Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյան. Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո նոր իշխանությունը անվտանգության էությունը չի ընկալում զուտ ռազմական համատեքստում

Հունիս 28,2019 14:36

Այսօր Վիեննայում Ավստրիայի Զինված ուժերի Պաշտպանական ազգային ակադեմիայի կողմից կազմակերպված «Վիեննայի Ռազմավարական 4-րդ համաժողովի» շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես եկավ բանախոսությամբ։

Բանախոսությանը հաջորդեց քննարկման և հարց ու պատասխանի փուլ։

Բանախոսության ամբողջական տարբերակը ներկայացնում ենք ստորև։

«Ընդհանրապես, մարդկության պատմությունը՝ ռազմավարությունների հաջողության և ձախողման պատմություններ են։ Ասածիս վառ օրինակ է՝ Լորենս Ֆրիդմանի «Ռազմավարություն» աշխատությունը, որտեղ հեղինակը փորձել է ցույց տալ, թե ինչպես է ռազմավարությունը դարձել մեր կյանքի դոմինանտ մասը։

Այս ակադեմիան և այս կոնֆերանսը ևս ռազմավարական մտածողության արդյունք են, ես կասեի՝ հաջողված ռազմավարության։

Կարծում եմ, որ հաջողված են այն հասարակությունները կամ անհատները, որոնք ունեն ռազմավարական մտածողություն։ Որովհետև միայն այս մտածողության ձևն է թույլ տալիս երևույթներին նայել համապարփակ ու երկարաժամկետ, և կայացնել արդյունավետ որոշումներ։ Ես նաև կարծում եմ, որ ռազմավարական մտածողության ձևում Թուկիդիդեսի, Սուն Ցզինի, Ժոմինինի, Ալֆրեդ Մահանի, Ջուլիան Կորբեթի ժամանակներից շատ բան չի փոխվել։ Այդ ժամանակներից մարդկության սոցիալ֊տնտեսական կյանքում ահռելի մեծ հեղափոխություններ են տեղի ունեցել, սակայն ռազմավարական մտածողության մեխանիզմը գրեթե փոփոխության չի ենթարկվել։

Հետաքրքիր է, որ ռազմական ոլորտի ռազմավարական մտածողությունը կիրառելի է նաև այլ ոլորտներում։

Օրինակ` պատերազմի ռազմավարության վերաբերյալ Կլաուզևիցի մտքերը վաղուց դուրս են եկել նեղ պատերազմական համատեքստից և լայնորեն կիրառվում են նաև ոչ ռազմական ոլորտում՝ ձևավորելով նպատակային տեսլական հետապնդող, կամ այլ կերպ ասած` ձևավորելով ռազմավարական միտք պետության և հասարակության գործունեության ամենատարբեր ոլորտներում, որտեղ չնայած տեխնոլոգիաների արագընթաց զարգացումներին ռազմավարական մտածելակերպը թույլ է տալիս վերլուծելու և հասնելու ցանկացած նպատակի:

Չնայած ռազմավարությունն այսօր ընկալվում է որպես գիտություն, սակայն գործնականում այն բնութագրվում է որպես արվեստ, ինչպես և քաղաքականությունը: Այլ կերպ ասած՝ ռազմավարությունը կամուրջ է ռազմական և քաղաքական նպատակների միջև: Այսինքն, ռազմավարությունը կարող ենք սահմանել որպես նպատակներ. դրանց հասնելու համար անհրաժեշտ միջոցներ և այդ միջոցներն արդյունավետ օգտագործելու ձևերի փոխկապվածության և փոխներազդման համակարգ:

Լայն իմաստով, ռազմավարությունն ընդգրկում է ազգային քաղաքականության դժվարին խնդիրների լուծման ուղիները, որտեղ քաղաքական, տնտեսական, ռազմական, ինչպես նաև բարոյահոգեբանական գործոնները որոշիչ դեր ունեն: Այստեղ թերևս կարևոր է հիշատակել նաև Կլաուզևիցյան հայտնի տրիադան՝ (trinity) Ազգ-Բանակ-Իշխանություն եռանկյունին, որոնց շարունակական և հավասարակշռված կապի կարևորությունը չդիտարկելու դեպքում ցանկացած ռազմավարություն դատապարտված է ձախողման:

Կլաուզևիցի այս տրիադային ես կավելացնեի ևս մեկ կոմպոնենտ` տնտեսությունը։ Այսօր ցանկացած ռազմավարական մտածողություն ունեցող քաղաքական գործիչ պետք է կարողանա համադրել այս չորսը։ Ցանկացած ռազմավարություն դատապարտված է ձախողման, եթե ռազմավարական այդ մտածողությունը հասարակության լայն շերտերը չեն կիսում։ Այսօր ցանկացած ժողովրդավարության համար սա կարևոր գործոն է։

Պետության անվտանգության, արդյունավետ կառավարման և զարգացման գործում նշանակալից կարևորություն ունի ռազմավարական մտածելակերպը, դրա շարունակական զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցների կիրառումը, քանի որ միայն ռազմավարական մտքի զարգացմամբ և ռազմավարության արվեստին հստակ տիրապետմամբ է հնարավոր մշակել և իրագործել պետության զարգացման այնպիսի ծրագիր, որը կապահովի անվտանգությունը և կնպաստի առաջընթացին:

Այսպիսով, ռազմավարությունը հանդես է գալիս որպես մտածելակերպի մեթոդաբանություն, որի նպատակն է վերլուծել և ապակոդավորել իրադարձությունները, դասակարգել առաջնահերթությունները և այնուհետև ընտրել ցանկալի տեսլականին հասնելու լավագույն ուղին, որի առանցքում գտնվում է անհատը, քաղաքացին։

Հաճախ ազգային շահն ինքն իսկ անվտանգությունն է, որի ապահովումն այսօրվա հիբրիդային սպառնալիքների պայմաններում հատկապես դժվարացել է: Ներկայիս տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում անվտանգության մարտահրավերներն ստացել են նոր ձև ու բովանդակություն՝ հանդես գալով տեղեկատվական, հոգեբանական, տնտեսական և այլ տարատեսակ սպառնալիքների տեսքով: Անվտանգության համակարգի վերոնշյալ տարրերի փոխներգործության, ինչպես նաև ազգային և գլոբալ համակարգերի միջև փոխկապվածության ճանաչողությունը ապահովելու համար կարևորվում է քաղաքական ղեկավարության դերը, որի ռազմավարական մտածողությունը պարտավոր է ապահովել անվտանգության ապահովմանն ուղղված քաղաքականություն:

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո նոր իշխանությունը անվտանգության էությունը չի ընկալում զուտ ռազմական համատեքստում: Արդի անվտանգության հասկացությունը դիտարկվում է ընդլայնված համատեքստում, որի ապահովման գործում նշանակալից է Անվտանգության խորհրդի դերը: Այս մարմնի նշանակության առանձնահատկությունը նախևառաջ արտահայտված է նրա կազմով, ինչպես նաև՝ կոլեգիալ հիմունքներով գործունեություն իրականացնելով:

ՀՀ Անվտանգության խորհուրդը, հանդես գալով որպես սահմանադրական մարմին, սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, դրանց վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, այսպիսով հանդես գալով որպես պետության ռազմավարական քաղաքականության մշակող և համակարգող մարմին:

Այս առումով, Անվտանգության խորհրդի համակարգող դերի ներքո մենք նախաձեռնել ենք Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության նոր ռազմավարության նախապատրաստման գործընթացը, որի բաղադրիչներից է անվտանգության ռազմավարական նպատակների և խնդիրների սահմանումը, քանի որ ռազմավարական նպատակներն այն ցանկալի արդյունքն են, որին ձգտում ենք հասնել, իսկ ռազմավարությունը՝ այն մեթոդներն ու ձևերն են, որոնք պետք է կիրառվեն նպատակներին հասնելու համար:

Ազգային անվտանգության ռազմավարության մշակման գործընթացում առանցքային է անվտանգության միջավայրի գնահատումը: Այս առումով Կովկասի աշխարհաքաղաքական դերն իսկապես եզակի է: Շնորհիվ իր աշխարհագրական դիրքի, Կովկասյան տարածաշրջանը մի կամուրջ է, որ կապում է Սև ծովը Կասպից ծովին, համակցում Հյուսիսը և Հարավը, Արևմուտքն ու Արևելքը։ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը դրսևորվում է ոչ միայն աշխարհափիլիսոփայական հարթությունների համատեքստում, այլև քաղաքակրթային համադրության դաշտում: Այդ պատճառով այսօր Կովկասը գերտերությունների շահերի կենտրոնն է և գտնվում է դրանց միջև հարաբերությունների կիզակետում։

Վերոնշյալի համատեքստում հաշվի առնելով մեծ տերությունների բազմակողմանի մրցակցությունը, տարածաշրջանի ուժերի աշխարհաքաղաքականությունը, Հարավային Կովկասի երկրների միջև ուժերի հարաբերակցությունը և բառացիորեն գտնվելով ընթացող «Նոր մեծ խաղ»-ի կենտրոնում և կազմելով դրա մի մասը, սրան գումարած նաև էթնիկական, մշակութային, աշխարհագրական և այլ տարբերություններն ու տարաձայնությունները տարածաշրջանի փոքր ու մեծ երկրների միջև, Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների քաղաքականությունը ձևավորվում է մի կարևոր հասկացության շուրջ, այն է՝ ազգային շահը, որը հաճախ ինքն իսկ անվտանգությունն է: Եվ հենց այս համատեքստում է կարևոր դառնում ռազմավարական մտածողությունը։

Այսօր անվտանգությունը ներառում է քաղաքական, ռազմական, տնտեսական, մշակութային, տեխնոլոգիական կոմպոնենտներ, որոնք գտնվում են փոխազդեցության պայմաններում: Սակայն դրանց փոխկապակցված լինելու փաստը չի վերացնում միջազգային անվտանգության ու խաղաղության դեմ ուղղված մարտահրավերները՝ պայմանավորված այն փաստի հետ, որ պետության անվտանգությունը անմիջականորեն կապված է տարածաշրջանային ենթահամակարգի կայունության հետ, որն էլ իր հերթին՝ ամբողջ միջազգային համակարգի հետ: Այսպիսով, գլոբալիզացիոն (կամ համաշխարհայնացման) գործընթացները զարգացող տեխնոլոգիաների և հաղորդակցության արդիականացման հետ զուգընթաց ձևավորել են անվտանգության նոր, ոչ ավանդական սպառնալիքների հիմք:

Հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում հատուկ կարևորում ենք միջազգային համագործակցությունը: Հայաստանն ունենալով ռազմավարական դաշնակցային կապեր Ռուսաստանի հետ և կազմելով Եվրասիական միության մաս, 2017 թ․ Եվրամիության հետ ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, այդպիսով կապող օղակ հանդիսանալով Արևմուտքի և Արևելքի միջև։ Այս համատեքստում է նաև Հայաստանի ռազմաքաղաքական համագործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում՝ լինելով ՀԱՊԿ-ի անդամ։

Տարբեր ոլորտներում վերջին գիտական առաջընթացները նույնպես ունեն անվտանգության ներգործության հստակ ներուժ: Համացանցը և թվայնացումը նոր հարթություն են ստեղծել անվտանգության և կիբեր պատերազմների ոլորտում: Կիբեր սպառնալիքները ժամանակակից աշխարհի հայելին են, արտացոլելով նրա միջազգայնությունը, բարդությունը և արդիականությունը: Կիբեր ոլորտի զարգացման արդյունքում անվտանգության ապահովման խնդիրը ավելի բարդ, ավելի ընդլայնվածված ու ապակառուցողական է դառնում: Կիբերտարածության անվտանգության ապահովման դժվարությունները կայանում են գործող անձի ցանկացած վայրից գործելու հնարավորության մեջ, ինչը բարդ կիբեր ցանցում մեծացնում է խոցելիությունը՝ առաջացնելով լուրջ հետևանքներ։ Այս համատեքստում հարկ եմ համարում նշել նաև, որ ընթացքի մեջ է գտնվում ՀՀ-ի Կիբերանվտանգության հայեցակարգի նախագծի պատրաստումը, որը մշակվում է նույն տրամաբանությամբ՝ ինչ Ազգային անվտանգության ռազմավարությունը:

Այսպիսով, այսօր անվտանգության ապահովմանն ուղղված ռազմավարական մտածելակերպը չի սահմանափակվում միայն նեղ ռազմական ոլորտով: Ներկա պայմաններում ազգային անվտանգության ապահովումն իրենից ներկայացնում է բավականին բարդ, բազմամակարդակ և բազմաշերտ խնդիր, որը պահանջում է ներպետական և միջազգային մակարդակով մասնագիտական մոտեցում՝ բազմագործոնային և բազմաշերտային այդ համալիր հիմնահարցերի բոլոր կողմերի ճշգրիտ հաշվառմամբ: Եվ պաշտպանական պլանավորման ցանկացած ռազմավարություն կարող է իրականանալ՝ միայն, եթե այն հիմնված է հասարակական կամքի վրա և վայելում է լայն հասարակական շերտերի աջակցությունը:»

Անվտանգության խորհրդի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930