Չհամաձայնելով «նախկինների» այն պնդումներին, որ Փաշինյանի վարած տնտեսական քաղաքականության արդյունքում ՀՀ քաղաքացիների սառնարաններում շուտով մկներն իրենց կախելու են, իշխանական ՀԺ-ի խմբագրականի հեղինակը գրում է. «Համաձայնվեք, որ մարդն անասունից տարբերվում է հենց նրանով, որ մարդու համար սեփական կերակրատաշտից (մսուրից, լափամանից) բացի այլ արժեքներ էլ կան, եւ եթե մեկը հայտարարում է, թե ժողովրդի համար ամենակարեւորն ուտելիքն է, դրանով նա անուղղակիորեն ժողովրդին անասունների հետ է համեմատում»։
Լավ, մի՞թե կարելի է բարձր տրամադրության մեջ նման բաներ գրել։ Նախ՝ սույն «մարդակենտրոն» հոդվածի հեղինակին հիշեցնեմ, որ մարդու «կերակրատաշտը» չի կարող մսուրքը կամ լափամանը լինել։ Սա խիստ վիրավորական ձեւակերպում է։ Մյուս կողմից էլ, այդ հեղինակը վիրավորում է կենդանիներին՝ սուտ լուրեր տարածելով այն մասին, որ «անասունի» համար լափամանից բացի այլ «արժեքներ» չկան։ Ըստ երեւույթին, նա անասուններ տեսել է միայն գազանանոցում, այլապես կիմանար, որ այդ նույն անասունները, թեկուզ ռեֆլեքսներով, բայց սրբորեն պահպանում են իրենց տեսակին հատուկ շատ ու շատ «արժեքներ», որոնց մասին մարդն անգամ գաղափար չունի։
Ւ՞նչ մեղքս թաքցնեմ, ես այս օրերին չեմ լսել, որ «նախկիններից» մեկնումեկն ասեր, թե մարդ արարածի համար ամենակարեւորն իր «կերակրատաշտն է»։ Փոխարենը եղել են դեպքեր, երբ «նորերը» պնդել են, որ հայ մարդը, «լոդր» է, աշխատել չի սիրում, սպառողական հոգեբանություն ունի, նա չի կարող աղքատ չլինել, քանի դեռ աղքատությունն իր գլխում չի հաղթահարել։ Ես կառաջարկեի՝ անհասցե «նախկինների» բոստանը քար նետելուց առաջ հանել «ներկաների» աչքի փուշը, որ նրանց խանգարում է տեսնել այն լրջագույն խնդիրները, որոնք իսկապես կարող են կործանել իրենց։ Այդ խնդիրներից մեկն էլ, անշուշտ, մարդկանց սառնարանի պարունակությունն է։ Հաստատ այնպես չէ, որ մարդիկ հեղափոխություն են անում ,լավ կյանքից զզված»։ Լավ կյանքը ենթադրում է բարեկեցություն, ինչի համար պայքարում է յուրաքանչյուր մարդ, որ իրեն պատասխանատու է զգում սեփական ընտանիքի եւ հարազատների առջեւ։ ՀԺ հոդվածից, մինչդեռ, կարելի է ենթադրել, որ մենք, ի դեմս նախորդ տարեվերջյան ինքնապարգեւատրվածների եւ աշխատավարձերը շռայլորեն ինքնաբարձրացրածների, գործ ունենք, շատ ներողություն, կատարյալ «անասունների» հետ, որոնք այդկերպ լուծել են իրենց կերակրատաշտի հարցը միայն՝ որեւէ արժեք չդավանելով, չհետապնդելով եւ չստեղծելով։ Դուք սա՛ եք ասել ձեր հրապարակումով։
ՀԺ-ի խմբագրականում երկար պեղումներից հետո հայտնաբերեցինք մի միտք, որի հետ չհամաձայնել ուղղակի չկարողացանք։ Ահա, գրել են. «Իշխանությունները պարտավոր են ամեն ինչ անել, որպեսզի հասարակության յուրաքանչյուր անդամ հնարավորություն ունենա ոչ միայն արժանապատիվ աշխատանքով «լիքը պահել» իր սառնարանը, այլեւ իրեն լիարժեք մարդ զգա»։ Ինչպես ասում են՝ բռնելու տեղ չեն թողել, բայցեւայնպես, տպավորություն է ստեղծվում, որ այս հրաշալի միտքը ՀՀ նոր իշխանությունների հետ որեւէ աղերս չունի, քանի որ նրանք որեւէ քայլ չեն արել իրենց այդ «սուրբ» պարտականության կատարման ուղղությամբ։
Կարդացեք նաև
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում