Քոլեջներում եւ ուսումնարաններում սովորողները շուտով կսկսեն ավելի շատ գործնական գիտելիքներ ու հմտություններ ստանալ, ու թերեւս էլ առիթ չեն ունենա դժգոհելու դրա պակասը տեսական գիտելիքներով փոխհատուցվելու իրողությունից։
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում (ԿԳՄՍՆ) օրեր առաջ հաստատվել է «Աշխատանքի վրա հիմնված ուսուցման» հայեցակարգը, որը ենթադրում է ուսումնական պլանով էապես մեծացնել գործնական պարապմունքների ժամաքանակը՝ դա անելով տեսական առարկաների հաշվին։ Եթե այսօր տեսության մասնաբաժինը 70 տոկոս է եւ միայն 30-ը՝ գործնական պարապմունքներինը, ապա փոփոխությունների արդյունքում գործնական պարապմունքների ժամաքանակը կկազմի 50, 60, 70 տոկոս՝ կախված մասնագիտությունից։ Հայեցակարգը երեք բաղադրիչ է ունենալու՝ կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարների համար՝ գործողությունների ծրագրով։
«Դա մեր առանցքային ուղղություններից մեկն է հանդիսանում։ Ծրագիրը սկսել ենք դեռեւս 2017 թվականին Եվրոպական կրթական հիմնադրամի աջակցությամբ»,– ասաց ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը։
Միջնաժամկետ ծրագրով նախատեսվում է, ինչպես ընդունված է աշխարհի շատ երկրներում, ուսումնական հաստատությունների ներսում ստեղծել փոքր ձեռնարկություններ, որտեղ ուսանողները հնարավորություն կունենան թե՛ արտադրական պրակտիկա անցնել, եւ թե՛ ուսումնական հաստատությանը եկամուտ բերել։ «Մի քանի մասնագիտությունների գծով, ես վստահ եմ, որ դա կարող ենք անել, օրինակ՝ գինեգործություն, ավտոտեխսպասարկում»,– համոզմունք հայտնեց Արտակ Աղբալյանը։
ԱՆՆԱ ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում