Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւիկ Սարիբեկյան. «Բրիտանական խորհուրդը «Ոսկե ծիրանի» հետ աշխատում է ստեղծման օրվանից»

Հունիս 28,2019 16:54

Հուլիսի 7-14-ն անցկացվելիք 16-րդ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին նվիրված ասուլիսում Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը հայտնեց, որ Բրիտանական խորհուրդը փառատոնի հետ աշխատում է ստեղծման օրվանից եւ ուրախ է, որ համագործակցությունը շարունակվում է նոր ղեկավարության օրոք:

Նշվեց, որ «Ոսկե ծիրանի» շրջանակներում հուլիսի 8-ին Բրիտանական խորհրդի աջակցությամբ տեղի կունենա վարպետության դաս, որը կվարի բրիտանացի կինոմասնագետ Էլիզաբեթ Քարլսենը: Վերջինս հանդիսանում է «Քոլեթ» ֆիլմի պրոդյուսերը, որի հայաստանյան պրեմիերան տեղի ունեցավ նախորդ տարի Եվրոպական ֆիլմերի փառատոնի ժամանակ:

Հուլիսի 9-ին էլ Սերգեյ Փարաջանովի թանգարանում Էլիզաբեթ Քարլսենը կհանդիպի ոլորտի մասնագետների հետ և կանցկացնի իր ֆիլմերում կնոջ կերպարի մարմնավորմանն առնչվող զրույց: Երեկոյի ընթացքում Քարլսենին կշնորհվի «Ոսկե ծիրան» հատուկ մրցանակ:

Մանրամասն` տեսանյութում:

ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը խոսեց «Ոսկե ծիրանի» լեհական «մասնաբաժնից»: «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման ֆոնդը, Ադամ Միցկևիչի ինստիտուտի, Լեհական կինոինստիտուտի և Հայաստանում Լեհաստանի հանրապետության դեսպանության հետ համատեղ կիրականացնի «Հայացք: Լեհաստան» ծրագիրը, որի շրջանակներում կանցկացվեն միջոցառումներ թե կինոմասնագետների, թե լայն հանրության համար: Ծրագիրը կընդգրկի 8 ֆիլմի ցուցադրություն, որոնցից 4-ը կլինեն լեհ դասական Վոյցեխ Հասի վերականգնված ֆիլմերը, իսկ ժամանակակից լեհական կինոմատոգրաֆի նմուշներ են: Վոյցեխ Հասի «Հրաժեշտներ» ֆիլմի վերականգնված տարբերակի առաջին ցուցադրությունը տեղի կունենա Հայաստանում:

Լեհական ծրագրի բացումը տեղի կունենա հուլիսի 8-ին «Առողջարան «Ավազե ժամեր» ֆիլմով, որի ցուցադրությանը ներկա կգտնվի նաև ֆիլմի գլխավոր դերակատար և լեգենդար դերասան Յան Նովիցիկին: Ցուցադրություններին զուգահեռ «Մոսկվա» կինոթատրոնում կբացվի նաև Վոյցեխ Հասի ֆիլմերի կինոպաստառների ցուցահանդեսը: Հուլիսի 5-9-ը կինոյի մոնտաժի ինտենսիվ դասընթացներ տեղի կունենան վեց կիոնախագծերի համար, որոնց կվարեն Լոձի համալսարանի դասախոսներ Կաշիա Բոնեցկան ու Պիերտաս Բատրոսը:

Մանրամասն` տեսանյութում:

Ինչ վերաբերվում է Հայաստանում Իտալիայի դեսպանությանը, վերջինիս հետ համագործակցությամբ հարգանքի տուրք է մատուցվելու մեծանուն կինոռեժիսոր Բերնարդո Բերտոլուչիին, ցուցադրվելու է նրա «Երազողները» ֆիլմը: Լիամետրաժ ֆիլմերի ժյուրիում ընդգրկված է կինոքննադատ, Վենետիկի միջազգային կինոփառատոնի ընտրող հանձնաժողովի անդամ Պաոլո Բերտոլինը: Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային ժյուրիում ընդգրկված է իտալացի կինոռեժիսոր Պիպպո Մեզապեսսան:

ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն ասաց, որ «Ոսկե ծիրանը» կարեւոր է Հայաստանի համար, կինոփառատոնը հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս: Նա հատկապես ընդգծեց փառատոնի հիմնադիրներից Հարություն Խաչատրյանի հետ համագործակցությունը:

Մանրամասն` տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930