Լրահոս
Օրվա լրահոսը

Ավինյանը «գայթակղեց» վրացիներին. «ՀՀ-ի ԵԱՏՄ անդամակցությունը հնարավորություն է ՀՀ-ի միջոցով դուրս գալ ԵԱՏՄ շուկա»

Հունիս 28,2019 14:57

Այսօր Դիլիջանում մեկնարկել է Հայաստան-Վրաստան գործարար համաժողովը, իսկ երեկ Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը:

Դիլիջանում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ելույթում նշեց՝ Հայաստանն ու Վրաստանը միասին են անցել պատմության տարբեր մարտահրավերների միջով, երկու ժողովուրդներին միավորող քաղաքակրթական ժառանգությունն ահռելի է. «Մեզ համար ընդհանուր է նաեւ այն, որ երկու ժողովուրդները հայտնի են եղել իրենց գործարար տաղանդով: Այսօր կառավարությունների խնդիրն է ստեղծել միջավայր, որը հայ եւ վրացի գործարարների համար կստեղծի հաղթանակ իրավիճակ եւ թույլ կտա համատեղ նախաձեռնություններով հարստացնել մեր ընդհանուր պատմությունը»:

Ավինյանը համոզմունք հայտնեց, որ երկու երկրների տնտեսական համագործակցությունն ունի մեծ ներուժ, եւ կառավարության խնդիրն է նպաստել դրա լիարժեք իրագործմանը. «Եվ այս համաժողովը դրա լավագույն ձեւաչափն է: Համագործակցության լավ հնարավորություն ենք տեսնում էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտներում»:

ՀՀ փոխվարչապետը նշեց՝ զբոսաշրջության ոլորտում էլ հնարավորություններ կան, օրինակ՝ երկու երկրների զբոսաշրջային օպերատորները կարող են համատեղ փաթեթներ մշակել:

Ավինյանը տնտեսական ցուցանիշներ ներկայացրեց, ասաց, որ կառավարությունը բարելավել է գործարար միջավայրը, իսկ նախորդ տարի, հաշվի առնելով քաղաքական բոլոր գործընթացները, Հայաստանում տեղի ունեցավ համախառն ներքին արդյունքի՝ ՀՆԱ-ի 5.2% աճ, այս տարվա առաջին եռամսյակում՝ 7.1%, ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.2%, մայիսին՝ 7.3%:

«Այս աճերը ունեն որակական փոփոխության գործոն, սա իներցիոն աճեր չեն, որոնք եղել են նախկինում: Միաժամանակ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամակցությունը նոր հեռանկարներ է բացում արտասահմանյան ներդրումների համար՝ հնարավորություն ընձեռելով Հայաստանի միջոցով դուրս գալ ԵԱՏՄ շուկա, որն ունի ավելի քան 183 միլիոն սպառող եւ ընդհանուր ՀՆԱ-ն մոտ 1.6 տրիլիոն դոլար է»,-ասաց Ավինյանը:

Ավինյանը նաեւ նշեց, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է կրթական ոլորտի զարգացումը եւ մարդկային ներուժի խթանումը. «Վերջին տարիներին Հայաստանում աճի տեմպեր են գրանցում հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսաբանակային ոլորտներում, որոնք զարգանում են մասնագիտական եւ գիտական հենքի վրա»:

Երեկվա միջկառավարական հանձնաժողովին անդրադառնալով, փոխվարչապետը նշեց՝ քննարկվել են տնտեսական օրակարգը ներառող հարցերի լայն շրջանակ, եւ արդեն նախանշվել են առաջիկա համագործակցության հիմնական ուղղություններն ու անելիքները. «Եվ չնայած որ համաժողովը ենթադրում էր զուտ առեւտրատնտեսական օրակարգ, մենք անդրադարձ կատարեցինք կրթական, առողջապահական եւ հումանիտար այլ ծրագրերին»:

Այսօրվա գործարար համաժողովի մասին էլ Ավինյանն ասաց, որ այն բացահայտելու է երկկողմ տնտեսական համագործակցության նոր հնարավորություններն ու ուղղությունները. «Եվ թող մեր երկու ժողովուրդների միջեւ առկա դարավոր բարեկամությունը լինի ձեր ապագա փոխշահավետ համագործակցության հուսալի երաշխավորը»:

Այս համաժողովին մասնակցում են Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին, երկու կառավարությունների անդամներ եւ հայ եւ վրացի մոտ 200 գործարար:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930