ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանին դուր չեկավ ՏՄՊՊՀ անդամի թափուր պաշտոնի համար վարչապետի կողմից առաջադրված թեկնածու Էդգար Ճաղարյանի դիտարկումն այն մասին, որ ինքը դեմ չէ շուկայում գերիշխող դիրք ունեցողների գոյությանը:
«Գերիշխող դիրք ունեցողը խանգարում է մյուս ընկերություններին, դա օրինաչափություն է»,-թեկնածության հարցի քննարկման ժամանակ ԱԺ նիստում այսօր հայտարարեց Սերգեյ Բագրատյանը: Ապա` դիմեց ՏՄՊՊՀ անդամի թեկնածուներ Էդգար Ճաղարյանին եւ Կարեն Սեդրակյանին միաժամանակ. «Ասում եք՝ ճնշումներ չեն կարող լինել ձեր հանդեպ: Ճնշումներ լինելու են: Կարող են այնպիսի թիվ առաջարկել, որ դուք գայթակղվեք: Պատրա՞ստ եք քաղաքականապես ձեր գաղափարի հետեւից գնալ: Դեռ տարիներ առաջ՝ ՀՀՇ-ի ժամանակ, մի քաղաքապետ ունեինք, որը ՀՀՇ-ի գաղափարակիրն էր, պատահական մարդ չէր, բայց ասում էր՝ ժողովուրդ, ինձ այնպիսի՜ թվերով են կաշառել, որ չեմ կարողացել ուղղակի…մեծ թվերի մասին է խոսքը: Հիմա ես ձեզ ասում եմ, որ դա լինելու է: Դուք հոգեբանորեն պետք է պատրաստ լինեք այդ գայթակղությանը: Ձեզ գուցե չտան, բայց ձեր կնոջը գուցե 500 հազարանոց նվեր տան»:
«Իմ քայլի» պատգամավոր Արփինե Դավոյանին էլ Բագրատյանի ասածները դուր չեկան. «Ես թեկնածուների տեղի լինեի՝ կվիրավորվեի ձեր ասածներից»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև