Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչպես է սահմանվել երեք օպերատորների միջև գործող փոխկապակցման վճարը

Հունիս 28,2019 12:17

Aravot.am-ը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից պարզաբանում խնդրեց հունիսի 22-ին Hraparak.am կայքի՝ «Բջջային կապի ոլորտում փոփոխություն կլինի. Ալեն Սիմոնյան» հրապարակման առնչությամբ:

Մասնավորապես խնդրեցինք պարզաբանել նյութում նշված այն հատվածը, որ, ելնելով փոխկապակցման վճարների կարգավորման հարցի քննարկումների արդյունքներից, 2019 թվականի ապրիլի 3-ին հանձնաժողովի, «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան» եւ «Յուքոմ» ընկերությունների միջեւ ի վերջո, ստորագրվել է փոխկապակցման վճարների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, որի հիման վրա հանձնաժողովը 2019 թվականի հունիսի 1-ից հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցերի, ինչպես նաեւ շարժական ու ամրակցված կապի ցանցերի միջեւ կիրառվելիք փոխկապակցման վճարները սահմանել է րոպեի համար 5 դրամ:

Եվ, քանի որ հրապարակման մեջ հիշատակվում է, որ «Յուքոմ» եւ «Բիլայն» ընկերությունները դիմել են ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանին, Aravot.am-ը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից նաեւ խնդրեց պարզաբանել, մասնավորապես՝ ի՞նչ ընթացք են ունեցել բանակցությունները օպերատորների միջեւ եւ ինչպիսին է եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի դիրքորոշումը:

Ի պատասխան մեր հարցմանը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից տեղեկացրին, որ փոխկապակցման վճարների հարցը մշտապես եղել է մի կողմից՝ օպերատորների, մյուս կողմից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարարության ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի օրակարգում դեռեւս 2009 թվականից սկսած, ինչը մրցակցային ոլորտի համար բնական ու օրինաչափ գործընթաց է։

«Նշված հարցի շուրջ կայացել է տասնյակից ավելի հանդիպումներ՝ տարբեր ձեւաչափերով, որոնցից մեկը՝ ԱԺ փոխնախագահ պարոն Ալեն Սիմոնյանի անմիջական մասնակցությամբ։ Փոխկապակցման վճարների՝ ապրիլի 3-ից ուժի մեջ մտած փոփոխությունների վերաբերյալ մասնագիտական քննարկումներ ընթացել են մի քանի փուլով՝ նախարար պարոն Հակոբ Արշակյանի նախաձեռնությամբ ու ՀԾԿՀ սահմանած օրակարգի շրջանակներում՝ ներգրավելով ոլորտի մասնագետների։ Փոխկապակցման վճարների վերջին իջեցման վերաբերյալ որոշումը կայացվել է փոխհամաձայնության պայմաններում, եւ այս գործում իր գործուն մասնակցությունն են ցուցաբերել նախարարը եւ ՀԾԿՀ-ն»,-նշված է ընկերության պատասխանում։

Ըստ ՎիվաՍել-ՄՏՍ-ի.«Մենք միշտ կողմնակից ենք եղել գիտականորեն հիմնավորված եւ չափելի մեթոդաբանության ներդրմանը Հայաստանում, ինչը հնարավորություն կտար ստեղծել առավել կայուն եւ կանխատեսելի բիզնես միջավայր՝ ինչպես օպերատորների եւ իր բաժնետերերի՝ ներդրումային եւ ռազմավարական ծրագրերի ներդրման տեսանկյունից, այնպես էլ պետության համար՝ նմանատիպ փոփոխությունների արդյունքում պետական բյուջե ուղղված հարկային մուտքերի էական կրճատման տեսանկյունից»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930