը, ամենաառաջնահերթը և մարտահրավերներով լի խնդիրը վերաբերվում է Ադրբեջանից ներգաղթած մեր հայրենակիցներին։ 2004 թվականից կառավարությունը իրականացնում էր բնակարանային ծրագիր, բայց 2009 ծրագիրը դադարեցվել է։ Երեք տասնամյակ շարունակ տարբեր գերատեսչություններ, ի դեմս Միգրացիոն ծառայության, փորձել են հարցը լուծել, ցավոք սրտի այսօրվա դրությամբ ունենք այն` ինչ ունենք»,- «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։

Հայաստանն ընդունեց առաջին փախստականներին 1988-1992 թթ.-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով։ Այդ ընթացքում Ադրբեջանից Հայաստան ներգաղթեցին 360 հազար հայ փախստականներ։ Այսօր այդ ընտանիքներից`882-ը սպասում են բնակարանային իրենց հերթին։ Նրանցից 600-ը բնակվում են Երևանում, 200-ը` մարզերում։ Ըստ Նելլի Դավթյանի՝ այս պահին իրականացվում է հաշվառում նրանց թիվը ճշտելու համար, որպեսզի կառավարությանը դիմեն հատուկ բնակարանային ծրագրով։

«Պատկերը ամեն տարի է փոխվում, հաշվի առնելով մահացությունների, ինչպես նաև երկիրը լքելու դեպքերը։ Ի դեպ թվերը չեն թարմացվել 2013 թվականից։ Հստակ թիվ ունենալուց հետո, բնակարանային ծրագիր կներկայացնենք կառավարություն։ Ի դեպ 2019 թվականին, բյուջետային հայտ էինք ներկայացրել 11 ծայրահեղ վատթար կացարաններում բնակվող 69 ընտանիքների համար, սակայն մերժվեցինք։ Ընդհանուր առմամբ պահանջվում է 9 միլիարդի ֆինանսավորում, որպեսզի առաջնային բնակարանային խնդիր ունեցող փախստականների հարցը լուծվի, այս մասշտաբի ծրագրերը մեկ-երկու օրում չեն արվում, մանրամասն վերլուծություններ են պետք»,- ասաց Նելլի Դավթյանը։

Փախստականների հաջորդ մեծ հոսքը 2012-2018թթ.-ին է եղել, երբ այս անգամ սիրիական հակամարտության հետևանքով 22 հազար փախստականներ ներգաղթեցին Հայաստան։ 2016 թվականին քառօրյա պատերազմի հետևանքով ևս 2.000 փախստականներ Արցախի Թալիշ և Մատաղիս գյուղերից տեղահանվեցին Հայաստան։

ՄԱԿ Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակից Տաթևիկ Բադալյանը նշում է, որ գոյություն ունեն խնդիրներ, որոնք տարեցտարի մնում են նույնը, լուծումներ չստանալով։

«Խնդիրները ամենաբազմազան են` լեզվական խոչընդոտներ, մշակութային խոչընդոտներ, աշխատանքի հետ կապված, իրազեկության պակաս ունենք, թե՛ գործատուների, թե՛ փախստականների շրջանում, բայց ամենակարևորը` բնակարանային հարցն է: Այս ամենին փորձում ենք արձագանքել մեր գործող ծրագրերի միջոցով։ Սերտ համագործակցում են ՀՀ կառավարության հետ, մենք առավել քան վստահ ենք, որ այն առաջնահերթությունները, որոնք որ ունեն պատշաճ արձագանք կգտնեն հենց կառավարության ռազմավարության ծրագրում, որովհետև ի վերջո պետությունն է, հիմնական առաջնորդ դերակատարում ունեցող մարմինը», -ասաց Տաթևիկ Բադալյանը։

Բնակարանի կամ կացարանի հարցը Հայաստանում հաստատված փախստականների կարևոր հիմնախնդիրներից է։: Ըստ պաշտոնական տվյալների՝ ՀՀ Սփյուռքի նախարարությանն (նախկին) ու «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող» ՀԿ-ին դիմել է 911 ընտանիք, 3500 անդամով, ժամանակավոր կացարանով կամ վարձի փոխհատուցմամբ ապահովելու խնդրանքով, միևնույն ժամանակ 24 ընտանիք բնակվում է անհատ բարերարների բնակարաններում, իսկ 72 –ը Հայ Կաթողիկե Եկեղեցու հյուրատանը: Միևնույն ժամանակ ՄԱԿ-ը իրականացնում է սոցիալապես խոցելի ընտանիքիների բնակարանների վարձի փոխհատուցման ծրագիր 6 -ամսյա ժամկետով: Ըստ էության սիրիահայերի գերակշիռ մեծամասնությունը բնակվում է վարձով:

«Առաքելություն Հայաստան»-բարեգործական հասարակական կազմակերպությունից Մերի Դավթյանը նշում է, որ դրանք կարճաժամկետ լուծումներ են բնակարանային հարցի ապահովման համար, մինչդեռ երկարաժամկետ լուծումների համար պետական ռազմավարության մեջ փոփոխությունների կարիք կա։

«Թե որքանով են արդյունավետ եղել ծրագրերը, պետք է ասեմ, որ եթե չլինեին ոլորտում աշխատող կազմակերպությունները այդ թվում նաև մենք, միջազգային դոնոր հանրությունը, ի դեմս ՄԱԿ ՓԳՀ-ի և այլն, որոնք դաշտում գործում են, այդ բոլոր ծառայությունները հնարավոր չէր լինի տրամադրել»,- ասաց Մերի Դավթյանը։

Հետազոտող-փորձագետ Արսեն Հակոբյանի դիտարկմամբ էլ փախստականների բոլոր խմբերը բաց փախստական լինելուց, հայ ներգաղթյալներ են դե ֆակտո կամ դե յուրե, և ըստ այդմ էլ կառավարության ռազմավարությունը պետք է թիրախավորված և հեռանկարային լինի։

«Ի վերջո ունենք խոցելի խմբեր, կառավարությունն էլ հայտարարում է, որ հայրենադարձությունը իր համար թիրախային և առաջնային խնդիր է, կառավարության պարտավորությունը պետք է լինի նրանց հեռանկար ապահովելը Հայաստանում։ Ինչո՞ւ բնակարանային, որովհետև ուսումնասիրությունները ցույց են տալիս,որ և՛ ադրբեջանահայերի և՛ սիրիահայերի պարագայում կապվածությունը երկրի հետ կախված է հենց տան գաղափարից»,- ասաց Արսեն Հակոբյանը։

Փախստականների խնդիրների մեջ առանձնացվում են տնտեսական, սոցիալ-մշակութային, առողջապահական ինտեգրման խոչընդոտները, որոնք հաղթահարելու համար իրենց ներդրումն են ունենում դաշտում գործող հասարակական կազմակերպությունները։

«2013 թվականից Հայկական կարմիր խաչը ՄԱԿ ՓԳՀ-ի հետ նախաձեռնեցին տնտեսական ինտերգրմանը ուղղված ընտանեկան ծրագիր, որը թույլ էր տալիս աշխատանքային գործիքների միջոցով օգնել փախստականների ընտանիքներին նոր գործ սկսել, ավելացնելով ընտանիքի եկամուտը։ 1600-ից ավել ընտանիքներ են օգտվել այդ ծրագրից, և հենց այդ ծրագրի գոյությունը ստեղծեց նախապայմաններ, որպեսզի մարդիկ կարողանան նույնիսկ բնակարանային վարձի խնդիրը ինչ-որ ձևով լուծել։ Բայց խնդիրները դեռևս առկա են, դա տնտեսական միջավայրն է, զբաղվածությունը և բնակարանային հարցը»,- ասաց Հայկական Կարմիր Խաչի Բնակչության տեղաշարժի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը։

«Սիրիահայերի միություն» ՀԿ-ի հիմնադիր, սիրիահայ Վանի Նալբանդյանը նշեց, որ սկզբում բոլորի հիմնական խնդիրը աշխատանքն էր, բայց երբ աշխատանքը կարգավորվում է, հաջորդ խնդիրը լինում է բնակարանի ապահովման խնդիրը։

«Ինքս ունեմ երկու բիզնես, և հանդիպել եմ զանազան խոչընդոտների։ Երևի, պետք է հանդիպեինք այդ խոչընդոտներին, որպեսզի հասկանայինք միջավայրը, որովհետև մենք բոլորովին այլ միջավայրում էինք ապրում։ Պետք է մասնակի համակերպվես, որպեսզի առաջ գնաս։ Շատերս գործի մեջ առաջընթաց ունենք, լեզվական խնդիրները հաղթահարել ենք, մնում է պետական մակարդակով աջակցեն, ուշադրություն դարձնեն բնակարանների վրա»,-ասաց Վանի Նալբանդյանը։

Առողջապահական խնդիրների խոչընդոտները մատնանշեց «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ից Մերի Դավթյանը։ Նա նշեց, որ օրենսդրական կարգավորումների տեսանկյունից խնդիրներ չկան, քանի որ փախստականների իրավունքները հավասարեցված են քաղաքացիների իրավունքներին, խնդիրը ապաստան հայցողների դեպքում է։ Նրանք իրավունք ունեն ստանալ անվճար բուժծառայություններ, բայց չեն կարող արտոնյալ պայմաններով անվճար դեղորայք ստանալ։

«Հաճախ բուժհաստատությունների աշխատակազմը իրազեկված չի լինում փախստականների կարգավիճակի մասին՝ ի՞նչ փաստաթղթեր ունեն, ի՞նչ իրավունքներ է ենթադրում այդ կարգավիճակը, և դրանով պայմանավորված՝ խոչընդոտներ են առաջանում բժշկական ծառայություններից օգտվելու հարցում։ Այս խնդիրը լուծելու համար մենք իրազեկման հանդիպումներ ենք իրականացնում այս ոլորտի աշխատակիցների համար։ Հաջորդ խնդիրը կապված է ապաստան հայցողների փաստաթղթի հետ։ Պոլիկլինիկաներում գրանցվելու համար իրենց փաստաթղթով խնդիր է առաջանում։ Հատկապես սուր է դրված փախստականների և ապաստան հայցողների դեղորայքի հարցը, Մենք ՄԱԿ ՓԳՀ-ի հետ փորձում ենք այս դաշտը ծածկել, բայց դա ըստ էության բավարար չէ առկա կարիքի համար»,-ասաց Մերի Դավթյանը։

Անդրադառնալով մշակութային ինտեգրմանը Կազա «Էսպաս» կենտրոնի համակարգող Կարինե Ստեփանյանը նշեց հյուրընկալող համայնքի ինտեգրման խնդիրները, ի տարբերություն փախստականների ինտեգրմանը։

«Գաղտնիք չէ, որ Հայաստանում շատ սովոր չենք այլազգիներ ընդունելու և նրանց հետ ապրելու, և չենք կարող անտեսել այն ազդեցությունը, որն իրականում կարող է ունենալ փախստականների կյանքի որակի վրա։

Ի տարբերություն սիրիահայերի և ադրբեջանահայերի խնդիրների, մի խումբ էլ կա, որ էթնիկ հայեր չեն, նրանց քանակը մեծ չէ, բայց ավելի մեծ խոչընդոտների են բախվում։ Եթե վերցնենք ինտեգրման մի փուլը, երբ մարդիկ պետք է միջին մասնագիտական կրթություն ստանան, ապա մենք չունենք այդ խմբերի լեզվով խոսող մասնագետներ։ Փախստականներ ունենք Կուբայից, Եմենից, Իրանից…. չկան համապատասխան կառույցներ, որոնք կարող են ապահովել տվյալ երկրի լեզվով դասընթացներ։ Մենք իրականացնում ենք հայերենի դասընթացներ հատուկ կացարանում ապրողների համար, բայց մի մեծ խումբ էլ հատուկ կացարանից դուրս է ապրում և դուրս է մնում դասընթացներից»,-ասաց Կարինե Ստեփանյանը։

Վերջին երեք տարիներին Հայաստանը ունեցել է 470-ից ավել ապաստան հայցողներ, որոնցից 121-ը եղել են երեխաներ։ ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի ապաստան հայցող երեխաների պաշտպանության դեպք վարող Կարո Գևորգյանը նշեց, որ եթե մեծահասակների դեպքում հասկանալի է, թե ինչո՞ւ են փոխել իրենց բնակության վայրը տարբեր պատճառներից ելնելով, ապա երեխաների դեպքում այդ տեղափոխությունը ուղեկցվում է մեծ տրավմաներով։

«Օրենսդրությունը շատ լավն է այս առումով, բայց երբ տեղափոխվում ենք կիրառման դաշտ ակնհայտ բախվում ենք խոչընդոտների։ Ստացվում է, որ ապաստան հայցող երեխաները, որոնք վերջին տարիներին եղել են 121-ը, և եթե հաշվի առնենք, որ սիրիահայ փախստականների մեկ երրորդն էլ էին երեխաներ, ապա այս տրավմաների ու գումարած տեղում ադապտացվելու ու հարմարվելու խնդիրները կրող անձինք են։ Մի կողմից տեղահանված են, խոցելի խումբ են, մյուս կողմից երեխաներ են, դարձյալ խոցելի խումբ են։ Այսինքն` երկակի խորը խնդիրներ ունեցող մարդկանց մասին ենք խոսում»,-ասաց Կարո Գևորգյանը։

«Մեդիա կենտրոն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930