Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աջակցությամբ՝ ուրբաթ՝ հունիսի 28-ին, տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի երկու ձերբակալված քաղաքացիների հայրենադարձման գործողություն:
ԿԽՄԿ երևանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին «Առավոտին» հայտնեց, որ հայրենադարձման գործողությունը տեղի ունեցավ հայկական Իջևան և ադրբեջանական Ղազախ քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։
Ադրբեջանի քաղաքացին ձերբակալվել էր ս. թ. մարտի 16-ին, իսկ Հայաստանի քաղաքացին՝ 2017 թվականի հունիսի 20-ին:
Մինչ հայրենադարձումը, ըստ Զառա Ամատունու՝ ԿԽՄԿ ներկայացուցիչները ձերբակալման ընթացքում այցելում էին նրանց:
Կարդացեք նաև
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անուններ չի հրապարակում, սակայն ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մարտի 16-ին հաղորդել էր. «ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում, N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախազգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ։ Ստորին վերջույթի հրազենային վիրավորումից հետո նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, հետո տեղափոխվել է բուժհաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նրա մոտ հայտնաբերված փաստաթղթերի համաձայն անձը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի բնակիչ, 1986թ․ ծնված Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովը։ ՀՀ ԱԱԾ քնչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն»:
Ապրիլի 24-ին նրան վիրահատել էին. «Բուժզննման արդյունքում պարզվել է, որ վերջինիս անհրաժեշտ է բժշկական շտապ միջամտություն: Իրականացված բաց եղանակով վիրահատության արդյունքում վերջինիս ստամոքսից հեռացվել է օտար մարմին»:
Հայտնի է նաեւ, որ 2017 թվականի հունիսի 20-ին Ադրբեջանում ձերբակալվել էր Զավեն Կարապետյանը: Ադրբեջանում նրան դիվերսանտ էին հռչակել, սակայն «Առավոտին» հայտնի էր դարձել, որ նա տարիներ առաջ Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանի Աթան գյուղում անասուններն է պահել:
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ