Սովորաբար ընդունված է ասել, որ պոզիտիվ լուրերն ու մեկնաբանություններն այնքան էլ պահանջված չեն։ Բայց, այնուամենայնիվ, անհնար է չնկատել երեկ կառավարության նիստում տրված 2 դրական փոփոխությունների մեկնարկը։ Երեկ հայտարարվեց, որ 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը կիրականացվի պետպատվերով, եւ նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից կավելանա 13 հազարով ու կկազմի 68 հազար ՀՀ դրամ։ Սրանք պետք է արձանագրել։
Իհարկե, երկրորդ նախագծի մասով դեռ դժվար է ասել, թե քանի հոգու վրա դա կտարածվի, քանի որ մեր երկրում ընդունված է աշխատավարձը քիչ գրել, բայց իրականում կանխիկով շատ վճարել։ Այսինքն՝ հնարավոր է իրականում շատ մարդու վրա էականորեն չազդի այս նախաձեռնությունը, քանի որ նվազագույն աշխատավարձ ստացող մարդիկ քիչ են մեր երկրում։ Բայց նույնիսկ այդ դեպքում նախաձեռնությունը ողջունելի է, քանի որ նվազագույն աշխատավարձ առաջարկող գործատուները գոնե չեն կարողանա չարաշահել քաղաքացիների իրավունքները։
Իսկ, ահա, մինչեւ 18 տարեկան երեխաների բժշկական օգնությունն ու սպասարկումը անվճար դարձնելն առավել առարկայական քայլ է, ավելի շատ մարդկանց վրա կտարածվի, եւ բյուջեից հատկացված 1.75 մլրդ դրամը հաստատ իզուր ծախս չէ։ Միայն թե մանկական հիվանդանոցները պետք է կարողանան դիմակայել այս փորձությանը։ Ինչո՞ւ. որովհետեւ երբ մի թեթեւ վարակիչ հիվանդությունները գլուխ են բարձրացնում, հիվանդանոցները չեն դիմանում այդ ծանրությանը. երեխաների բուժումը կազմակերպում են միջանցքներում, հրաժարվում են երեխաներին ընդունել՝ պատճառաբանելով, թե ազատ մահճակալներ չունեն:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում